ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Նախընտրում եմ ընթերցել բիզնեսին ուղղված գրքեր ու զ

Նախընտրում եմ ընթերցել բիզնեսին ուղղված գրքեր ու զուգահեռներ անցկացնել․ «PROFAL GROUP»-ի գլխավոր տնօրեն Էդգար Ավետիսյան

newmag-y-n

Ձեզ ենք ներկայացնում «PROFAL GROUP»-ի գլխավոր տնօրենի հարցազրույցը։ Էդգար Ավետիսյանը ներկայացրել է սիրելի գրքերը, ընթերցանության կարևորությանն ու խորհուրդ տվել ՝ շատ գիրք կարդալ։ «PROFAL GROUP»-ն այս տարի միացել է Newmag-ի փառատոնին։ Ընկերությունը Winter

-Պարոն Ավետիսյան, ինչպիսի՞ տեղ եք տալիս գրքերին, որքանո՞վ են դրանք օգնում հաջողակ գործարար ու լիդեր կայանալու գործում։ 

-Առհասարակ կարևորում եմ ընթերցանությունը։ Այն զարգացնում է մարդու միտքը, աշխարհընկալումը, մտահորիզոնը։  Ժանրը այնքան էլ կարևոր չէ, դեդեկտիվ է, թե non fiction գրականություն, կամ ինքնակենսագրական։ Այդուհանդերձ, ես նախընտրում եմ մասնագիտական գրքեր ընթերցել։ Հուզականությունն այնքան էլ իմը չէ, գեղարվեստական գրքերին հազվադեպ եմ մոտենում։ Նախընտրում եմ բիզնես ուղղվածությամբ աշխատանքները թերթել, սովորել, հիշել, կիրառել։ Իմ գրադարանի գրքերն իմ աշխարհի մասին են, կարդալիս մշտապես զուգահեռներ եմ անցկացնում մեր բիզնեսի, ընկերության վարած կառավարման քաղաքականության և միջազգային փորձի միջև։ Տարբերությունների հաճախ եմ հանդիպում, բայց, հավատացեք, նմանությունները նույնպես քիչ չեն։ Հաճախ են լինում դեպքերը, երբ կանգ եմ առնում գրքի մեկ պարբերության կամ մի ֆրազի վերջում և վերլուծում դրա կիրառումն ու արդյունավետությունը մեր ընկերության գործունեության մեջ։ 

-Դուք սովորել եք արտասահմանում, այդ տարիներից ո՞ր գիրքն է, որ մեծ ազդեցություն է ունեցել Ձեզ վրա և ասոցացնում եք այդ տարիների հետ։

-Սան Ֆրանցիսկոյի «Հալթ» միջազգային բիզնես դպրոցում միջազգային կառավարում մասնագիտությամբ սովորելիս, հետո նաև Սթենֆորդի համալսարանում չորսամսյա դասընթացն անցնելիս, գրքերը մեր անբաժանելի ուղեկիցն էին։ Մասնագիտական գրքեր ընթերցել եմ արտասահմանյան ուսումնառության առաջին օրերից։ Հրաշալի դասախոսներ ունեինք, որոնք պատմում էին բիզնես կառավարման, էկոնոմիկայի զարգացման նախադրյալների և եղանակների մասին։ Կարևոր էր, որ մեր պրոֆեսորները պարբերաբար հանձնարարում էին ընթերցել և խորհուրդ էին տալիս լավագույն գրքերը՝ բիզնես ոլորտին վերաբերող։ Հիշում եմ առաջին առաջադրանքը. մեր դասախոսը դասաժամի ավարտին հանձնարարեց երկու օրվա ընթացքում կարդալ «The Five Dysfunctions of a Team» գիրքը։ Մենք կարդացինք և երկու օր անց քննություն էինք հանձնում այդ գրքի թեմաների վերաբերյալ։ Գուցե առաջին պահին զարմանալի էր, թե ինչու են պարտադրում կարդալ այդ գիրքը և ինչու սեղմ ժամկետում։ Երկու օր անց արդեն պարզ էր։ Բովանդակությունն էր չափազանց հետաքրքիր և սահմանված ժամկետում, անհրաժեշտ արագությամբ առաջադրանքը կատարելու ստուգարք էր։ Բացի դրանից՝ մենք շուտով սկսեցինք շատ ինտենսիվ թիմային աշխատանքներ իրականացնել։ Այդ գիրքը թիմային աշխատանքի, ներդաշնակ գործելաոճի և բիզնես մտածողության հրաշալի օրինակ էր։ Մինչև այսօր գիրքը ձեռքիս տակ է, հաճախ է օգնում մեր ընկերության կառավարումն իրականացնելիս, բիզնես կարողությունները զարգացնելիս, որպեսզի PROFAL-ը դարձնենք մեկ ամբողջական թիմ, որի հիմքերը բավականին ամուր են։ Գրքում խոշոր ընկերության ճգնաժամի նկարագրությունն է, որից անհրաժեշտ է արագ դուրս գալ վերջնական ձախողումից խուսափելու համար։ Ընկերության սեփականատերերից մեկը համոզում է մյուսներին ընդունել կին ղեկավար, ում առաջին քայլը լինում է թոփ մենեջմենթի համար գրասենյակից դուրս դասընթացների կազմակերպումն ու ոչ ֆորմալ միջավայրում անմիջական շփումներ ձևավորելը։ Կին ղեկավարի անսպասելի ռազմավարությունն արագ վերականգնում է ընկերության բացթողածն ու նպաստում դրա առաջընթացին։ Նա արտագնա կարճատև հավաքի ընթացքում գնահատում է յուրաքանչյուր աշխատողի կարողություններն ու ճիշտ հետևություններ անում։ 

-Ո՞ր գիրքը խորհուրդ կտաք կարդալ երիտասարդներին։

-Առաջին հերթին՝ մեր հայրենակից Տարոն Աճեմօղլուի «Ինչու են ձախողվում պետությունները» գիրքը։ Մենք պարտավոր ենք կարդալ։  Նոր սերունդն այդ գրքի շնորհիվ կարող է պատկերացում կազմել թե ինչու են ազգերը ձախողում կամ հաջողում։ Աշխարհընկալումն, այս գրքից հետո էապես փոխվում է։ Ներկայացվող զուգահեռները՝ Հյուսիսային և Հարավային Ամերիկաների, Հյուսիսային և Հարավային Կորեաների միջև ամբողջությամբ ցույց են տալիս ձախողման պատճառներն ու հետևանքները։  

-Բիզնեսում անընդհատ որոշումներ կայացնելու և երբեմն նաև ճգնաժամային կառավարման անհրաժեշտություն է առաջանում։ Կարո՞ղ են այդ պահերին օգնության հասնել գրքերը։ 

-Ճգնաժամային կառավարման փորձ վաղուց ունեմ։ Այդպես է ստացվել։ Երբ միացա PROFAL-ի թիմին, կարող եմ ասել, որ ընկերության լավագույն ժամանակները չէին։ Առաջանում էին խնդիրներ, որոնք խորանում էին։ Մենք թիմով բավականին մեծ գործ արեցինք ընկերությունն անկումից հետ բերելու և հետո արդեն կայուն զարգացումն ապահովելու ճանապարհին։ Առաջին փորձն առանց գրքերի օգնության լուծվեց, իրադրության ճիշտ գնահատման, ռիսկերը հաշվարկելու և կտրուկ քայլերի անցնելու շնորհիվ։ Հաջորդ բարդ իրավիճակներից դուրս գալու համար, իհարկե, նպաստեց կրթությունը, գիտելիքը և գիրքը՝ մասնագիտական բազան։ 

-Լավ գիրքը լավ գինու նման է, որը միշտ ուզում ես վայելել, կա՞ մի գիրք, որն անընդհատ ընթերցում եք։

-Գրքերը երկրորդ անգամ չեմ ընթերցում։ Ընկերներ ունեմ, որոնք կարող են ժամանակ առ ժամանակ նույն գիրքը բացել երկրորդ, գուցե երրորդ անգամ։ Նախընտրում եմ դրա փոխարեն գրքերում հանդիպած լավագույն մտքերը, խորհուրդները, կանոնները գրի առնել իմ նոթատետրում։ Այդ նոթատետրում տարբեր գրքերից ֆրազներ կան։ Նոթատետրն, անշուշտ, հաճախ եմ թերթում։ Վերջին գրառումս Իլոն Մասկի գրքից է, որտեղ իրեն հարցնում են հաջողության հասնելու ճանապարհին որքանո՞վ է կարևոր կրթությունը, բարձր դպրոցում սովորելը և Մասկը պատասխանում է. «Ոչ, բիզնեսում հաջողելու համար պարտադիր չէ հայտնի դպրոց ավարտել, կարելի է ինքնակրթվել ու նորից բուրգի գագաթին հայտնվել։ Աղբյուրները բաց են, հասանելի, և ցանկությունը բավարար է օգտակար ու կարևոր գիտելիք ստանալու համար»։ Հետո նա շարունակում է՝ ասելով, որ, այնուամենայիվ, մեծ ընկերությունների թոփ մենեջերները ձգտում են լավագույն դպրոցներից ուսանողներ ներգրավել, որովհետև այդ մարդիկ տարիներ շարունակ, հետևողականորեն և չհոգնելով միևնույն գործն անել են՝ իրենց մեջ զարգացնելով կամային հատկանիշներ։ Ու այդ գործընթացում շատ կարևոր է չհիասթափվելը, դժվարություններից չընկրկելն ու դրանք հաղթահարելը, որը հետո բիզնեսում բերելու է արդյունքի։

Կամային հատկանիշները կարևոր են, բայց բարձրագույն կրթությունը շատ կարևոր է, որն իմ փորձով էլ կարող եմ հաստատել՝ տվել է իր ցանկալի արդյունքը։ Ուսումնական գործընթացում անընդհատ հանձնարարություններ ու վերջնաժամկետներ են սահմանված, որոնք խախտել չես կարող։ Այստեղ արդեն անչափ կարևոր է դառնում ժամանակդ ճիշտ կառավարելու ունակությունը․ սահմանել ողջամիտ ժամկետներ և իրականացնել դրանք օր առաջ։ Թվում է սա հայտնի խոսք է, մինչդեռ բոլորս մշտապես բախվում ենք այդ խնդրին։ Ոչ պակաս կարևոր է ճկունությունը՝ բանակցություններ վարելիս, թիմին դեպի աշխատանքը, դեպի ավելիին հասնելուն տրամադրելիս։ Մոտիվացիան անփոխարինելի գործոն է բիզնեսում։ 

 

-Արդյո՞ք գտել եք Ձեր կերպարը որևէ գրքում կամ ո՞ր գրքի սյուժեում կցանկանայիք հայտնվել։

-«The Five Dysfunctions of a Team» գրքի բիզնես թիմի կազմում հաճախ եմ ինձ պատկերացրել և հատկապես այն դրվագում, երբ կին ղեկավարը, որը նոր էր նշանակվել և գնահատում էր անձնակազմի յուրաքանչյուր անհատի կարողությունն ու օգտագար գործողության գործակիցը, ինչպես կգնահատեր ինձ և արդյոք կշարունակեի աշխատել իր թիմում և ինչ կարգավիճակում՝ ավելի բարձր հաստիքում, թե հակառակը։ 

-Գրական ո՞ր հերոսի կամ հեղինակի հետ կցանկանայիք ճաշել։

-Ռիչարդ Կոշ։ Միանշանակ նրա հետ սիրով կզրուցեի բիզնեսին վերաբերող հարցերի մասին։ Նա աշխարհում հայտնի բիզնես խորհրդատու է, աշխատել է մեգակորպորացիաներում, այնուհետև ստեղծել իր հաջողակ ընկերությունը։ Կոշն ամբողջ կյանքում ուսումնասիրել է հեղինակավոր գործարարների կյանքը, սահմանել հաջողության բանաձևերը։ Այդ պատմությունները Ռիչարդը ներկայացնում է իր գրքերում, դրանք յուրահատուկ դասագրքեր կարող ենք համարել։ Վստահ եմ, որ նրա հետ զրույցը օգտակար ու հաճելի կլիներ։

-Հասցնո՞ւմ եք Ձեր երեխաների համար գրքեր կարդալ և ո՞րն է եղել դրանցից վերջինը։

-Ցավոք, աշխատանքի, ծանրաբեռնվածության պատճառով քիչ եմ հասցնում երեխաներիս հետ երկար ժամանակ անցկացնել։ Փորձում եմ հանգստյան օրերին նրանց հետ լինել, այդ թվում գրքեր կարդալ։ Վերջինը, որ կարդացել ենք, Ջաննի Ռոդարիի «Անտեսանելի Տոնինոն» արկածային գիրքն է եղել։ Ընտրությունը պատահական չէր, դպրոցում բեմադրել էին հերոսի արկածները, և մենք որոշեցինք գիրքը կարդալ ու քննարկել։

-Որքանո՞վ եք կարևորում աշխատակիցների շրջանում գրքեր կարդալն ու մասնագիտական ասպարեզում անընդհատ զարգանալը։

-Կարևորում ենք, ավելի ստույգ՝ դա առաջնահերթություն է։ Ես համարում եմ, որ թիմի արդյունավետությունը բարձրացնող ուղղություններից մեկը մասնագիտական գրականությանը մոտ լինելն է։ Մեր աշխատակիցները մշտապես զարգանալու ցանկություն ունեն։ Սա ընդհանուր գործի շահերից է բխում։ Մենք աշխատում ենք եվրոպական, ամերիկյան, ասիական պետությունների հետ, ստանում ենք բազմատեսակ պատվերներ, որոնց ոչ միշտ կարող են լիարժեք ծանոթ լինել։ Այդ հարցում անփոխարինելի է գիրքը, փորձը, հետազոտական ունակությունը։ Եվ զարգանալու գլխավոր նախապայմանը մտահորիզոնի ընդլայնումն է, իհարկե, առաջին հերթին գրքերի շնորհիվ։ 

Բլից հարցեր

Տպագի՞ր, թե՞ էլեկտրոնային գիրք

Տպագիր, անխոս։ Սիրում եմ թերթել, շոշափել գիրքը։ Գաջեթները չեն հաղորդում գրքի ամբողջ հմայքը։

Էրքյուլ Պուարո՞, թե՞ Շերլոք Հոլմս

Պուարո։ Լինելով Ագաթա Քրիստիի գրական հերոսը՝ նա իր հետաքննական գործողություններում մշտապես ուշադրություն է դարձրել մարդկային հոգեբանությանը, նրանց վարքագծին, միջանձնային հարաբերություններին։ Ես լիովին կիսում եմ նրա հայացքներն ու մարդկանց ճանաչելու հարցում փորձում կենտրոնանալ մարդկային առանձնահատկությունների վրա։ 

Հարրի Փոթե՞ր, թե՞ Մատանիների տիրակալը

«Մատանիների Տիրակալը»։ Առաջին հերթին, հեղինակի համար։ Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինը գիրքը գրելու համար լեզուներ է ստեղծել։ Սա տաժանակիր աշխատանք է և արժանի է գնահատանքի։ 

Իլոն Մա՞սկ, թե՞ Ջեֆ Բեզոս

Երկուսն էլ։ Յուրաքանչյուրին յուրովի։ Մասկի նման մարդիկ հարյուր տարին մեկ են ծնվում։ Նա բերել է մտքի նոր դարաշրջան, նոր տեխնոլոգիաներ՝ մոլորակի բնապահպանական բեռը նվազեցնելուց, մինչև տիեզերքի բացահայտում։ Այդուհանդերձ, Բեզոսը նույնպես բացառիկ կերպար է։ Ինձ հոգեհարազատ է Ամազոնի հիմնադրի բիզնես մտածողությունը։ Մեր ընկերություններում զուգահեռներ կան, որոնք հաշվի ենք առնում մեր աշխատանքում։ 

Սիրելի գրողը

Այսօր կդժվարանամ ասել, թե ում եմ նախապատվություն տալիս, որովհետև կան հեղինակներ, որոնց ընթերցում եմ, սակայն նրանց ոչ բոլորն են ինձ համար լավագույնը։ Եթե ավելի հետ գնանք, պատանեկության տարիներին հաճախ էի կարդում Վախթանգ Անանյանի ստեղծագործությունները։  

Սիրելի գիրքը

Տարոն Աճեմօղլու․ «Ինչու են ձախողվում պետությունները»։

Գիրք, որը յուրաքանչյուր հայ պետք է ընթերցի

«The burning Tigris» («Բոցավառվող Տիգրիս»)։ Մեր հայրենակից Փիթեր Բալաքյանի գիրքն է Հայոց ցեղասպանության մասին։ Նկարագրվում են 1890-ականներից մինչև 1920-ական թվականները։ Նա մանրամասն և հանգամանորեն պատմում է հայերի կյանքի, կենցաղի, կենսագործունեության մասին և տեսանելի ձևով մեզ է ներկայացնում Մեծ Եղեռնի ամբողջ ողբերգությունը՝ փաստարկված և օրինակներով։ Երբեմն մեր շարքերում հանդիպում են մարդիկ, որոնք կարծում են, թե Հայոց Ցեղասպանությունը սկսվել և ավարտվել է 1915 թվականի ապրիլի 24-ին, մինչդեռ դա կանխամտածված, հստակ քայլերի հաջորդականությամբ իրականացված էթնիկ ջարդ էր։ Բալաքյանը մեզ է հասցնում Ցեղասպանության ամբողջ պատկերը, որն իրականում տևել է մոտ երեք տասնամյակ։

Կարդացեք նաև

Տարածել