Տեղի ունեցավ The New York Times-ի բեսթսելլերներ «Մեզնից մեկը ստում է» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ, լուսանկարներ)

April 20, 2023

Քարեն Մակմանուսի «Մեզնից մեկը ստում է» առաջին վեպը դարձավ բեկումնային իր իսկ գրական կարիերայի համար։ Գործն այնքան մեծ տարածում ունեցավ, որ գրողը կայծակնային արագությամբ դարձավ հաջողակ ու հանրահայտ ստեղծագործող։ Այն 150 շաբաթ մնացել է The New York Times-ի բեսթսելլերների ցանկում: Արմենիայի «Բարի լույս» ծրագրի շրջանակում տեղի ունեցավ գրքի հեռուստաշնորհանդեսը։

«Մեզնից մեկը ստում է» վեպը հետագայում դարձել է գրողի եռագրության առաջին գիրքը: Թարգմանվել է 42 լեզվով և ամբողջ աշխարհում վաճառվել ավելի քան 6 միլիոն օրինակ: Հայերն հրատարակությունը խմբագրել է Մարգարիտ Սարգսյանը. «Որպես ընթերցանության նյութ՝ շատ արագ կարդացվող է. Գործողություններն արագ են ընթանում, երկխոսությունները արագ են զարգանում, խճճված պատմությունները զուգորդում են իրար, անընդհատ սպասման մեջ ես։ Մի պահ սպասում ես հաջորդ էջին, հետո հաջորդ գլխին ու անհամբեր կարդում ես, որ ավարտն իմանաս։ Իսկական թռչող վեպ է»։

Peacock-ն էկրանավորել է վեպը, որը դիտում է ամբողջ աշխարհը՝ շունչը պահած։  Newmag-ի փոխտնօրեն Ավետիս Հարությունյանի խոսքով, վեպն էլ, սերիալն էլ ունեն նույն դինամիկան. «Խորհուրդ եմ տալիս նախ ընթերցել, հետո դիտել սերիալը։ Արագ զարգացող գործ է՝ անընդհատ կասկածում ես հերոսներին։ Դեռահասների համար շատ լավ գործ է։ Արծարծվում է, օրինակ, բուլինգի թեման։ Սա մեր երկրում էլ հիմա շատ տարածված է։ Ու որպեսզի դեռահասների մոտ բուլինգը չդառնա տրավմա, նման գրքեր պետք է կարդալ»։ 

Գրքի գործընկերը «Զանգակ» գրատունն է։ Գրականագետ Աստղիկ Օհանյանի խոսքով, հայ ու արտասահմանցի ընթերցողն ունի գրական նույն ճաշակը. «Ժամանակի տենդենցներին համահունչ են քայլում մեր հրատարակիչները ու հայերեն ներկայացնում են այն գրքերը, որոնք հենց այս պահին ընթերցում են ամբողջ աշխարհում։ Ինչպես և ենթադրում էինք, այս գիրքը մեծ պահանջարկ ունի, մի քանի օրվա ընթացքում համոզվեցինք՝ անընդհատ գնում են»։  

Իր գրավիչ և դինամիկ սյուժեով  թույլ է տալիս մտածել, կառուցել վարկածներ և լուծել գլուխկոտրուկներ: Քարեն Մակմանուսի «Մեզնից մեկը ստում է» թրիլլերն արդեն վաճառքում է՝ բոլոր գրախանութներում և newmag.am կայքում։

Կարդալ նաև