Արթուր Բախտամյան. Կա՛մ զինվոր ես, կա՛մ հրամանատար

September 28, 2015

Ծննդիցս հիսուն տարի անց էլ չեմ կարող ասել` իմ քաղաքը: Ես եմ իրենը: Քաղաքը միայն ծննդավայր չէ, սեր ու թախիծ, հուսահատություն և ուրախություն չէ: Ինքնաճանաչում է, աստիճաններով վերելք է, ինչպես մի անգամ` տասներորդ դասարանում: Դասերից փախել էինք Մոնումենտ` Հիսունամյակի սյունակոթողը բարձրանալու:
Նայե՛ք դեպի Կասկադի բարձունք. Ջիմ Թորոսյանի նախագծով կառուցված հիսունմետրանոց այս կոթողի հիմքում ճաղավանդակ կա (հիմա զոդված է): Ներթափանցում ես կառույցի որովայն (պատի մեջ ձուլված հորիզոնական աստիճաններ են) և սկսում ես բարձրանալ դեպի աղոտ լույսը: Մի պահ ձեռքերդ սառչում են... Այս վերելքը հավերժություն է թվում: Հետո հայտնվում ես փոքր հարթակին: Նստեցինք: Նայում ենք Երևանին ու ծխում «Արին-բերդ»: Թվում է, թե կյանքիդ կարևոր մի նպատակ իրագործվել է, այսինքն՝ ինչ ուզում էիր, իրականացրել ես:
Ոչ թե խոսում ես որոնման մասին, այլ գտնում ես: Պետք է հավատալ, հավատալ, որ կարող ես: Ու մենք հավատում էինք: Չկասկածելով անգամ, որ այդ ամենը միրաժ է, ու երբեք չես ստանա այն, ինչ ուզում ես:
Ազատության ձգտումը ծնունդից սկսած արգելափակվում է` բարուրելով, մահճակալի մեջ դնելով, շարքով քայլելով ու այդպես շարունակ. քանի որ տեղաշարժման հնարավորությունը մեծ չէ, մնում է բացել մտքի դարպասները: Ու հիմնականում ոչինչ չի ստացվում: Ինչո՞ւ: Որովհետև այն մնում է տեղական սպառման շուկայում` մեր վսեմ լեռներով ու ձորերով շրջափակված: Գուցե այս փակ շրջանից դուրս պրծնելու համար է, որ մենք շարունակ ճանապարհին ենք:



ՄՈՆՈԼԳՆԵՐ



Առաջին ինքնուրույն ճանապարհորդությունը կատարեցի առաջին կուրսում՝ ձմեռային արձակուրդին. Ես Թիֆլիսում եմ, նախնիներս այստեղ էին հաստատվել 19-րդ դարի վերջին, նրանք Դիզակի (Ղարաբաղ) մելիքների շառավիղներից էին: Այդ մասին այն ժամանակ գրեցի.
«Բազմագույն, բազմաձև, նեղ փողոցներով, գողտրիկ բակերով ու գինետներով, բարձրահարկ շենքերով ու լայն պողոտաներով ասիական  քաղաք: Չոր, տաք ձմեռ է: Քաղաքը կարծես հաշիշի ծխի մեջ թաղված լինի»:
Այստեղ ծանոթացա կաղապարի ու արգելափակումների դեմ մարտնչող Էսթետի`Սերգեյ Փարաջանովի հետ: Այստեղ հանդիպեցի Բրեխտի «Կովկասյան կավճե շրջանին»` Ստուրուայի բեմադրությամբ: Այստեղ հասկացա, որ ազատության համար վճարում են անազատությամբ: