[Շնորհանդես] Ամերիկացների սիրելի վեպը, 20-րդ դարի գլուխգործոց «Քամուց քշվածները» 100 տարի անց՝ հայերեն (տեսանյութ, լուսանկարներ)

March 3, 2022

Էպիկական վեպ համարվող «Քամուց քշվածները» վերջապես հրատարակվեց հայերեն: 100 տարի շարունակ այս գործը թարգմանվել էր տասնյակ լեզուներով, բայց ոչ՝ հայերեն։ Սխալն ուղղեց Newmag-ը: 1936-ին լույս տեսած Մարգարետ Միտչելի «Քամուց քշվածները» թարգմանելու համար հրատարակչությունը ներգրավել էր ոլորտի գիտակներին՝ թարգմանիչը Անուշ Սեդրակյանն է, խմբագիրը՝ Աննա Բախշյանը: Newmag Winter Fest-ին նրանց հետ միասին գիրքը ներկայացրել է նաև մշակութաբան Հրայր Խաչատրյանը: Գրքի գխավոր գործընկերն է «Հայաստանի էլեկտրական ցանցերը»:

Ամենառոմանտիկ սիրային դրաման, ամենաէպիկ պատմավեպը թարգմանելու Newmag-ի առաջարկը սկզբում Անուշ Սեդրակյանը ցանկացել է մերժել, սակայն, երբ հրատարակչության տնօրենը անկեղծացել է, թե ինչու հատկապես իրեն ընտրել, միանգամից համաձայնել. «Վեպի թարգմանությանը երբեք չէի համաձայնի, բայց քանի որ խոսափողից այն կողմ Արտակ Ալեքսանյանն  ասաց, որ ինձ նմանեցրել է Սքարլեթին, այդ գայթակղիչ առաջարկն ընդունեցի»:

 

 

Ամենաբարդն  «Քամուց քշվածների»  առաջին էջերը թարգմանելն էր, որն Անուշ Սեդրակյանը 2 անգամ է արել՝ առաջին տարբերակը կորցրել էր: Աշխատանքն անցել է հետաքրքիր՝ հաճույք էր թարգմանել նման գործը. «Միտչելն, իսկապես, կամային բնավորությամբ կին է, ու հաճախ թարգմանելիս՝ գիտեի, թե հաջորդ նախադասսությունը որն է լինելու, գիտեի՝ ինչ է ասելու: Միտչելը իսկապես հանճարեղ գրող է՝ անձնական պրիզմայով տեսնել պատմական համայնապատկերը, բարդ գործ է ու բոլորին հասու չէ»:

 

Մարգարետ Միտչելն այս գործը գրել է 26 տարեկանում, ավարտել 10 տարի անց: Հայերեն թարգմանության խմբագիրն Աննա Բախշյանն է, թիմին միանալու առաջարկն ընդունել է սիրով, բայց և երկյուղածությամբ. «Անսպասելի առաջարկ էր, մեծածավալ գործ չէի արել մինչև այդ: Իմ սիրած գործերից է, ֆիլմը ևս։ Ես սրտի դողով ու երկյուղածությամբ խմբագրեցի 2 հատորը: Միտչելի գեղարվեստականության, կերպարների կերտման ոճն ինձ այնքան հոգեհարազատ էին, որ օգնեց  գործին, ու կարծում եմ, որ այս համատեղ աշխատանքը ստացվել է»:

 

 

Մշակութաբանական ու պատմական առումով սա առանցքային ստեղծագործություն է ամերկյան գրականությունում՝ համոզված է մշակութաբան Հրայր Խաչատրյանը: Մի կողմից գրողը ներկայացրել է կնոջ պատմություն, մյուս կողմից էլ Ամերիկայի համար ամենաառանցքային ժամանակաշրջանը՝ Քաղաքացիական պատերազմը. «Ու դա ստացվել է Միտչելի մոտ: Թեև զգացմունքային է, կնոջ ձեռագիրն ակնհայտ է, բայց պատմական նախադրյալներ ունի՝ պատերազմի տեսանկյունից: Մարգարետ Միտչելը հենց 20-րդ դարն է, մոդեռնիստական գրականությունն է, բայց գրելու ոճը հիշեցնում է վիկտորյանական ժամանակաշրջանը: Պետք է կարդալ, որ համոզվել՝ ամերիկյան գրականության սիմվոլը Մարգարետ Միտչելն է:

 

Մարգարետ Միտչելի վեպը ճանաչվել է 20-րդ դարի ամենահայտնի գիրքը, «Քամուց քշվածների» հիման վրա նկարահանված ֆիլմը դիտել է մոլորակի ամեն երկրորդ բնակիչը։ Համաշխարհային գրականության մեջ ամենատպավորիչ զույգի պատմությունը Աստվածաշնչից հետո համարվում է 2-րդ ամենասիրելի գիրքն ամբողջ ԱՄՆ-ում:

                                                                                

Կարդացեք նաև