Ինչպես Մալեվիչը դարձավ աբստրակտի նորարը, իսկ իր երկրաչափական մի պատկերը՝ արվեստի գլուխգործոց (տեսանյութ)

January 11, 2022

Սև քառակուսի, որը մերժեց հինն ու դարձավ նորի սկիզբը: Քառակուսի, որը դարձավ իսկական մանիֆեստ, 20-րդ դարի գլխավոր ստեղծագործություն: Newmag հրատարակչությունը հայ-ռուսական «Օրակուլ» մատենաշարով ներկայացնում է ռուս ավանգարդիստ, կոնստրուկտիվիստ, սուպրեմատիզմի հիմնադիր Կազիմիր Մալեվիչ գիրքը՝ արվեստը հասկանալու մասին: Մալեվիչի, նրա բացառիկության ու գործերի յուրօրինակության մասին՝ մեր անդրադարձում:

Կազմիր Մալեվիչի հայտնի ինքնանկարում ինքն իրեն պատկերել է վերածննդի դարաշրջանի նկարչի կերպարով։ Դեմքի այնպիսի արտահայտությամբ, ազնվականի այնպիսի հագուստով, որ նայողին թվում է, թե իր առջև կանգնած է ռենեսանսի դարաշրջանի արվեստագետ: Նա համոզված էր՝ ինքնանկարը միշտ այն է, ինչ իր մասին մտածում է նկարիչը. «Ես հավասար եմ նրանց՝ Ջոտտոյին, Մանտենյոյին»։ Եվ իսկապես ճիշտ էր, իրոք նրանց հավասար էր:

Մալեվիչը իր ժամանակի ու ապագայի մարդ էր։ Ծնվել էր Կիևում, Լեհաստանից ներգաղթածների ընտանիքում 1879-ին: 1894-1896 թվականներին սովորել էր Կիևի նկարչական դպրոցում։ Ավելի ուշ՝ չորս անգամ փորձել էր ընդունվել Մոսկվայի արվեստի դպրոց, սակայն ապարդյուն։ Տրետյակովյան թանգարանի ավագ գիտաշխատող Իրինա Վակարի խոսքով, նրա ամբողջ կենսագրությունը միստիկա է. «Պարզվում է, որ նա չի ծնվել այն թվականին, որ միշտ ասել է։ Չի սովորել Մոսկվայի նկարչական դպրոցում, չնայած դիմել է 4 անգամ։ Բացի այդ, նրա աշխատանքների թվագրումներն են սխալ»։

Մալեվիչի հայրը դեմ էր, որ որդին զբաղվի նկարչությամբ։ Նա համարում էր, որ բոլոր նկարիչներն, ի վերջո, բանտ են ընկում և որ կտավի վրա յուղաներկ քսելը նորմալ մարդու գործ չէ։ Հայրն ուզում էր, որ Մալեվիչը շաքարի գործարանում ինժեներ աշխատի։ Այդ տարիներին Մալեվիչը երկաթգծում պաշտոն ստացավ, բայց ազատ ժամանակ նկարում էր։ Շուտով հայրը մահանում է, Մալեվիչն էլ որոշում է թողնել երկաթգծի աշխատանքն ու գնալ Մոսկվա։  Մալեվիչի կենսագիրը՝ Քսենյա Բուկշանը, համոզված է՝ նա չափից դուրս ինքնավստահ մարդ էր, անում էր այն, ինչ ցանկանում էր. «Կարող էր ժպտալ և ձեռքը թափ տալ, ասես ոչինչ չի պատահել»։

                                                                              

 

Մինչև 1915 թվականին Սև քառակուսին նկարելը՝ նա փնտրտուքի մեջ էր, որովհետև չէր գտել այն, ինչ պետք էր։ Կազիմիր Մալեվիչը հին արվեստը կործանեց հենց այն դարաշրջանում, երբ հեղափոխությունը կործանում էր հին կայսրությունը։ Նոր իշխանության համար սկզբում նա լավ նվեր էր, բայց 1930-ականներին նրան ևս սկսեցին հետապնդել։ Գերմանիա այցից հետո  ձերբակալեցին 3 ամսով։ Մալեվիչի կենսագիր Քսենյա Բուկշանը նկատում է. «Նրան ձերբակալեցին առանց հիմնավորման։ Երկրում առաջին փորձնական ձերբակալություններն էին: Բոլորին պարզապես ձերբակալում էին ու հետո միայն փորձում հասկանալ, թե ինչ մեղադրանք կարող են առաջադրել»։

Մալեվիչին այդ երեք ամիսների ընթացքում հավանաբար տանջել էին ու կտտանքների ենթարկել։ Ազատվելուց հետո կազմակերպեց ևս մեկ ցուցահանդես, որտեղ ներկայացրեց իր 4-րդ Սև քառակուսին։ Նրա ստեղծագործական ուղին եզրափակվեց ռեալիզմով։ Մալևիչն արդեն հոգնել էր ստեղծագործական բուռն կյանքից։ Նա մահացավ իր անկողնում, քաղցկեղից, 1935-ին: Նրա թաղումը վերջին զանգվածային պերֆորմանսն էր, որին Մալեվիչը մասնակցեց որպես ֆուտուրիստական էպոպեայի ատրիբուտ:

Կարդացեք նաև