Newmag Winter Fest-ին տեղի ունեցավ «Խավիարային դիվանագիտություն» զեկույցի պանելային քննարկումը (լուսանկարներ)
Ձմեռային փառատոնին տեղի ունեցավ «Խավիարային դիվանագիտություն» զեկույցի վերաբերյալ պանելային քննարկում: Սիրանույշ Մուրադյանի թարգմանությամբ այս աշխատությունը հրատարակել է Newmag-ը: Պանելին ներկա էին տարբեր տարիներին ԵԽԽՎ-ոմ աշխատած կամ կառույցի գործունեութ
Newmag-ի հրատարակած գրքի շապիկն անգամ նկարագրում է այն կոռուպցիան սխեման, որ երկար տարիներ գործել է ԵԽԽՎ-ում: Իլհամ Ալիևի հայացքի ներքո պատկերված են կոռուպցիոն սկանդալում թաթախված ԵԽԽՎ նախկին նախագահ Պեդրո Ագրամունտը, իտալացի պատգամավոր Լուկա Վոլոնտեն, ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցող Աքսել Ֆիշերը, գերմանացի պատգամավոր Կարին Շտրենցը:
ԵԽ գործունեությունը տարիներ շարունակ լուսաբանած լրագրող Սիրանույշ Մուրադյանը «Խավիարային դիվանագիտություն. ինչպես Ադրբեջանը լռեցրեց Եվրոպայի խորհրդին» զեկույցի թարգմանությունը սկսել է 2020-ի պատերազմի օրերին: 156 էջից բաղկացած գործը գրքի վերածել է Newmag-ը. «Ես ուզում եմ, որ հայ ընթերցողը տեսնի, թե ինչ խայտառակ պատկեր է ստեղծել Բաքուն, ես ուզում եմ, որ մարդիկ տեսնեն, թե ինչ է արժենում պատերազմի ընթացքում ֆոսֆորային զենք օգտագործելու, Եվրոպական կոնվենցիայով արգելված զենք կիրառելու, Արցախում ծննդատուն ռմբակոծելու շուրջ Եվրոպայի լռությունը»:
Newmag Winer Fest 2023-ի պանելային քննարկումներից մեկն էլ նվիրված էր հենց «Խավիարային դիվանագիտություն» զեկույցին: Քննարկմանը ներկա ԵԽԽՎ-ում երկար տարիներ աշխատած ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանն ընդգծեց՝ հրատարակված գրքի ականատեսն է եղել ու սեփական աչքերով տեսել կուլիսային պայմանավորվածություններին հաջորդած զարգացումները:
Ըստ Կարապետյանի, այսօր պետք է ինտենսիվ աշխատել ԵԽԽՎ-ում, բարձրաձայնել Ադրբեջանի գործողությունների մասին, մինչդեռ հայաստանյան պատվիրակությունն ամբողջ ծավալով չի աշխատում. «ԵԽԽՎ-ում հիմա մոռացել են այն ամենի մասին, ինչ միս ու արյուն ստացավ 2017-ին, երբ այս բացահայտումների արդյունքում խստացվեցին պատգամավորների վարքի կանոնները՝ ունեցվածքի հայտարարագրումը, նվերների գումարային սահմանափակումները։ Սրա արդյունքում Ադրբեջանը մի քիչ զսպված պետք է լիներ, բայց միջազգային մեծ տերությունների խաղի խաչմերուկում Ադրբեջանը կանգնեց Ուկրաինայի կողքին ու ստացավ կանաչ լույս, շատերի աջակցությունը, դարձավ վառելիքի առումով Եվրոպայի ուղիղ գործընկեր»:
Զեկույցի թարգմանության կարևորության մասին խոսելիս՝ քաղաքագետ Թևան Պողոսյանն ընդգծում է, որ նախ և առաջ անհրաժեշտ է ճիշտ կառույցների հետ աշխատել. «Երբ ասում ենք խավիարային դիվանագիտություն, հասկանում ենք ադրբեջանական կոռուպցիա։ Սակայն պետք է հիշել, որ դա միակողմանի չէ, ուրեմն դա նաև եվրոպական, արևմտյան կոռուպցիա է։ Ապագա դիվանագետները պետք է լավ գիտակցեն, որ իրենց երկրի շահը ներկայացնելիս հանդիպում են այնպիսի մարդիկ, որոնք ունեն անձնական շահեր»:
Մինչ այսօր կաշառատու երկիրը որևէ պատասխանատվության չի ենթարկվել, նրա նկատմամբ որևէ սանկցիա չի կիրառվել։ Ըստ Սիրանույշ Մուրադյանի, «Խավիարային դիվանագիտություն» զեկույցի հայերեն հրատարակությունը կարող է նոր լույս սփռել Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ միջազգային կառույցների լռության ու անտարբերության վրա:
Կարդացեք նաև
- Newmag-ը հրատարակել է «Խավիարային դիվանագիտություն․Ինչպե՞ս Ադրբեջանը լռեցրեց Եվրոպային» սկանդալային զեկույցը (թրեյլեր)
- Տեղի ունեցավ «Խավիարային դիվանագիտություն» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ, լուսանկարներ)