Գիրքը՝ հպումով, վճարումն՝ անհպում. Newmag-ի ու Idram-ի գործակցության մասին (տեսանյութ, լուսանկարներ)

March 1, 2022

Newmag-ն անմոռանալի դարձրեց Գիրք նվիրելու տոնը՝ շնորհիվ ձմեռային փառատոնի: Հրատարակչությունն այցելուների համար գիրք գնելու ընթացքը դարձրել էր ավելի արագ ու անկանխիկ: Idram-ի հետ գործակցության արդյունքում, գրքասերները կարող էին իրենց գնումը կատարել անհպում: Վճարային այս նոր համակարգի մասին Newmag Winter Fest-ի ընթացքում լրագրող Շաքե Ղազարյանը զրուցել է Idram-ի թրենդ մարքեթինգի և միջոցառումների կազմակերպման ղեկավար Նանե Ավետյանի հետ:

Newmag Winter Fest-ին գնորդների վճարումներն ավելի արագ իրականցնելու համար Idram-ը ստեղծել էր QR կոդ, որտեղ ընդամենը մուտքագրելով գումարի չափը՝ հաճախորդներն ստանում էին գործարք կատարելու և իրենց գիրքն արագ վերցնելու հնարավորություն. «Վճարման այս տարբերակն արագ ու հարմար է, որը կանխիկից զերծ է պահում հաճախորդներին: QR կոդն արդեն գեներացված է Idram հավելվածում: Սկզբում սեղմում ենք վճարել կոճակը, ապա մուտքագրում գումարի չափն ու նույնականացումից հետո վճարումը կատարվում է»:

 

Այս տարբերակը գործնականում ավելի կիրառելի է: Այն հնարավորություն է ստեղծում ավելի հեշտ, արագ ու անկանխիկ կատարել գնումները: Վճարման գործընթացը ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ դառնում է անհպում. «2016-ից Idram ընկերությունը սկսեց իր հաճախորդներին առաջարկել անհպում վճարումներ կատարելու տեխնոլոգիան: Մեր հաճախորդները բոլոր այն վաճառակետերում, որտեղ առկա է Idram-ով վճարման հնարավորությունը, արդեն վաղուց QR կոդով կարողանում են իրենց գնումները արագ կատարել»:

 

Հատկապես համավարակի պայմաններում, երբ մարդիկ խուսափում էին կանխիկ գումարով իրենց վճարումներն իրականացնել, խիստ անհրաժեշտ դարձավ QR կոդերի գործարկումը՝ ընդգծում է Նանե Ավետյանը. «Idram-ն իր հաճախորդներին այս պահին հնարավորություն է տալիս նաև Rocket line-ի միջոցով վճարում կատարել: Օրինակ՝ եթե գիրք նվիրելու տոնին ընդառաջ ցանկանում եք գիրք գնել ու այն թանկարժեք է և  այդ պահին այդքան գումար չեք կարող ծախսել, ապա Rocket line-ը հնարավորություն է տալիս վճարել այդ պահինև մարել 3-6 ամսում»:

Idram-ը գործակցում է  Newmag-ի հետ, քանի որ կրթական բաղադրիչն իրենց կառույցի համար չափազանց կարևոր է: Ուստի գործակցության միջոցով փորձում են օգնել հասարակությանը դառնալ ավելի զարգացած ու կրթված. «Այս պարագայում վստահաբար կարող ենք ասել, որ գրքին հպվելն ու հենց ձեռքում կարդալն է լավը, իսկ վճարմանը՝ անհպումը: Մեր թիմը ևս փոքրիկ ավանդույթ ունի գիրք նվիրելու օրվա առթիվ: Գործընկերներով մեկս մյուսին անպայման մի հետաքրքիր ու բովանդակալից գիրք ենք նվիրում»:

 

Իսկ Գիրք նվիրելու տոնին Նանե Ավետյանն նախընտրեց նվիրել Newmag-ի «Օպերացիա «Զոդ»» գիրքը:

                                                                  

Կարդացեք նաև