Ինչո՞ւ հեռացավ հաջողակը. Զիդանի որոշման պատճառներն ու դրա հավանական հետևանքները
Սա շոկային լուր էր ոչ միայն Ռեալի երկրպագուների, այլեւ ֆուտբոլային հասարակության համար: Ինչպե՞ս կարող է 2.5 տարում Չեմպիոնների լիգայի 3 գավաթ նվաճած մարզիչը որոշել ինքնակամ հեռանալ: Նախ, դրա համար լուրջ պատճառներ էին պետք, օրինակ` կոնֆլիկտ ակումբի նախագահի հետ, կամ ֆուտբոլիստների անվստահություն մարզչի նկատմամբ: Բայց այս դեպքում ոչ այն էր, ոչ մյուսը: Զիդանն այն եզակիներից էր, որին սիրում էին բոլորը:
Այս թիմը պետք է շարունակի հաղթել: Բայց կարծում եմ, որ փոփոխությունների ժամանակն է: Ակումբին հարկավոր է նոր շունչ, նոր մեթոդաբանություն:
Հեռանալու գլխավոր պատճառները
Եվ որպես ֆուտբոլիստ, եւ որպես մարզիչ, Զիդանն այն եզակիներից էր, որ որոշեց հեռանալ, երբ կարիերայի պիկում էր: Ֆրանսիացու որոշման պատճառը բնավ մոտիվացիայի պակասը չէր: Բայց այդպես կարող էր լինել, քանի որ նա պատմության առաջին մարզիչն է, որը կարողացավ 3 անգամ անընդմեջ նվաճել ակումբների համար ամենաբաղձալի` Չեմպիոնների լիգայի գավաթը: Դա երազանք է ցանկացած մասնագետի համար:
Զիդանը ճիշտ պահին հասկացավ` 3 գավաթ նվաճելուց հետո նրանից պահանջելու էին նաեւ չորրորդը: ՉԼ հաջորդ խաղարկությունում, հնարավոր է, դա չստացվեր, իսկ այդ ժամանակ հաստատ նրան կհեռացնեին: Պահանջկոտ երկրպագուներին եւ ակումբի խիստ ղեկավարությանը հոըսախաբ չանելու համար, Զիդանը որոշեց հեռանալ ինքնակամ` ճիշտ ժամանակին, հաղթանակած: Զիդանն առաջին մարզիչն է, որին Ռեալի նախագահ Ֆլորենտինո Պերեսն չի հեռացրել:
Չեմպիոնների լիգայում տարած հաղթանակից հետո այս որոշումն անսպասելի էր: Կցանկանայի նրան համոզել փոխել որոշումը, Բայց ես գիտեմ, թե դա ինչ է: Մենք պետք է ընդունենք այդ որոշումը եւ հարգենք այն։ Սա հրաժեշտ չէ։ Մենք շուտով կհանդիպենք։ Եթե նրան անհրաժեշտ է ընդմիջում՝ նա արժանի է դրան:
Երազանքի հետևից
Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց եւ մարզչական կարիերա սկսելուց հետո Զիդանը մեկ առիթով խոստովանել էր` երազում է մի օր գլխավորել Ֆրանսիայի ազգային հավաքականը: Դա եղել է Զիզուի գլխավոր ցանկությունը, նպատակը: Նրա հեռանալուն կարող էր նպաստել նաեւ այս փաստը: Զիդանը հիմա կհանգստանա, իսկ ԱԱ2018-ից հետո կնշանակվի Ֆրանսիայի ընտրանու ղեկին:
Կարդացեք նաև․
- Կոկտեյլ Զիդան… Ոչ միայն ֆուտբոլի լեգենդ
- Զինեդին Զիդանի տաղանդն ու տխրությունը
- Ովքե՞ր են ամենաթանկ ֆուտբոլային գործակալները եւ որքա՞ն են վաստակում
Այլ վարկածներ
Բնականաբար, շշուկները տանում են նաեւ անձնական կոնֆլիկների մասին խոսակցությունների: Մասնավորապես, խոսվում է, որ Զիդանը մի քանի ֆուտբոլիստների հետ լավ հարաբերություններ չունի: Օրինակ` Գարեթ Բեյլը միակ ֆուտբոլիստն է, որը հրաժեշտ չտվեց Զիդանին: Մյուս բոլոր ֆուտբոլիստները սոցիալական ցանցերում հաջողություն են մաղթել մարզչին:
Զիդանը` Ռեալում
Ռեալը գլխավորել է 2016-ի հունվարից: 2.5 տարում ֆրանսիացի մասնագետը նվաճել է 9 տիտղոս. նրա գլխավորությամբ արքայական ակումբը 3 անգամ անդընդմեջ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը, դարձել Իսպանիայի չեմպիոն, երկրի սուպերգավաթակիր, Եվրոպայի կրկնակի սուպերգավաթակիր և 2 անգամ հաղթել աշխարհի ակումբային առաջնությունում։
Ո՞վ կմարզի Ռեալը
Զիդանի հաղթական հրաժեշից հետո քննարկում են Ռեալի գլխավոր մարզչի հավանական թեկնածուներին: Իսպանական Մարկան, մասնավորապես, շրջանառում է Տոտենհեմի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի անունը: Սակայն իսպանացին ուղիղ 1 շաբաթ առաջ մինչև 2023 թվականը երկարաձգել է Տոտենհեմի հետ պայմանագիրը: Որպես տարբերակ դիտարկվում են Արսենալի նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը, Ռեալի երիտասարդական թիմի գլխավոր մարզիչ Գուտի Էռնանդեսը և Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոախհիմ Լյովը:
Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում։