Տեղի ունեցավ «100 տարվա մարդասիրություն» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ, լուսանկարներ)

July 28, 2021

Արմենիա հեռուստաընկերության «Բարի լույս» ծրագրի ուղիղ եթերում տեղի ունեցավ Հայկական Կարմիր խաչի ընկերության 100-ամյա գործունեության մասին գրքի հեռուստաշնորհանդեսը։ Ավելի քան երկու տարի Newmag-ը Հայկական Կարմիր խաչի ընկերության հետ համատեղ ուսումնասիրել է բոլոր աղբյուրները, հավաքել ու առանձնացրել կառույցի վերաբերյալ եզակի տեղեկություններ և փաստավավերագրել մեկ գրքում: «100 տարվա մարդասիրություն» աշխատությունը տաղավարում ներկայացրել են գրքի հեղինակ Գոհար Մանուկյանը, խմբագիր Գնել Նալբանդյանը, ՀԿԽԸ լրատվական եւ լուսաբանման բաժնի ղեկավար Նունե Գրիգորյանը։

«100 տարվա մարդասիրություն». Հայկական կարմիր խաչի մեկդարյա պատմությունը մեկ գրքում է: Newmag հրատարակչությունը ներկայացնում է՝ ինչպես ստեղծվեց մարդասիրական ամենահայտնի կազմակերպությունը, հակազդեց պատերազմներին,  աղետներին ու ներքին խժդժություններին, դիմակայեց տնտեսական ու առողջապահական ցնցումներին: Չընդհատվող 100-ամյա բացառիկ մարդասիրության մասին գրքի հեղինակը Գոհար Մանուկյանն է. «100 տարի առաջ էլ կառույցը հայ ժողովրդի կողքին էր: Պատերազմներ են եղել, Կարմիր խաչի գործունեությունը չի դադարել երբեք:  4 գլուխ պետք է լիներ, բայց Քովիդի ու պատերազմից հետ գլուխներն ավելացան. սա նշանակում է,  որ Կարմիր Խաչի գործունեությունը չի դադարում: Գրքի էջերը կավելանային նույնիսկ հիմա, եթե այն արդեն հրատարակված չլիներ»:

Արխիվային նյութերն ու լուսանկարները Կարմիր խաչի օգնությամբ հեղինակը գտել ու հավաքել է անհատներից, արխիվներից ու թանգարաններից: Ու չնայած գիրքը վավերագրական է, լի փաստերով ու թվերով, գրքի ոճը զեկուցագրային ու արխիվային չէ. պատմողական է՝ մանրամասնում է գրքի խմբագիր Գնել Նալբանդյանը. «Շատ բաներ կրկնվում են այսօրվա իրականության հետ, պատվասատանյութերի նկատմամբ անվստահությունը: 1920-30-ականներին Կարմիր Խաչի կամավորները շրջում էին, հայտնաբերում վարակիչ հիվանդությունները, որոնց մասին մարդկիկ ամաչում էին խոսել: Համավարակները տարածվում էին, կանայք չէին խոստոսվանում, ասում էին՝ ամոթ է բժշկի գնալը»:

  

Հայկական Կարմիր խաչը 2020-ին դարձավ 100 տարեկան: Տոնական հոբելյանական միջոցառումներ չեղան. գարնանը սկսվեց համավարակը: Մարդասիրական կազմակերպությունը միանգամից մոբիլիզացրեց ուժերը կորոնավիուսի ուղղությամբ: Աշնանը սկսվեց 44-օրյա պատերազմը: Եվս մեկ ծանր ուղղություն, որտեղ Կարմիր խաչի դերակատարությունն ու օգնությունը մեծ էր:

1920 թվականից՝ իր ստեղծումից ի վեր կազմակերպությունը մարդասիրական ծրագրերով ու իր կամավորների հետ եղել է ամենախոցելիների կողքին, թեթևացրել մարդկային տառապանքն ու օգնել կարիքավորներին՝ նկատում է ՀԿԽԸ լրատվական և լուսաբանման բաժնի ղեկավար Նունե Գրիգորյանը. «Գրքի գաղափարը եղավ, քանի որ 100-ամյակն էր անցյալ տարի: Որոշեցինք ամփոփել այդ աշխատանքը: Ֆիլմը նկարեցինք, ապա գիրքը: Մի կողմից խանգարեց Քովիդը. գարնանը չնշեցինք, իսկ աշնանն էլ չեղարկեցինք հասկանալի պատճառով, բայց այս ընթացքում ավելացավ ևս երկու գլուխ»:

Կարդացեք նաև

Ազգային ընկերություն, որը միակն է, որը չընդհատվող մարդասիրություն է տարածում աշխարհում ու արդեն 100 տարի: Newmag հրատարակչության  «Հարյուր տարվա մարդասիրություն» գրքում հեղինակը ցույց է տալիս մեկ դար առաջ ու այսօր՝ Կարմիր խաչի մարդասիրական ամբողջ գործունեությունը թվերով, փաստերով, լուսանկարներով ու մարդկային պատմություններով: