Newmag-ը ներկայացնում է ԱՄՆ պատմության ամենատարեց նախագահի կյանքի պատմությունը՝ «Ջո Բայդեն» (թրեյլեր)

November 6, 2021

50 տարի շարունակ քաղաքական կայուն կարիերայից հետո նա հասավ Սպիտակ տուն։ Միաժամանակ աշխատանքային վերելքն ուղեկցվեց անձնական ծանր ու անդառնալի կորուստներով, հիասթափություններով ու տառապանքով։ Newmag-ը ներկայացնում է ամերիկացի լրագրող Էվան Օզնոսի «Ջո Բայդեն» գիրքը։ Համադրելով լրագրողական ձեռագիրն ու գեղարվեստական ոճը՝ նա ստացել է ԱՄՆ ներկայիս 46-րդ նախագահի իրական դիմանկարը։ Օզնոսը ներկայացնում է Ջո Բայդենի՝ 2020 թվականի ընտրության բնույթն ու նշանակությունը։ Գիրքը հիմնված է հեղինակի ծավալուն հարցազրույցների վրա։ Բարդույթները, դժվարությունները, անկումները հաղթահարելու բայդենյան ուժեղ ու համառ կամքը նրան ուղեկցել է դեռ դպրոցական տարիներից ու դարձել այս գրքի կարևոր ուղերձներից մեկը։

«Ջո Բայդեն» գիրքն արագ ու լիարժեք հնարավորություն է ընթերցողի համար ճանաչել Ջո Բայդենին՝ ԱՄՆ 46-րդ նախագահին։ Էվան Օզնոսն իր գիրքը մշակել է The New Yorker ամսագրում 2011-20 թթ. լույս տեսած հոդվածների հիման վրա։ Իր իսկ հարցազրույցներից բացի, օգտվել է բազմաթիվ հետազոտողների և լրագրողների աշխատանքներից, որոնք վավերագրել են նախագահի կարիերան, անձնական ողբերգություններն ու վերելքները։ Ավելի քան 100 հարցազրույց՝ նախագահներից մինչև սենատորներ, կարծիքներից մինչև վերլուծություններ, մինչև այսօր անհայտ աղբյուրներ, որոնք կարելի է հայտնաբերել գրքում։ Դինամիկ ոճով, լրագրողին բնորոշ ձեռագրով Օզնոսը կարողացել է 200 էջում ներկայացնել Ջո Բայդենի ամբողջական կերպարը։

Գրող-լրագրողը Բայդենին ներկայացնում է իր թերություններով ու վճռականությամբ։ Մահից մազապուրծ լինելուց ավելի քան 30 տարի անց իր քաղաքական կենսագրության վայրիվերումների պատճառով Ջո Բայդենն ամենայն հավանականությամբ պիտի որ այլևս դեպի քաղաքականություն հնարավորություն չունենար։ Բայց հենց այդպես է ձևավորվել նրա ամբողջ կյանքը՝ անհավանական շրջադարձեր, տպավորիչ հաջողություններ ու անմարդկային տանջանքներ։ Ամերիկյան իշխանության ամենաբարձր դիրքերին հասնելու ձգտումը Բայդենի կյանքում ավելի քան 50 տարվա պատմություն ունի։ Երբ նա նոր էր չափահաս դառնում, նրա ընկերուհու, ավելի ուշ՝ առաջին կնոջ՝ Նեյլիա Հանթերի մայրը նրան հարցրել էր մասնագիտական նպատակի մասին. «Նախագահ,–պատասխանել էր Բայդենն ու հավելել,– Միացյալ Նահանգների»։

2020-ին նա քաղաքական մարտերի այնպիսի վետերանի համբավ ուներ, նրան լուրջ չէին վերաբերում՝ անվանում էին հաճելի ծերուկ, սեփական անձի վրա սևեռված բռնակալ։

2020-ին նա քաղաքական մարտերի այնպիսի վետերանի համբավ ուներ, որ հակառակորդների ու նույնիսկ երկրպագուների մի մասը կասկածով էր վերաբերում նրա ևս մեկ ընտրարշավին: Նախագահական պայքարում նրան լուրջ չէին վերաբերում՝ անվանում էին հաճելի ծերուկ, սեփական անձի վրա սևեռված բռնակալ։ Սակայն նա արդեն գիտեր ինչպես արհամարհել մերկապարանոց հայտարարությունները։ Նա կարողացել էր դեռ փոքր տարիքում պայքարել բարդույթների դեմ։ Մանուկ հասակում իր կակազելու մասին Բայդենը պատմում է. «Ես խոսում էի Մորզեի այբուբենի պես՝ կետկետ-կետ-կետ-գիծ-գիծ-գիծ-գիծ։ Դա նման էր անկյունում հիմարաբար կանգնելուն՝ բոլորից առանձին։ Մյուս երեխաներն ինձ նայում էին այնպես, կարծես ապուշ եմ։ Ծիծաղում էին։ Նույնիսկ այսօր լավ հիշում եմ այն օրերի վախը, ամոթն ու խորին ցասումը։ Լատիներեն կարդալն իսկական դժոխք էր։ Ընդամենը երեք շաբաթ լատիներեն անցնելուց հետո ինձ սկսեցին անվանել Կակազող Ջո։ Չէի կարողանում խոսել»։

Այլևս չկակազելու համար որպես գործնական պարապմունք նա սկսեց իրեն շրջապատող աշխարհը հարմարեցնել հեշտ արտաբերվող կարճ բառակապակցություններով։ Բայդենի խոսքը ոչ թե տաղանդի, այլ աշխատանքի արդյունք է՝ ի տարբերություն իրեն ոգևորած և իր շուրջ հայտնված վաշինգտոնյան մեծ հռետորների՝ Դենիել Պատրիկ Մոյնիհենի, Բիլ Քլինթոնի, Օբամայի։ Նյու Յորքից ընտրված կոնգրեսական Սթիվ Սոլարցը մի գիշեր գնաց Սենատ, դահլիճը գրեթե դատարկ էր։ Հետո պատմեց իր տեսածը. «Այնտեղ մի մարդ ամբիոնի մոտ ելույթ էր ունենում կարծես Հռոմի Կոլիզեյում։ Ջո Բայդենն էր, այդ մարդն իր վրա աշխատում էր, ինչպես պրոֆեսիոնալ թենիսիստը»։

Բայդենը Դելավեր նահանգում գտնվող Արչմերի ցերեկային ավագ դպրոցում միջակ, բայց հայտնի ուսանող էր. ուսման վարձը տալու համար դպրոցում բանվորություն էր անում։ Հեշտ չէին նրա սենատոր լինելու տարիները. ապրում էր պետական աշխատավարձով, ԱՄՆ ամենաաղքատ սենատորներից էր։ Փոխնախագահի պաշտոնը թողնելուց հետո 2 տարվա ընթացքում Բայդենն աշխատեց ավելի քան 15 միլիոն դոլար՝ վարձատրվելով ելույթների, դասախոսությունների և գրքի գործարքների համար։

Նոյեմբերի 8-ին Արմենիայի «Բարի լույս» ծրագրի ընթացքում Newmag-ը կներկայացնի «Ջո Բայդեն» գիրքը։

Գրքում անդրադարձ կա նաև նախագահի ամենամեծ ողբերգությանը.1972 թվականի դեկտեմբերի 18-ին Բայդենի կինը՝ Նեյլիան և նրանց մեկամյա դուստրը՝ Էմին, մահացան ավտովթարից։ Բայդենի տղաները՝ Բոն և Հանթերը ստացան ոտքի և գանգի կոտրվածք։ Բայդենն այդ ժամանակ նույնիսկ մտածում էր հրաժեշտ տալ քաղաքականությանը ու զբաղվել որդիների խնամքով։ Տարիների ընթացքում Բայդենը կազմեց դժվարությունները հաղթահարելու սեփական ռազմավարությունը։ Մահճակալի կողքին պահում էր գրիչ ու բլոկնոտ։ Անցած ամեն օրը գնահատում էր 1-10 բալով՝ հետևելով իր առաջընթացին։ Նա հորից սովորել էր հավատալ, որ ճակատագիրը, ի վերջո, յուրաքանչյուր անձի կամ ընտանիքի բաշխում է հավասարակշռած երջանկություն։ Նա սիրում էր ասել. «Որքան բարձր են լեռները, այնքան խորն են կիրճերը»։

Գրքում գրողը կարողացել է նկարագրել Ջո Բայդենի քաղաքական ամբողջ կարիերայի ընթացքը։ Շատերն էին նրան համարում «ավարտված» գործիչ, բայց Բայդենը համոզեց բոլորին՝ «Կյանքի ինչ–որ փուլում ձախողումն անխուսափելի է, սակայն հանձնվելն աններելի է»։ Ակտիվիստից քաղաքական գործիչ, սենատորից նախագահ, երջանիկ ամուսնությունից ողբերգական կորուստներ՝ էջ առ էջ, գլուխ առ գլուխ գրողը ներկայացնում է պառակտված Ամերիկան միավորող առաջնորդին։ Նոյեմբերի 8-ին Արմենիայի «Բարի լույս» ծրագրի ընթացքում Newmag-ը կներկայացնի «Ջո Բայդեն» գիրքը։ Էվան Օզնոսի գիրքը հայերեն թարգմանել է Դավիթ Սարգսյանը, խմբագիրը Գնել Նալբանդյանն է։