Տեղի է ունեցել ամերիկացի վերլուծաբան, դիվանագետ Ռոնալդ Ասմուսի «Բացելով ՆԱՏՕ-ի դուռը» գրքի հայերեն վերախմբագրված գրքի շնորհանդեսը (լուսանկարներ)

June 22, 2023

«Մեդիամաքսը» և «Տրանսատլանտյան նախաձեռնությունների հայկական կենտրոնը» հրատարակել են ամերիկացի վերլուծաբան եւ դիվանագետ Ռոնալդ Ասմուսի «Բացելով ՆԱՏՕ-ի դուռը» գրքի հայերեն վերախմբագրված տարբերակը։ Առաջին անգամ գիրքը հայերեն փոքր տպաքանակով հրատարակվել էր 2008 թվականին եւ արագ սպառվել էր: Գիրքը շուկայում ներկայացնում է Newmag հրատարակչությունը՝ Newmag & Friends ձեւաչափով: Հրատարակությանն աջակցել են Էստոնիայի արտաքին գործերի եւ Լիտվայի ազգային պաշտպանության նախարարությունները։

«Բացելով ՆԱՏՕ-ի դուռը» առաջին գրքի նախաբանում, որը հայերեն հրատարակվել է դեռ 2008-ին, հեղինակը պատմել է,  թե ինչպես է ծնվել ՆԱՏՕ-ի ընդլայնման գաղափարն ու  ինչպես է այդ քաղաքականությունն իրագործվել՝  չնայած ներքին ու արտաքին լուրջ ընդդիմության առկայությանը: Ասմուսն ընդգծել է. «Սա օրինակ է՝ ինչպես փոքրամասնության կարծիքը կարող է դառնալ այս կամ այն հարցի շուրջ հիմնական մտածողություն եւ ի վերջո հաղթել ցածր հավանականության պարագայում»:  

 

«Մեդիամաքսի» տնօրեն Արա Թադևոսյանի խոսքով, գիրքը նորից տպագրելու միտքն առաջացել է՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական այսօրվա իրադրությունում դրա արդիականությունը.«2022 թվականին, երբ սկսվեց պատերազմն Ուկրաինայում, Ռուսաստանում ասում էին, որ ստիպված էին գնալ այդ քայլին՝ կանխելու ՆԱՏՕ-ի մոտեցումը ՌԴ սահմաններին: Այդ ժամանակ մտածեցի, որ ճիշտ կլինի վերահրատարակել «Բացելով ՆԱՏՕ-ի դուռը» գիրքը, որտեղ Ռոնալդ Ասմուսը մանրամասն ներկայացնում է ոչ միայն ընդլայնման ընթացքը, այլև այն, թե ինչպես էր այդ գործընթացը քննարկվում Մոսկվայի հետ»։

 

Շնորհանդեսին մասնակցում էին Newmag-ի հեղինակներ՝ «Հայաստանն ու Բուշն անձամբ» գրքի հեղինակ, ամերիկագետ  Սուրեն Սարգսյանն ու «Միայնակ ընդդեմ ճակատագրի» գրքի հեղինակ Սամվել Ֆարմանյանը: Սուրեն Սարգսյանի խոսքով, մարդիկ այն ժամանակ էլ տեսնում էին՝ ինչի կարող է հանգեցնել ՆԱՏՕ-ի ընդլայնման հեռանկարն ու այսօր էլ տեսանելի է՝ ինչի  հանգեց այդ գաղափարախոսությունը.

«Հայաստանն այդ առումով, իրոք, բացառիկ էր, որը և՛ ՀԱՊԿ անդամ էր, և՛ ՆԱՏՕ-ի հետ ուներ համապատասխան գործակցության շրջանակ, որը բավականին ակտիվ էր պետության համար, որն ընդհանրապես չուներ հավակնություն՝  դառնալու ՆԱՏՕ-ի անդամ: Եթե կա լարվածություն, այդ լարվածությունն ուղղակի ազդելու է մեզ վրա, ուզենք, թե չուզենք, իսկ եթե այդ հարաբերությունները ջերմանում են, բնականաբար մեզ համար հնարավորությունների պատուհան է բացվում, եթե պետության ղեկավարությունը կարողանա ճիշտ գնահատել, կկարողանա օգտակար լուծում գտնել»։

 

Սամվել Ֆարմանյանի համոզմամբ, շատերին կարող է թվալ, թե աշխարհաքաղաքական ընտրություն անելու, ուժային այս կամ այն կենտրոնին հակվելու երկընտրանքը բնորոշ է միայն ժամանակակից մեր պատմությանը, բայց բացարձակ այդպես չէ.

 

«Անտիկ Հռոմի շրջանից սկսած, Արտավազդ 2-րդ-ից  մինչև  Սերժ Սարգսյան,  միշտ նույն խնդիր է եղել հայոց առաջնորդների առաջ: Փոխվում են աշխարհաքաղաքական իրողությունները, ուժային կենտրոնները, կիրառվող գործիքակազմը, միջազգային հարաբերությունների բնույթը, շատ բան է փոխվում, բայց աշխարհագրությունը շարունակում է մնալ նույն տեղում: Այնպես որ, եթե Հայաստանիը պարտադրված չէ կատարել ընտրություն, ապա մեր շահերից չի բխում կատարել այն։ Պատմության մեջ չկան օրինակներ, երբ ուժային խոշոր կենտրոնների բախման կիզակետում հայտնված աշխարհաքաղաքական ավելի նվազ ազդեցություն ունեցող դերակատարները նման ընտրություն կատարեն ու հայտնվեն ավելի շահեկան վիճակում»:  

  

Ցավոք, Ռոն Ասմուսն իր գրքի հայերեն երկրորդ հրատարակությունը չի տեսնի. մահացել է 2011 թվականին՝ ընդամենը 53 տարեկանում: Գիրքը թարգմանել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը։ Աշխատությունը շուկայում ներկայացնում է Newmag հրատարակչությունը՝ Newmag & Friends ձեւաչափով: 

Կարդացեք նաև