Լուսանկարներ և տպավորություններ՝ Newmag-ի «Ոտքի կանգնիր» ֆիլմի պրեմիերայից
Newmag-ը «Բազկամարդը» գրքին զուգահեռ ներկայացրեց նաև «Ոտքի կանգնիր» ֆիլմը։ Հայոց բանակի 30-րդ տարեդարձին տեղի ունեցավ գրքի շնորհանդեսն ու ֆիլմի պրեմիերան։Մեր ֆոտոխցիկը հավերժացրել է ակնթարթներ, որոնք ներկայացնում են հագեցած օրվա ուշագրավ դրվագները։
«Բազկամարդը» գիրքը և «Ոտքի կանգնիր» ֆիլմը պատմում են Սարգիս Ստեփանյանի արտասովոր կյանքի, երկաթե կամիք ու մեծ ծրագրերի մասին։
2014-ին ընկերոջը փրկելիս կորցրեց երկու ոտքն ու մի ձեռքը, բայց ոչ միայն սկսեց քայլել, այլև դարձավ նման վիճակում հայտնված տասնյակ զինվորականների մոտիվացիան: Սարգիսը սկսեց զբաղվել պրոֆեսիոնալ սպորտով, դարձավ Բազկամարտի աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների բազմակի չեմպիոն:
Սարգիս Ստեփանյան. «Բազկամարդը» գրքի հեղինակ. «Այս գիրքն իմ կյանքի պատմությունն է, սակայն վերաբերվում է բոլորին, քանի որ ապրելու, կյանքը սիրելու, ժպտալու, չհանձնվելու, չընկճվելու մասին է, այն մասին, որ մինչև կորցնելն է անհրաժեշտ գնահատել ունեցածդ: Շատ լավ ուղերձներ ունի, որոնք հատկապես հիմա անհրաժեշտ են մեր ազգին։ Մենք ազգովի հոգեպես վիրավորված ենք և վերականգնման կարիք ունենք, ուստի յուրաքանչյուրս պետք է ուժեղ լինի, ինչը կօգնի ոտքի կանգնել»:
Դավիթ Դավթյան, «Բազկամարդը» գրքի համահեղինակ. «Գրքում մինիմալի ենք հասցրել, որ մարդիկ ամենակարևոր խորհուրդներն ու ուղերձները հասկանան։ Փորձել ենք զգայուն հարցերին ավելի լուրջ մոտենալ, որ ընթերցողը, դժբախտություն ապրած մարդը, ընտանիքը կարողանան մոտիվացիայի որևէ տարր գտնել, կարողանա տեսնել, որ կա կենդանի օրինակ՝ մեր կողքին, մեր օրերում ապրող մարդ, որը հաղթահարել է ամենաբարդ բանը և էստաֆետը փոխանցում է մյուսներին»։
Վանիկ Ստեփանյան, Սարգիս Ստեփանյանի հայրը. «Իր նմանը չկա։ Սաքո չկա։ Գերհզոր մարդ է։ Նա միայն իմ տղան չէ, բոլորինն է»։
Սեյրան Օհանյան, ՀՀ պաշտպանության նախկին նախարար. «Վիրավորվելը տղամարդու համար է, և կարելի է հաշմված լինել ֆիզիկական առումով, մարմնի տարբեր մասերով, բայց երբ մարդը հաշմված է հոգեպես, արդեն այդ մարդը անընդունելի է»: Սարգիսը մի մեծ թիմի հրամանատար է, որոնք հոգեպես կանգնել են ու նորից ծառայում են հայրենիքին»։
Անժելա Էլբեգովա, Ադրբեջանագետ. «Սարգիս Ստեփանյանի մասին պատմող ֆիլմի պրեմիերային էի։ Սարգիսը ու իր պես մարդիկ են այսօր մեզ համար վարքագծային մոդել են։ Իրենք են Բանակը, իրենք են Մարդը, իրենք են Հույսը։ Էնքան ուժ ու էներգետիկա ստացա ու շնորհակալություն Newmag-ի թիմին մեր ժամանակների իրական հերոսների մասին պատմելու համար»։
Լևոն Քոչարյան, ՀՀ ուժային եռամարտի ֆեդերացիայի նախագահ. «Շնորհավորում եմ իմ լավ ընկերոջը, ԶՈւ սպա, հերոս Սարգիս Ստեփանյանին, իր կենսագրականը ներկայացնող «Բազկամարդը» գրքի հրատարակման կապակցությամբ: Ասել, որ Սարգիսը չափազանց կարևոր գործ է անում, նշանակում է չասել ոչինչ: Ցավում եմ, որ կովիդի պատճառով չկարողացա ներկա գտնվել գրքի շնորհանդեսին: Անհամբեր սպասում եմ գրքի իմ օրինակին»:
Հասմիկ Առաքելյան, լրագրող. «Դեռ միայն ֆիլմն եմ դիտել «Ոտքի կանգնիր». հուզվեցինք, զարմացանք ու ուժեղացանք՝ այն դիտելով: Իսկ գիրքը նոր պիտի կարդամ, բայց հաշվի առնելով, թե ինչ պրոֆեսիոնալ է Դավիթը ու ինչ ֆանտաստիկ խմբագրակազմ է այս ամենի թիկունքում կանգնած, որը նաև այս ամենի մեծ մոտիվատորն է, ապա վստահ եմ, որ անթերի աշխատանք է տարված»։
Սարգիս Հարությունյան. Զինհաշմանդամ. «Աննկարագրելի է իր վերաբերմունքը մեր հանդեպ։ Մարդ տեսակը, ուժը ամեն ինչը մոտիվացնում է»։
Ոչ մի բեմադրված կադր, ոչ մի չափազանցութուն կամ սցենարական հնարք: Սարգիս Ստեփանյանի մասին պատմող «Ոտքի կանգնիր» վավերագրական ֆիլմը կարող եք դիրտել նաև դուք։