Օսկար Ուայլդ. Նա ապրում էր իր սեփական ժամանակի ու տարածության մեջ

May 26, 2017

Այսօր իմ բարի շուրջը տիրում էր նոր ընտանիքի ստեղծման խինդն ու ուրախությունը. հյուրերը նորաթուխ այր ու կնոջը մաղթում էին երջանկություն, խորհուրդներ էին տալիս իրենց փորձառության բարձունքներից և պատմում երջանիկ ընտանիքի գաղտնիքները։ Շամպայնի շշերը կրակում էին օդ, գոչյունները լցրել էին սենյակը, իսկ շնորհավորանքները տեղում էին սեփական ապագան առհասարակ չպատկերացնող, բայց արդեն պաշտոնապես ընտանիք հայտարարված զույգի վրա։ Այս համընդհանուր ուրախության մեջ նորապսակ հարսը, շամպայնի շիշը ձեռքին, մոտեցավ իմ բարին։ Առաջարկածս բաժակը մերժեց։ Նոր էր պատրաստվում խանդավառ պղպջակներով լի շիշը մոտեցնել բերանին, երբ ընկերները հետ կանչեցին նրան, որ ականջալուր լինի կյանքի հերթական իմաստությանը։ Մի վերջին թախծոտ հայացք գցեց մեկ ինձ, մեկ այդպես էլ չխմած շամպայնի շշին, թեթևակի շարժումով խոպոպը հեռացրեց ճակատից և հմայիչ ժպիտը դեմքին՝ միացավ խրախճանքին։ Հնարավոր չէր ավելի լավ նկարազարդում գտնել Օսկար Ուայլդի սրամիտ կերպարի՝ Ալջի Մոնքրիֆի խոսքին. «Ամուսնացած ընտանիքներում կարծես շամպայնը դադարում է լինել նախընտրելի խմիչք։ Ասա՛ ինձ, Լե՛յն, իրո՞ք ամուսնությունը հիրավի այդքան բարոյալքող է»։

«Առաջին բաժակից հետո դու տեսնում ես իրերն այնպես, ինչպես երազում ես, որ դրանք լինեն,


Երկրորդից հետո տեսնում ես այն, ինչ իրականում չկա։


Այնուհետև, ի վերջո, տեսնում ես ամենը, ինչպես կա,


Եվ դա թերևս ամենադաժան փորձությունն է քո կյանքում»։


Դուբլինում ծնված այս երիտասարդը մանկուց ուներ հաջողված կյանքով միջին վիճակագրական բրիտանացի դառնալու բոլոր նախադրյալները: Վարժ խոսում էր ֆրանսերեն և գերմաներեն, Օքսֆորդում սովորելու տարիներին ուսումնասիրում էր հռոմեական ու հունական պատմություն և փիլիսոփայություն։ Ծնողները հարգված էին լայն շրջանակներում. մայրը բանաստեղծությունների հեղինակ էր և գրական թարգմանություններ էր անում, հայրն էլ ասպետի կոչման էր արժանացել բժշկության ոլորտում իր ավանդի համար։ Ու չնայած երջանիկ ընտանիքի այս կերպարին՝ Օսկար Ուայլդը հաջողեցրեց մարդկանց հիշողության մեջ մնալ որպես բոլոր ժամանակների ամենավրդովեցուցիչ համբավն ունեցող կերպար, որը ճակատագրի հեգնանքով նաև կյանքի ու մարդկանց մասին ամենադիպուկ տողերի հեղինակն էր։
Վիկտորիանական Անգլիայի ցուցադրական սակավապետ հասարակության կարծիքով ամեն ինչ սկսվեց մասոններից։ «Մագդալեն» քոլեջում ուսանելու տարիներին Ուայլդը հայտնվեց մասոնների շրջապատում և, օթյակի գործունեությամբ հմայված, կարճ ժամանակում դարձավ նրանցից մեկը։ Մասոնական օթյակում նրա առաջընթացը բավական խոստումնալից էր. անկեղծորեն կիսելով իր եղբայրների գաղափարախոսությունը՝ Ուայլդը փորձում էր ամեն կերպ օգտակար լինել։ Այնուամենայնիվ, հենց այստեղ էր, որ Ուայլդը վարժվեց շքեղ ապրելակերպին և թանկ աքսեսուարներին. 4 տարի անց գերածախսի և անդամավճարն ամիսներ շարունակ ուշացնելու պատճառով կասեցվեց նրա անդամակցությունն «Ապոլլոն» օթյակին։
Վիկտորիանական բարձրաճաշակ հասարակությունը Ուայլդի կերպարը բացատրում էր նաև իր հարբեցողությամբ։ Աբսենտի հանդեպ նրա հակվածության մասին այնքան լեգենդներ են հյուսվել, որ դժվար է պատկերացնել, որ իրականում Օսկար Ուայլդը բավական անտարբեր էր այս խմիչքի հանդեպ։ Ավելին, նա պնդում էր, որ այդպես էլ չկարողացավ լիարժեք սիրել աբսենտի համը, պարզապես խմիչքն այնքան սազական էր իր կերպարին, որ մեծ բացթողում կլիներ արհամարհել այն։
Այնտեղ, որտեղ մարդիկ տեսնում էին միայն դավադրություններ ու հարբեցողության թմբիրի մեջ նիրհող ուղեղ, թաքնված էր գեղեցիկը գտնելու անվերջ մրցավազքը։

Իսկ իրականում ամեն ինչ սկսվեց էսթետիզմով տարվելուց։ Շարժման հետևորդները՝ երաժիշտներ, նկարիչներ և գրողներ, իրենց գործերում և կյանքում կարևորում էին գեղեցկությունը և ոչ սոցիալական հարցադրումներ կատարելը կամ խորքային իմաստի փնտրտուքը։ «Արվեստը հանուն արվեստի». այսպես էին նրանք նկարագրում իրենց գործը։ Էսթետիզմն ուղղակիորեն սերում էր դեկադանսից, քարոզում էր երբեմն արհեստականության հասնող չափանիշներ, և, բնականաբար, դրա հետևորդներն արժանանում էին «լուրջ» արվեստի սիրահարների քննադատությանը։
Այդպես էլ Ուայլդը, 1870-ականներից հարելով էսթետիզմին, իր` այդ ժամանակ դեռ նեղ շրջապատում հայտնի դարձավ էքստրավագանտ վարքով ու բոլորի համար անհասկանալի կերպարով։ «Մագդալեն» քոլեջում սովորելու տարիներին նա իր սենյակը զարդարել էր սիրամարգի փետուրներով, շուշաններով, արևածաղիկներով, հյուր ընդունելիս թեյը մատուցում էր միայն թանկ ճենապակե գավաթներով։ Հյուրերի ապշած հայացքներին ի պատասխան՝ նա ցրված ժպիտով հայտարարում էր, որ նրանք պատկերացում էլ չունեն, թե ինչ բարդ է ապահովել «իր թանկ սպասքին համապատասխան ապրելակերպ»։
Ուայլդի և այդ ժամանակի Անգլիայի միջև անհաղթահարելի մեկ այլ տարբերություն էլ կար՝ հեղինակի հախուռն և անկայուն վերաբերմունքը կրոնի հանդեպ։ Մանուկ հասակում նա մկրտվել էր անգլիկան եկեղեցում, այնուհետև մոր խնդրանքով մեկ անգամ էր մկրտվել, այս անգամ՝ կաթոլիկ քահանայի ձեռքով։ Մասոնական փուլի ավարտից հետո նա որոշեց վերադանալ կաթոլիկ եկեղեցու գիրկը։ Կրոնի հանդեպ նորահայտ իր հետաքրքրությունը Ուայլդը փայփայում էր մեծագույն նվիրումով։ Նա հանդիպումներ կազմակերպեց բարձրաստիճան հոգևորականների հետ, նույնիսկ առանձնազրույց ունեցավ Հռոմի Պիոս IX պապի հետ։ Ներշնչվելով աստվածաբանական դոգմաների քննարկումով և բարեպաշտ քրիստոնյայի կերպարը որդեգրելու որոշումով՝ նա կարգադրեց կազմակերպել իր երրորդ մկրտությունը։ Նշանակված օրը, սակայն, Օսկար Ուայլդի փոխարեն եկեղեցու խորանի աստիճաններին կարելի էր տեսնել միայն շփոթված քահանային և սպիտակ շուշանների մի հոյակապ փունջ։

***


Չնայած աբսենտի և Ուայլդի ընկերության մասին լեգենդներին՝ այնուամենայնիվ նրա հարբեցողության մասին քիչ էր խոսվում, իսկ էքստրավագանտ ոճի, չափազանց շվայտ ապրելակերպի և այդ ժամանակ անօրինական համարվող հոմոսեքսուալ կապերի մասին` շատ։ Բացի այդ՝ ո՞վ կհամարձակվեր հարբեցող անվանել Լոնդոնի բարձրագույն հասարակության երեկույթների մշտական հյուրին՝ մարդու, որը, անկախ հաջողություններից կամ ձախորդություններից, մշտապես պտտվում էր՝ շամպայնի գավաթը ձեռքին։ Ուայլդը բոլոր հավաքվածներին հիմնականում համարում էր ամբարտավան և կեղծ, բայց սիրում էր այցելել երեկույթներ, քանի որ դրանց ընթացքում «նույնիսկ ամենահարգված այրերը չէին խոսում քաղաքականության մասին»։ Բոլորն արբենում էին շամպայնով, ամենաթողության ու հասանելիության ոգով, և ի վերջո հաճույքն էր սկսում առաջնորդել մեծին թե փոքրին, բարեպաշտ փարիսեցուն թե վերջին մեղսավորին։ Ուայլդը գինարբուքների ընթացքում հիմնականում ճառում էր գեղեցիկի մասին՝ հավաքվածներին համոզելով, որ հաճույքն այնքան զորեղ ուժ է, որ մի օր անպատճառ ծնկի կբերի սպառողական արժեքները։


[Սեղանի հակառակ կողմում]



«Դորիան Գրեյի դմանկարը» լավագույն կերպով նկարագրում է հեղինակի երևակայական աշխարհի ու ցանկությունների անզսպությունը։ Այդ իսկ պատճառով վեպի առաջին խմբագրությունը քննադատները խարազանեցին` դեկադանսի ու հոմոսեքսուալ բնույթի անթաքույց ակնարկների համար։ Վեպը հռչակվեց «աղտեղի», «թունոտ» և «հոգևոր ու բարոյական փտման՝ սրտխառնուք առաջացնող գարշահոտով լի»։
Ինչպես համալսարանական տարիներին նա անհոգ պատասխանում էր իր սենյակ մտնող այցելուներին, այնպես էլ այժմ նա իրեն բնորոշ սրամտությամբ ու հանդգնությամբ պատասխանեց, որ արվեստի գործերը չեն կարող լինել բարոյական կամ անբարո, այլ միայն լավ կամ վատ գրված, և որ միայն անգրագետ ռամիկները կարող են նմանատիպ զատում դնել արվեստում։ Այսպիսի վատ օրերին նույնպես շամպայնի բաժակը չէր իջնում Ուայլդի ձեռքից, մեկ տարբերությամբ, որ ձախորդության դառնությունը սփոփելու համար հեղինակն իր խմիչքը համեմում էր ափիոնով և քլորով։
***
1890-ականների կեսին Օսկար Ուայլդը ձերբակալվեց երիտասարդ տղաների վճարովի, իսկ երբեմն՝ անհատույց սիրո հանդեպ ունեցած իր թուլության համար։ Երկու տարի բանտում անցկացնելուց հետո նա մեկընդմիշտ լքեց իր հայրենի կղզին ու տեղափոխվեց Փարիզ։  Այն մարդը, որի քսակից արքայազունները հյուրասիրվում էին ափիոն, որն ուներ այն ամենը, ինչ մահկանացուն կարող է ստանալ՝ լինելով միաժամանակ հարուստ և հայտնի, այս նույն մարդն այժմ ապրում էր խղճուկ հյուրանոցային համարում, որտեղ պաստառների անտանելի զոլերի դեմ ամենօրյա պայքարը նրան ուժասպառ էր անում։ Եվ նույնիսկ այստեղ, չունենալով անգամ պատշաճ ընթրիք գնելու հնարավորություն, նա պահպանում էր իր՝ սրտեր հալեցնող սրամտությունն ու հմայքը, որի շնորհիվ միշտ գտնվում էին մարդիկ, որոնք նրա համար գնում էին մի քանի բաժակ աբսենտ։ Կերպարը պահելը շատ կարևոր էր, մասնավորապես իր համբավի համար օրհասական այս պահին։

***


Օսկար Ուայլդին հանդիմանում էին շվայտ ապրելակերպի, ազատորեն սիրելու ու կանոններին տեղի չտալու համար, մինչդեռ նա ապրում էր իր սեփական ժամանակի ու տարածության մեջ՝ պատրաստ իր փոքրիկ տիեզերքում հյուրընկալել նրանց, ովքեր չէին վախենում քայլ կատարել դեպի անհայտությունն ու տեսնել ավելին։
Էլիզաբեթ II թագուհին 2017-ին հետմահու արդարացրեց Օսկար Ուայլդին ու ևս 50000 տղամարդու, որոնց ժամանակին ազատազրկել էին հոմոսեքսուալ կապերի համար։ Բայց ինչ-որ բան ինձ հուշում է, որ եթե Ուայլդն ապրեր մինչև մեր ժամանակները, այդ օրը նա պարզապես սպիտակ շուշանների մի անպարկեշտ շքեղ ու թանկ փունջ կուղարկեր նորին մեծությանը։
«Ես ցանկանում էի համտեսել աշխարհի բոլոր այգիների մրգերը։ Եվ ահա ես դուրս եկա և ապրեցի այդպես՝ տենչալով հագեցնել անհագուրդ քաղցս… Միակ սխալը, որ թույլ տվեցի, այն էր, որ սահմանափակվեցի այգու արևկող թվացող անկյունում աճող ծառերով՝ հրաժարվելով ստվերոտ կեսից, քանզի այնքա՜ն վախենում էի մոտենալ մթին»։

Սա է գուցե շամպայնի այդքան գրավիչ ու միևնույն ժամանակ այդքան հուսախաբ անող պատրանքը. երբ պղպջակներն անէանում են գավաթից, կորչում է նաև խրախճանքի ոգին։ Կորչում է պատրանքը, և մնում ես դեմ առ դեմ հասարակ սպիտակ գինու հետ, որը համարձակվել էր գեթ մի քանի ժամով հագնել ճոխ հանդերձանքն ու պարին տրվել։ Ամեն անգամ հույս ունենալով, որ այդ օրը դա կտևի գոնե մեկ ամբողջ գիշեր։
Բարեբախտաբար, նորապսակներն առաջին շնորհավորանքներից հետո մոռացան շամպայնի մասին, ու այժմ ես ունեմ մի քանի շիշ պարահանդես և պատրանքի մեջ մի քանի ժամ ապրելու հնարավորություն։

Հեղինակ` Սոնա Գասպարյան