[Շնորհանդես]. Բուշից մինչև Բայդեն՝ որտեղից սկսվեցին հայ-ամերիկյան հարաբերությունները և դեպի ուր են շարժվում (տեսանյութ, լուսանկարներ)

February 25, 2022

Newmag Winter Fest-ին տեղի ունեցավ Սուրեն Սարգսյանի «Հայաստանն ու Բուշն անձամբ. հայ-ամերիկյան շփումների գաղտնազերծված մանրամասներ» գրքի շնորհանդեսը: Հեղինակն աշխատությունում ընդգրկել է հայ-ամերիկյան հարաբերությունների պատմության ամենաակտիվ և բուռն զարգացող 1988–1992 թվականները: Աշխատությունում ամփոփված են պետքարտուղարության գաղտնազերծած փաստաթղթերը, որոնք առնչվում են այդ 4 տարիներին: Շնորհանդեսին մասնակցել են ՀՀ արտաքին գործերի 1-ին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը, ԱՄՆ-ում ՀՀ նախկին դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը, գրքի խմբագիր Գնել Նալբանդյանը:

«Հայաստանն ու Բուշն անձամբ» գրքում զետեղված փաստերը լույս են սփռում ՀՀ-ԱՄՆ կապերի հաստատման, առաջին շփումներին՝ բացահայտելով մինչև այժմ անհայտ մանրամասներ: Աշխատությունում համակարգված նկարագրված են հայ և ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների առաջին հանդիպումներն ու հարաբերությունները, ներառված են նաև ամերիկացի դիվանագետների՝ Երևանից Վաշինգտոն ուղարկած գաղտնի զեկուցագրերն ու Վաշինգտոնից եկած գաղտնի հրահանգները:

  

  

Գրքի հեղինակ Սուրեն Սարգսյանը նախ սկսեց ամերիկյան արտաքին քաղաքականությունն ուսումնասիրել ԱՄՆ-ի ամենատարբեր արխիվներում, և, երբ գաղտնազերծված փաստաթղթերը շատացան, որոշեց՝ կարող է գիրք դառնալ. «Առաջին մեխը գրքի հենց գաղտնազերծված փաստաթղթերն են, իսկ երկրորդը՝ հարցազրույցները, որոնք իրականացրեցի ամենատարբեր ոլորտի մասնագետների հետ և՛ Հայաստանում, և՛ ԱՄՆ-ում: Եթե գոնե ինձ համար փորձեմ առանձնացնել մեկ-երկու ամենաուշագրավները, կնշեմ 907-րդ բանաձևի վերաբերյալ բացահայտումը: 907-րդ բանաձևի հիմքում ոչ թե սենատոր Քերին է, այլ Ջո Բայդենն է՝ հիմնական ու գլխավոր շարժիչ ուժը, ինչ մասին կա գրքում»:

  

ՀՀ արտաքին գործերի առաջին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով, ԱՄՆ-ն հետաքրքրված էր Հայաստանով ու այդ մասին են վկայում հայ-ամերիկյան առաջին շփումները. «Այս գիրքը նոր էջ է հայ-ամերիկյան պատմագիտական ճակատում: Գրքում հայ-ամերիկյան արտաքին հարաբերությունների առաջին տարիներն են: Անկախացումից հետո Հայաստանը մտնում է միջազգային հարաբերություններ ու սկսում նոր էջ: Ու առաջին անգամ մեզ ընդունում է նախագահ Բուշը՝ մեզ տակավին չճանաչելով որպես պետություն: Դա ցույց է տալիս, որ կար հետաքրքրություն Հայաստանի նկատմամբ»:

   

Ըստ Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ նախկին դեսպան Գրիգոր Հովհաննիսյանի, գրքում տեղ գտած փաստերը վկայում են՝ երբ են ձևավորվել արտաքին հարաբերությունները 2 երկրների միջև: Եվ հիմա այն, ինչ ունենք, հենց այդ տարիների շնորհիվ է. «Գիրքը նոր շերտ պետք է ձևավորի ակադեմիական շրջանակում: Մենք ԱՄՆ-ում, օրինակ, այս պահին չունենք լոբբիստներ: 30 տարիները մեզ համար ակնկալիքների տարիներ էին՝ հիասթափության ու լիահուսության տարիներ, գործընթացը չի ավարտվել, բայց ներդրումները հարաբերություններում մեծ է եղել, ինչը պետք է շարունակել»:

 

 

Պատմական ու դիվանագիտական փաստերը գրքում ամբողջացել են լուսանկարներով ու արխիվային փաստաթղթերով։ Քաղաքագետը հայ-ամերիկյան հարաբերոթյունները քննում է 3 իրադարձությունների համատեքստում. 1988–ի երկրաշարժը, Հայաստանի անկախության հռչակումը և Ղարաբաղյան պատերազմը։ Սուրեն Սարգսյանը գրքում նաև անդրադառնում է, թե քաղաքական ինչ գիծ էր տանում Վաշինգտոնը Հայաստանի հետ հարաբերություններում, և ինչու էր ԱՄՆ-ի համար խիստ կարևոր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:

 

 

Կարդացեք նաև