[Նոր գիրք] Կազիմիր Մալեվիչ՝ Սև քառակուսին արվեստի վերածած նորարարը (թրեյլեր)

December 23, 2021

Աբստրակտ նորարարը, որն արվեստ բերեց երկրաչափական պատկերները ու դարձրեց արվեստի անգնահատելի գործեր: Սև քառակուսի, սև գիծ, սև կետ, սև եռանկյունի ու ոչ միայն սև՝ նկարչության համաշխարհային անունը Մալեվիչն է: Նա իր երկրաչափական պատկերներով աշխարհին ներկայացրեց սուպրեմատիզմի այբուբենը և ապացուցեց, որ արվեստն, այնուամենայնիվ, ունի գույն ու ձև: Մալեվիչը համոզված էր՝ աբստրակտը կարող է հասնել նույնիսկ արվեստից հեռու մարդկանց ու գրավել նրանց սրտերը։ Հենց այդ մասին իր հռչակագրերը, մանիֆեստները ու հոդվածները ներկայացրել է «Սև քառակուսին» գրքում, որը հրատարակել է Newmag-ը:

Կազիմիր Մալեվիչը ծնվել է Կիևի ծայրամասում, լեհական ընտանիքում։ Նա 14 երեխաներից առաջինն էր։ Հայրը շաքարի գործարանի կառավարիչ էր, ու տեսնելով հոր տանջանքները՝ պատանի Մալեվիչը որոշեց դառնալ նկարիչ.  «Դա լավ աշխատանք է։ Աշխատավորներին հայհոյելու կարիք չկա, ծանրություն քարշ տալու կարիք էլ չկա, և օդը ներկով է բուրում, այլ ոչ թե առողջության համար շատ վնասակար շաքարափոշով։ Լավ նկարը թանկ արժե, իսկ նկարել այն կարելի է ընդամենը մեկ օրում»։

Որոշեց ու իրագործեց: 1905-ի օգոստոսին Մալեվիչը գալիս է Մոսկվա ընդունվելու Գեղանկարչության, քանդակի ու ճարտարապետության ուսումնարան։ Սակայն նրան չեն ընդունում։ Տուն վերադառնալ չի կամենում և բնակություն է հաստատում Լեֆորտովոյի գեղարվեստական կոմունայում։ Ուսումնարան ընդունվելու հաջորդ 2 փորձերը ևս հաջողությամբ չեն պսակվում: 10 տարի անց արդեն արվեստի աշխարհը խոսում էր Մալեվիչի մասին, ում յուրօրինակ մտքերը նորարար պատկերները դառնալու էին աբստրակտի փայլուն օրինակներ:

Հենց այդ ժամանակ էլ Մալեվիչն առաջարկեց գեղանկարչության նոր ձև՝ սուպրեմատիզմ։ Նա իր կտավներում ցանկանում էր արվեստը դարձնել առանց սահմանների, կանոնների, բայց ունենար միտք ու բովանդակություն՝ մերժելով իրականության պատճենումը։ Ու որպես օրինակ նա արվեստին տվեց իր «Սև քառակուսին», որն անցյալում էր թողնում դասական արվեստը։

                                                                            

Մալեվիչը տասնյակ տեսական աշխատություններ է գրում, այդ թվում նաև «Արվեստում նոր համակարգերի մասին» մենագրությունը։ Newmag-ի հրատարակած «Սև քառակուսի» գրքում Մալեվիչը բացատրում ու հիմնավորում է իր որոշումը, ներկայացնում արվեստի զարգացման մասին իր պատկերացումը։ Այստեղ են հավաքված նրա բոլոր ժամանակների հոդվածները, մանիֆեստները, հռչակագրերը: Մալեվիչն անդրադառնում է արվեստում նոր համակարգերի ստեղծմանը, ներկայացնում նկարչի իրավունքների դեկլարացիան, առաջ քաշում նաև սոցիալական խնդիրներ՝ օրինակ, նկարչի տնտեսական վիճակը:

Մալեվիչը  պնդում էր. «Գեղանկարիչները պետք է դեն նետեն սյուժեն և իրերը, եթե ուզում են մաքուր գեղանկարիչներ լինել»: Մալեվիչին հետևելով՝ գեղարվեստական քննադատ Ալեքսանդր Բենուան գրում է. «Անկասկած, սա էլ հենց այն սրբապատկերն է, որը պարոնայք ֆուտուրիստներն առաջարկում են մադոննաների և անամոթ վեներաների փոխարեն»։

«Սև քառակուսին» գրքի թարգմանությունն իրականացվել է «Միխայիլ Պրոխորովի հիմնադրամի» ռուսական գրականության աջակցությամբ՝ «Օրակուլ» հայ-ռուսական մատենաշարի շրջանակում: Գրքի հեռուստաշնորհանդեսը տեղի կունենա դեկտեմբերի 24-ին, ժամը 10:15-ին, Արմենիա հեռուստաընկերության «Բարի լույս»  հաղորդման շրջանակղում: Հեռուստաշնորհանդեսին կներկայացնենք գրքի բովանդակությունը, կխոսեն գրքի թարգմանիչը, խմբագիրը, արվեստագետները։