[Newmag Summer Fest] Հանդիպում Newmag հեղինակների հետ. Ինչ է գրում հայ գրողն և արդյոք մերոնք հետաքրքիր են ընթերցողին (լուսանկարներ)

August 18, 2021

Հուլիսի 16-ին տեղի ունեցավ Newmag-ի ամառային առաջին փառատոնը։ Newmag Summer Fest-ի ընթացքում հրատարակչությունը նախաձեռնել էր հանդիպում հայ գրողների հետ, ովքեր նաև Newmag-ի հեղինակներն են։ Վերջին մեկ տարվա ընթացքում Newmag-ը հրատարակել է հինգ հայ հեղինակի գործ, որոնց վաճառքի տեմպերն արտասահմանյան գրքերին գրեթե չեն զիջել։ Հայ ընթերցողների հանդիպման ընթացքում Անի Քոչարը, Հարութ Կբեյանը, Արման Սաղաթելյանը, Արա Թադևոսյանը ներկայացրել են ոչ միայն իրենց գրքերը, այլև պատասխանել ընթերցողների հարցերին։ Գրողների հետ հանդիպմանը ներկա էին նաև Արցախյան վերջին պատերազմի մասնակիցները, որոնք հրատարակչության հատուկ հյուրերն էին։

Հարութ Կբեյան. «Լոտո»

Ով է Պողոսը, որ դարձել է Հարութ Կբեյանի «Լոտո» գրքի գլխավոր հերոսը։ Հանդիպման առաջին հարցը, որ լրագրող Շաքե Ղազարյանը հարցնում է գրողին։ Այս անունն անցած խորհրդարանում ամենաշատ քննարկվածն էր։ Նա Բաբկեն Թունյանի հարևանն էր, ում մեջբերելով՝ պատգամավորը ելույթ էր ունեցել։ Սակայն Կբեյանը հավատացնում է, որ սա այդքան էլ Թունյանի հարևան Պողոսը չէ. «Անունը հերոսի ուրիշ էր, սակայն ամենավերջում, երբ կարդացի այս կտորը, կինս ասեց, որ Պողոս անունը կսազի հերոսին։ Այդպես էլ մնաց Պողոս»։

«Լոտոյի» առաջին էջերը Հարութը սկսել է գրել 10 տարի առաջ, այդ ժամանակ խորհրդարանում Պողոսի մասին չէին էլ հիշել։ Հրատարակելուց մեկ տարի առաջ գրողն ամբողջացրեց ասելիքն ու ավարտեց գիրքը։ Իսկ որ կարծիքն է տպավորել Հարութ Կբեյանին իր գործի վերաբերյալ. «Ինձ հանդիպած տեսակետներից տպավորվել է հատկապես «Լոտոյի» համեմատությունը սթափեցնող հայելու հետ։ Եվ իսկապես՝ նայում ես վեպին, ու հայելու մեջ տեսնում ներքաղաքական կյանքը, երկրում տեղի ունեցածի գրական արտացոլանքը։  Թվում է՝ զավեշտ կա գրքում, բայց վեպը կենտրոնացնում է իրականությունը ողբերգության վրա»։ 

Արման Սաղաթելյան. «Կյանքի նյարդը»

Արցախյան վերջին պատերազմից ընդամենը մի քանի շաբաթ առաջ լույս տեսավ «Կյանքի նյարդը» վեպը։ Արման Սաղաթելյանի գրքի կիզակետում Մարտակերտն է, որի ազատագրման համար մղված մարտերին Արցախյան առաջին պատերազմում մասնակցել է նաև գրողը։ Նա Արցախ շտապեց նաև այս պատերազմին՝ Newmag-ի գրքի շնորհանդեսից ընդամենը 20 օր անց։

«Կյանքի նյարդը» Արցախի Անկախության օրը՝ սեպտեմբերի 2-ին էր ներկայացրել։  Ու դրանից հետո պատկերը տրամագծորեն փոխվեց։ Հենց դահլիճում ներկա այս պատերազմի մասնակիցների հետ գրողն ու զինվորները զուգահեռներ էին անցկացնում։

 

Գիրքը նվիրել է ընկերոջը՝ Տիգրանին, ում հաճախ Ծիգա է անվանում։ Փառատոնի օրը Տիգրանը դահլիճում էր, նա այժմ բնակվում է արտասահմանում։ Ըստ Արման Սաղաթելյանի, այս պատերազմին ևս Տիգրանը ցանկացել է մասնակցել, բայց հանգամանքների բերումով չի կարողացել. «Չկարողացավ գալ՝ Քովիդի պատճառով սահմանափակումներ կային, կարողանար, անպայման կգար։ Գրեթե հեռախոսով չենք խոսել պատերազմի օրերին, ծանր էր…»։

Անի Քոչար. «Հանձնվել չկա՛»

Փառատոնի այս սրահում հուզիչ պահերը շատ էին։ Պատերազմի թեմայից հետո Անի Քոչարի հետ հանդիպումն էր։ «Հանձնվել չկա՛» գիրքն այս ընթացքում շատերի համար է դարձել կոչ ու ապրելու կարգախոս։ Նրանցից շատերը ներկա էին, որ շնորհակալություն հայտնեին գրողին իրենց ոգեշնչելու համար։ Գիրքը գրելիս Անիի ցանկությունն էլ հենց դա էր՝ իր օրինակով ցույց տալ, որ պետք է պայքարել կյանքի ցանկացած մարտահրավերի դեմ։

  

«Այս գիրքը երբեք չհանձնվելու մասին է, իմ կոչը միայն քաղցկեղով հիվանդ մարդկանց չի վերաբերում։ Մոտիվացիա է բոլոր ու բոլոր իրադրությունների համար։ Երբ ծանր պահերին մի քիչ ուժ էի ունենում, գրում էի, քանի որ դա իմ առաքելությունն եմ համարել։ Պատմել, օգնել նրանց, ովքեր իմ պես այդ դժվարության մեջ են հայտնվել»։

Արա Թադևոսյան. «Երկու ռոք աստղ, երկու աղջիկ՝ չհաշված Արարատը»

Գրքի ստորագրություններն ու լուսանկարվելու հերթը հասավ Արա Թադևոսյանին։ «Երկու ռոք աստղ, երկու աղջիկ՝ չհաշված Արարտը» գիրքը լրագրողի հուշերն են՝ մի ամբողջ կյանքի երազանքը մի օր իրականություն դարձնելու համարձակ քայլի մասին։ Գրողն ընթերցողներին պատմեց, թե ինչպես մի օր որոշեց իրականություն դարձնել ամենախենթ երազանքը. « Երազանքն այնքան համարձակ էր, որ անիրագործելի էր թվում է։ Սակայն ստացվեց Հայաստան հրավիրել համաշխարհային այն ռոք աստղերին, որոնք ժամանակին օգնեցին Սպիտակի երկրաշարժից տուժած երկրին»։

 

Հեղինակն իր արկածները անվանում է անհավանական: Նա Հայաստան էր հրավիրել Իեն Գիլանին և Թոնի Այոմիին: Ու հետո նաև նրանց հետ հենց Գյումրիում իրականցրեց մի շարք ծրագրեր, այդ թվում՝ երաժշտական դպրոցի նորոգումը։ 2010 թվականին Արա Թադրոսյանի նախաձեռնությամբ կազմակերպվեց Իեն Գիլանի համերգները Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ. «2009-ին, երբ աստղերը ժամանեցին Հայաստան, գնացինք Գյումրի, հյուրընկալեցինք N6 երաժշտական դպրոց։ Սա միակ ուսումնական հաստատությունն էր, որը չէր նորոգվել երկրաշարժից հետո, ու Իեն Գիլանը որոշեց, որ կֆինանսավորի, որ դպրոցն ունենա նոր շենք»։

Newmag հրատարաչկության հեղինակներն այս պահին աշխատում են իրենց նոր գործերի վրա ու շուտով կներկայացնեն  նոր գրքերը՝ մեր օրերի, մեր իսկ խնդիրների ու երազանքերի մասին։