Տեղի ունեցավ Մարգարիտա Գրաչովայի «Երջանիկ առանց ձեռքերի» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ, լուսանկարներ)
Արմենիա հեռուստաընկերության ուղիղ եթերում դիտեք Մարգարիտա Գրաչովայի «Երջանիկ առանց ձեռքերի» գրքի հեռուստաշնորհանդեսը: Սարսափելի, բայց իրական պատմություն, որ դարձավ ինքնակենսագրական ու ցնցեց ամբողջ Ռուսաստանը: Շնորհանդեսին ներկա էին գրքի խմբագիր Արմեն Ամիր
Խանդոտ ամուսինը 2017 թվականի դեկտեմբերին Մարգարիտային տանում է անտառ ու կտրում երկու ձեռքերը: Բժիշկները դժվարությամբ կարողանում են վերականգնել ձախ դաստակը. «Որոշ բաներ չեմ կարողանում անել, օրինակ երեխայիս եղունգները կտրել: Լավ է, մայրս հաճախ է գալիս, օգնում է: Բայց դե փորձում եմ ամեն ինչին հարմարվել, ինքնուրույն անել գործերը՝ կարտոֆիլ մաքրել, կոճակ կարել: Մի կոճակը մի 15 րոպեում եմ կարում»:
6 տարի է անցել դաժան ու սարսափելի դեպքից: Մարգարիտան գերմանացի բժիշկների շնորհիվ ունի նոր՝ արհեստական ձեռք: Նոր կյանք է սկսել նոր քաղաքում ու գրել է գիրք, ինչպես երջանիկ ապրել՝ առանց ձեռքերի ու ամեն օր սրտում ահով՝ թե բռնարարը շուտով դուրս կգա բանտից: «Երջանիկ առանց ձեռքերի» գրքի թարգմանիչ Անուշ Մուրադյանն ամեն մի նախադասությունը թարգմանել է դժվարությամբ. «Հրեշավոր պատմություն է, սեփական ամուսինն է կտրել ձեռքերը….. Խանդի զգացողությունը, որ պետք է ամեն ինչ ստուգեր, նույնիսկ ներքնաշորն է ստուգել, ամեն հարցում մտածել է՝ ուրեմն դավաճանել է»:
Մարգարիտան գիրքը գրել է իր ու մյուս բոլոր կանանց համար, ովքեր ամեն օր ենթարկվում են բռնության ու վախենում են դուրս գալ փակ վանդակից՝ մանրամասնում է գրքի խմբագիր Արմեն Ամիրխանյանը. «Գիրքը գրել է աղջկա մայրը, քանի որ նա գրել չէր կարող: Սա աղջկա պայքարն է, գիրքը դրա համար է: Նորովի պետք է ապրեն, առանց ձեռքերի: Ոչ միայն ընտանեկան պատմություն է, այլ նաև հաշմանդության, նոր՝ արհեստական ձեռքեր ունենալու: Մենք էլ հետպատերազմայն հասարակություն ենք, օգտակար գիրք է»:
«Երջանիկ առանց ձեռքերի» գիրքը սկսվում է դաժանությամբ, հետո համառ պայքարն է՝ կյանքի, կորցրած ձեռքերի ֆանտոմային ցավերի ու նորից երջանիկ դառնալու համար: Նույնիսկ մեկ օր չի մոռացել բառերը, որոնք ասում էր ամուսինը՝ ձեռքերը կացնով կտրելիս՝ այլևս չես կարողանա անել այն, ինչն ամենաշատն ես սիրում՝ շոյել երեխաներիդ. «Շատ եմ վախենում, Պետական պաշտպանության ոչ մի մեխանիզմ չկա: Իսկ հանցագործը, սովորաբար, ցանկանում է ավարտել սկսածը: Հատկապես, որ սպառնացել է ինձ»:
Մարգարիտա Գրաչովան Newmag-ի ընթերցողներին տեսաուղերձով կոչ է արել չլռել, խոսել բռնության մասին ու երբեք չմնալ բռնարարի հետ: Կանանց աջակցման կնտրոնի աշխատակից Նարե Հայրապետյանի խոսքով, ամենամեծ խնդիր մեր երկրում այն է, որ զոհը կարծում է՝ պետք է լռել. «Զոհերը մտածում են՝ պետք է դիմանալ, համակերպվել, որովհետև բռնարարը մեզ հարազատ մարդ է, մեր ամուսինը, հայրը, եղբայրը: Տեսնում եմ կողքի մարդկանց վերաբերմունքը»:
Հայաստանում բռնության ենթարկվում են հիմնականում կանայք ու երեխաները: Ըստ փորձագետ Նելլի Դուրյանի, 2022 թվականին ընտանեկան բռնության զոհ է դարձել ինը կին: «Երջանիկ առանց ձեռքերի» գրքում Newmag-ի ընթերցողները կգտնեն ընտանեկան բռնության մասին թռուցիկ՝ SAFE YOU հավելվածի մասին: Ըստ այս հարթակի հիմնադիր տնօրեն Մարիամ Թորոսյանի, ընդամենը մեկ հպում ու օգնությունը չի ուշանա. «Երեք գործիք կա: Մեկ հպումով տեղեկացնում է, որ վտանգի մեջ է օգտատերը: Տեղակայման վայրն է ուղարկվում: Միանում է ձայնագրություն: Երբ հասնում են դեպքի վայր, հաճախ, ակնհայտ չի լինում դեպքը: Արդեն օգտագործվել է նաև դատարանում ձայնագրությունը»:
«Երջանիկ առանց ձեռքերի» գիրքը սիրո, բռնության, ցավի ու անդառնալի կորստի մասին է: Բայց նաև նոր կյանք սկսելու մոտիվացիոն ձեռնարկ է: Մարգարիտան ազատվել է ընտանեկան բռնության զոհի սինդրոմից: Գրել է գիրք, կրկին զգում է, որ գեղեցիկ է ու գրավիչ, թռչում է օդապարիկով, գնում է դայվինգի: Նորից ամուսնացել է և ունի ևս մեկ որդի: Մարգարիտայի երեխաները Մաքսիմին հայրիկ են կոչում, իսկ իրենց հորը՝ վատ մարդ: Այս գիրքը բոլորին հիշեցնում է՝ ամեն ինչ քո ձեռքում է, եթե նույնիսկ այն մեկն է:
Կարդացեք նաև