Իսահակ Իսահակյան. Ուրիշի պահանջները Ձեզ չեն օգնի փոխվել
չեմ ուշանում
Չուշանալու հիվանդություն ունեմ: Նույնիսկ վարորդս ինձ երբեք չի սպասել, միշտ ես եմ նրան դիմավորում: Միշտ աշխատանքի եմ եկել առաջինը, գնացել` վերջինը: Աշխատանքը սկսվում է 9-ին, իսկ ես կենտրոնական բանկում եմ գոնե 8-ն անց 40-ին: Սա սովորություն է: Ինչպես չեմ ծխել, այդպես էլ չեմ ուշացել: Սա պահանջ է ինքս իմ նկատմամբ: Մարդ պետք է ճշտապահ լինի և խստապահանջ` ինքն իր նկատմամբ: Ուրիշի պահանջները Ձեզ չեն օգնի փոխվել…
ամենամեծ գաղտնիքը
Ինձ շատ են տեղափոխել մի վարչությունից մյուսը, հետո` մյուսը, հետո` մյուսը… Սկզբում նեղանում էի: Հետո զգացի, հասկացա, որ մարդիկ ինչ-որ բան էին ակնկալում ինձնից: Ինչքան շատ են քեզ տեղափոխում, այնքան շատ բաներ, շատ նրբություններ ես իմանում, որոնք հետագայում շատ օգտակար են լինում, հատկապես երբ ղեկավար ես դառնում: Այդպես եղավ ինձ հետ: Մարդ պետք է երկար չմնա նույն տեղում աշխատելու: Կյանքն էլ է սա ցույց տալիս: Պետք է փոխել ոլորտը, նոր նրբություններ սովորել: Հակառակ դեպքում դեգրադացիան անխուսափելի է…
վախենում եմ
Վախենալու բան չկա այս կյանքում: Միակ վախս մոտիկ մարդկանց կորցնելն է: Դա ամենավատ բանն է: Երբ տեսնում ես, թե ինչպես են գնում բարեկամները, հարազատները, երիտասարդները… Սա ամենավախենալու բանն է ինձ համար: Միշտ ասում եմ` ես ինչո՞ւ կամ, իսկ այս երիտասարդը գնաց, չէ՞ որ սա անօրեն բան է: Չկա ոչ մի օրինաչափություն:
իմ տատիկը
Տատիկս միշտ ինձ հետ էր: Ես աքսորավայրում եմ ծնվել` Կուրգանում: Տատս, ռուսերեն մի խոսք անգամ չիմանալով, եկել-հասել էր Կուրգան 33 թվականին: Մենք շատ կապված էինք, չնայած նա շատ թոռներ ուներ: Ծնողներս միշտ աքսորավայրում էին, և ինքն էր միշտ ինձ հետ: Շատ դժվար էր ինձ համար նրա կորուստը, շատ ծանր եմ տարել: Կյանքում շա՜տ եմ նեղվել, բայց չեմ արտասվել: Արտասվել եմ ընդամենը մեկ անգամ` տատիկիս թաղմանը: Ես էլ չհասկացա, թե ինչպես չկարողացա ինքս ինձ տիրապետել:
ՄՈՆՈԼԳՆԵՐ
- Բագրատ Ասատրյան. Լուրջ մարդկանցից զգուշանում եմ
- Հովհաննես Մարգարյան. Հնարավոր չէ փող տալ և ասել` հավատա´ ինձ
իմ արգելակները
Ամեն մարդ պետք է ունենա իր արգելակները` որոշ քայլեր չանելու համար: Իմ դեպքում դրանք 2-ն են: Նախ՝ մեծ վարպետի՝ Իսահակյանի ցեղից լինելը: Երկրորդը` ծնողներս: Հայրս 20 տարի քաղաքական աքսորում էր: Մայրս էլ նման խնդիր ուներ: Այսինքն՝ կյանքիս այդ 20 տարին անցել է առանց ծնողի: Եվ այդքանից հետո դառնալ կաշառակե՞ր կամ վատ քա՞յլ անել: Չէ՞ որ հանուն դրա չէր այս ամենը…
ինչպես է պետք հեռանալ
Հեռանալ պետք է հանգիստ: Երբ Շիրվինդտին հարցրել են, թե նա վախենո՞ւմ է մահից, պատասխանել է, որ վախենում է երկար մահանալուց: Մարդ պետք է երկար չմահանա: Ճիշտ բան է ասել. սարսափելի բան է երկար մահանալը, ամենասարսափելի բանն է: Հետաքրքիր է, բայց առողջությունն այնպիսի բան է, որ ինչքան էլ լինի, միշտ էլ հերիքում է մինչև կյանքի վերջ:
միամիտ մարդը
Այս դարում, այս ժամանակներում, ինձ թվում է, չկա միամիտ մարդ: Ուղղակի հնարավոր չէ այս պայմաններում լինել միամիտ: Նույնիսկ չեմ պատկերացնում 21-րդ դարի միամիտ մարդուն:
հուշակարոտ
Հիշողությունը միակ դրախտն է, որտեղից Ձեզ ոչ ոք չի կարող վտարել: Հուշակարոտը նույն հիշողությունն է: Միանգամայն այլ համակարգում ենք ապրել, աշխատել: Նոստալգիա կա ու շատ բաների նկատմամբ: Ավելի շատ երիտասարդության հանդեպ: Հիմա ամեն ինչ ավելի ազատ է, մարդիկ ավելի ազատ են… Բայց այն ժամանակ մենք երիտասարդ էինք…
Կարդա նաև

Արքայադուստր Դիանայի ընկերուհուց մինչև հոգեթերապևտ. Ջուլյա Սամուելի մասնագիտական ճանապարհը (տեսանյութ)

Տեղի ունեցավ մաշկի խնամքի հայկական առաջին ուղեցույցի՝ «Դյութէ»#2-ի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

Ինչպես Ռեյ Դալիոն դարձավ ամերիկացի հայտնի ֆինանսիստ, ներդրող, ձեռներեց (տեսանյութ)

Տեղի ունեցավ Հերմինե Ավագյանի «Հարժեշտի աչքերը» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
