Ֆինն պատմաբան Հենրիկ Մեյնանդերն այցելել է Հայաստանի ամերիկյան համալսարան (լուսանկարներ)
Եռօրյա այցով Հայաստանում գտնվող ֆինն պատմաբան Հենրիկ Մեյնանդերն այցելել է Հայաստանի ամերիկյան համալսարան, հանդիպել քաղաքագիտության ֆակուլտետի ուսանողներին։ Պատմաբանը Հայաստանում է մասնակցելու իր՝ «Ֆինլանդիայի պատմություն» գրքի շնորհանդեսին։
Հենրիկ Մեյնանդերի «Ֆինլանդիայի պատմություն»-ը գիրք-ուղեցույց է հեռատես մտավորականների, երկարաժամկետ մտածողերի ու հաջողակ ազգի մասին: Քաղաքական սառը հաշվարկ, երբեմն՝ խնդրահարույց դաշինքներ, լռելու ունակություն, ներքին թշնամանքը արտաքին աղետի չվերածելու կարողություն, և արդյունքում՝ երկիր, որտեղ ստեղծվեց ԵԱՀԿ-ն։
Ամերկյան համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը պատմաբանն առանձնացրել է մի քանի կարևոր ուղերձ, որոնք տեղ են գտել գրքում։ Անդրադարձել է նաև, թե ինչու և ինչ հանգամանքներում է Ֆինլանդիան 2023-ին անդամակցել ՆԱՏՕ-ին: Անդամակցությունը պատմական նշանակություն ունի այս երկրի համար, քանի որ Ֆինլանդիան մինչև այդ հայտնի էր իր չեզոքությամբ ու քաղաքական համապատասխան ավանդույթներով: «Ռուսաստանը լավ գիտեր, որ Ֆինլանդական պաշտպանական համակարգը 90-ականներից սերտ կապեր ուներ ՆԱՏՕ-ի հետ, բավականաչափ խորը ինտեգրում էր ընթանում առանց անդամակցության: Այնպես որ, ֆորմալ անդամակցությունն ինչ-որ իմաստով այդքան էլ մեծ բան չփոխեց Ռուսաստանի համար: Ֆինլանդիայի բանակը բավականաչափ ներդաշնակեցված էր ՆԱՏՕ-ի հետ նաև դրանից առաջ»։
Ուսանողները հետաքրքրվել են Հայաստանի ու Ֆինլանդիայի պատմությունների նմանություններով։ Ֆինլանդիան Հայաստանի պես գտնվում է Ռուսաստանի և Արևմուտքի միջև և Հայաստանի պես էլ վերածվել է բախման թատերաբեմի համաշխարհային մեծ ցնցումների ժամանակ: Սակայն ֆիններին հաջողվել է պահպանել անկախությունը և զարգանալ: Հատուկ հայերեն թարգմանության համար Հենրիկ Մեյնանդերը լրացրել է գրքի նախաբանն ու վերջին գլուխը՝ անդրադառնալով Հայաստանի ու Ֆինլանդիայի նմանություններին.
«Մեր երկրներն իրարից հեռու են, սակայն մենք ունենք պատմական որոշ ընդհանրություններ: Ե՛վ Ֆինլանդիան, և՛ Հայաստանը եղել են մեծ տերությունների մաս, պայքարել են սեփական մշակույթը, արժեքներն ու ապրելակերպը պահպանելու համար և ցուցաբերած խիզախության շնորհիվ ու ճակատագրի բերումով՝ հասել անկախության»:
Ամերիկյան համալսարանի ուսանողներին հետաքրքրում էր նաև հարցը, թե հնարավո՞ր է եվրոպական երկրները վերադառնան պարտադիր զինծառայության՝ հաշվի առնելով շարունակվող անկայունությունը: Այս առումով Հենրիկ Մեյնանդերը ներկայացրեց ֆիննական փորձը ու կարևորեց նոր իրողություններում արագ կողմնորոշվելու կարողությունը:
Կարդացեք նաև