Միջազգային թրե՞նդ, թե՞ փորձագիտական պատուհաս. «Վտանգավոր ամենագետներ» գիրքը «ցանցային իմաստունների» մասին է (տեսանյութ)
Ինչպե՞ս մարդիկ դարձան ինքնակոչ ամենագետներ՝ մի օր դիվանագետ, մի օր վարակաբան, հետո քաղաքագետ ու հանկարծ արվեստաբան։ Ինչ է պետք անել՝ դիլետանտության հաղթարշավն ու ողջախոհության պարտությունը կասեցնելու համար: Newmag-ի հրատարակած «Վտանգավոր ամենագետներ» գիրք
Ժողովուրդների կյանքն ամբողջ աշխարհում տակնուվար է անում այն, որ բոլորը վստահ են՝ գիտեն ամեն ինչ։ Նույն մարդը կարող է լինել միջուկային ֆիզիկայի մասնագետ, հաջորդ օրը՝ վարակաբան, գրեթե ամեն օր՝ դիվանագետ, երբեմն էլ՝ ատաղծագործ. նայած, թե օրվա թեման որն է: Գիտելիքի հասանելիությունը հանգեցրել է ոչ թե ավելի շատ գիտելիք ունեցող, այլ գիտելիքն առհասարակ մերժող հասարակությունների ձևավորմանը:
Այս երևույթին արձագանքող Հոլիվուդը 2021-ին ներկայացրեց ֆիլմ, որտեղ աստղագետ գիտնականը փորձում է մարդկանց բացատրել, որ մի քանի օրից երկնաքար է ընկնելու ու աշխարհը ոչնչանալու է: Բայց լսող չկա: Փաստերը նշանակություն չունեն: Ֆիլմը տիպիկ ներկայիս աշխարհի տիպիկ նկարագրությունն է։
Դարաշրջանի այս հիվանդության պատճառները շատ են: Բոլորը կարող են հեռախոսով գտնել ու կարդալ ամեն ինչ. Հենց սա էլ գիտելիքի պատրանք է ստեղծում: Բոլորը կարող են հրապարակայնորեն հայտնել կարծիք ու բանավիճել՝ դառնալով լսելի ու համարելով, թե շատ կարևոր անձ են: Մեդիան էլ մարդկանց տեղեկացնելու փոխարեն, զվարճացնում է: Եվ մարդիկ մերժում են վատ, բայց փաստերը, տհաճ, բայց իրականությունը, ծանր, բայց իրական գիտելիքը: Այսպես էլ ի հայտ են գալիս անհոգ ամենագետներ, որոնք չեն լսում ոչինչ և ուզում են ամեն ինչ:
Ողջախոհության տոտալ կորուստն ի ցույց դրեց կորոնավիրուսի համավարակը, երբ բոլորը դարձան համաճարակաբան: Սա դեռ ոչինչ, բայց պատվաստվելու դեմ բուժքույրերի արշավը և հատկապես նրանց բացատրությունը՝ դարձան դարաշրջանի բնութագիր։ Իսկ ընդամենը տարիներ առաջ բժիշկները հասարակ մարդկանց համար հեշտ մարսելի, զվարճալի ձևաչափով գրքերի, ԶԼՄ-ների միջոցով փորձել են հասկացնել, որ բժիշկներին պետք է լսել, վստահել:
Մարտնչող ամենագետների, ցանցային իմաստունների բանակները խաթարում են բոլորի ու առաջին հերթին հենց իրենց կյանքը, հարուցում են նոր խնդիրներ, հրահրում նոր կոնֆլիկտներ, մեծ աղմուկ բարձրացնում՝ խլացնելով սթափ բանականությունը:
Կարդացեք նաև