Ինչո՞ւ Ադրբեջանում վերանայեցին պետբյուջեն, և հատկապես ի՞նչն է փոխվել

August 18, 2018

Գարնանային նստաշրջանի վերջին նիստին՝ արձակուրդ գնալուց առաջ, Ադրբեջանի խորհրդարանը բյուջեում փոփոխություններ մտցրեց, իսկ հունիսի վերջին օրերին նախագահը դրանք հաստատեց: Պետական բյուջեն պլանավորվում է մեկ տարով, սակայն կես տարի անց խորհրդարանականները հանկարծ որոշեցին դրանում ուղղումներ մտցնել:
Հստակ ի՞նչ է փոխվել և արդյո՞ք դրա անհրաժեշտությունը կար: Փորձենք պարզել:
Եթե ընդհանրացնենք, ապա բարձրացել է նավթի գինը, Ադրբեջանական բյուջեում շատ փող է հայտնվել, և պաշտոնյաները ցանկացել են մի տեղ «խցկել» դրանք: Այսինքն՝ բաշխել՝ ըստ ծախսերի հոդվածների:

Եկամուտներ


Բյուջեի միասնական եկամուտը կաճի 1,9 մլրդ մանաթով [1,1 միլիարդ դոլար – խմբ.]: Բյուջեի եկամտային մասի հիմնական «հովանավորն», ինչպես միշտ, նավթն է լինելու: Բյուջեի թարմացված տարբերակում նավթային հատվածի եկամուտները կաճեն 20,3%-ով:
Իսկ հարկերի նախարարությանը «թույլատրվում է» 6,7 տոկոսով ավելի քիչ հարկ հավաքել, քան պլանավորված էր տարեսկզբին: Փոխարենը մաքսայինում պլանավորվում է հավաքագրել 38%-ով ավելի շատ տուրք, քան նախապես պլանավորվում էր:

Ի՞նչ է փոխվելու հասարակ քաղաքացիների համար


20-25 տոկոսով աճում է անշարժ գույքի վաճառքի պետական տուրքը. հարկ կլինի վճարել 74-147 դոլար՝ կախված քաղաքացու բնակվելու վայրից: Սեփականատիրոջից, այլ ոչ թե ավտոսրահից մեքենա գնելու դեպքում նախկինում պետք էր վճարել 6 դոլար: Այժմ տուրքը կախված է շարժիչի ծավալից և կազմում է 60-882 դոլար: Ճիշտ է, եթե մեքնան «4 տարեկանից մեծ է», վճարվում է տուրքի մի մասը՝ 30-ից մինչև 80 տոկոս:
Եթե Ադրբեջանի քաղաքացին արտասահմանից է հեռախոս գնել, նա պետք է գրանցի IMEI-կոդն ու վճարի դրա համար: Այժմ դրան գումարվել է ևս մեկ պետտուրք՝ 18-88 դոլար: Եթե հեռախոսն ունի երկու սիմ-քարտ, այդ գումարը կրկնապատկվում է:
Ամենաշատը մեքենա ունեցողների բախտը չի բերել. վարորդական իրավունքի տուրքն այժմ ոչ թե 10 դոլար է, այլ մոտ 15: Մեքենայի պետհամարանիշի համար պետք է վճարել ոչ թե 13, այլ 20 դոլար, իսկ «լավ» համարանիշ ունենալու համար, ինչպես BB-005-ը, որը նախկինում արժեր 300-1500 դոլար, պետք է աճուրդի մասնակցել:


Կարդացեք նաև․



Ինչպե՞ս են ծախսելու 2 մլրդ մանաթն ու ով է ստանալու գումարը


Ծախսերի ավելացված հոդվածների շրջանում առաջատարը «տնտեսական գործունեությունն» է: Իր հերթին, այդ հոդվածով նախատեսված ծախսերը մի քանի ուղղություն ունեն, որոնցից ամենախոշորը ոչ նյութական ակտիվների գնումն է:
Եթե խոսենք այն մասին, թե հստակ ով է ստանալու գումարը, ապա ամենախոշոր գումարները փոխանցվելու են պետական ընկերություններին՝ SOCAR-ին (566,5 մլն դոլար), «Ադրբեջանական երկաթուղիներին» (59 մլն մանաթ), «Ազերէներժի» ըներությանը, որը պատասխանատու էր Ադրբեջանում հուլիսյան բլեքաութի համար, որը տեղի էր ունեցել ջերմաէլեկտրակայանի վթարի հետևանքով (48 մլն դոլար):
Զբոսաշրջության պետական գործակալությունը կստանա մոտ 12 մլն դոլար «մշակույթ, արվեստ, ֆիզկուլտուրա և այլն» հոդվածով նախատեսված ծախսերի աճի շրջանակում: Գյուղատնտեսության վրա կծախսվի լրացուցիչ 58 մլն դոլար՝ նախատեսվածից 15%-ով ավել:
Ծախսերի մնացած հոդվածներն աճել են աննշան՝ 2-7%-ով. «պաշտպանություն», «սոցիալական պաշտպանություն», «կրթություն», «մշակույթ և արվեստ» և այլն:



Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։