Հրատարակվել է SMART մատենաշարի 2-րդ գիրքը՝ Սքոթ Գալուեյի «Մեծ քառյակը» աշխատությունը (թրեյլեր)

December 21, 2022

«Մեծ քառյակը. Amazon, Apple, Facebook, Google ընկերությունների թաքնված ԴՆԹ-ն» գիրքը տեխնոլոգիաների և թվային լրատվամիջոցների բուրգի վերևի չորս ընկերությունների մասին է։ Մոլորակի չորս ամենաազդեցիկ ընկերություններից յուրաքանչյուրը շատ տարբեր է, բայց կան բազմաթիվ նմանություններ, որոնք օգնել են քառյակին դառնալ այդքան ազդեցիկ: Ինչպես է հաջողվում նրանց բարեփոխել աշխարհը, այդքան հզորանալ, դառնալ առանձին կայսրություններ: Առաջին անգամ ամերիկացի բիզնես պրոֆեսոր Սքոթ Գալուեյն իր «Մեծ քառյակը» գրքում բոլորովին այլ տեսանկյունից ներկայացնում է Amazon, Apple, Facebook և Google ընկերությունների հաջողության բանաձևերը:

Վերջին 20 տարիների ընթացքում տեխնոլոգիական 4 հսկաները մարդկությանն ավելի մեծ բերկրանք են պարգևել, հաղորդակցման, նյութական բարեկեցության և հայտնագործությունների համար ավելի շատ հնարավորություններ են ընձեռել, քան մարդկության պատմության ընթացքում որևէ այլ կազմակերպություն: Apple-ը, Amazon-ը, Facebook-ը և Google-ը ստեղծել են բարձր վարձատրվող հարյուր հազարավոր աշխատատեղեր: Այս Մեծ քառյակի ստեղծած տարատեսակ ապրանքներն ու մատուցած ծառայություններն այսօր միլիարդավոր մարդկանց առօրյա կյանքի անբաժան մասն են: Սակայն արժի նաև մեկ այլ տեսակետ քննարկել, ինչն էլ արել է պրոֆեսոր Սքոթ Գալուեյն իր «Մեծ քառյակը» գրքում:

Հրապարակախոս, հեղինակ և ձեռնարկատեր Սքոթ Գալուեյը 2012-ին ճանաչվել է աշխարհի 50 լավագույն բիզնես դասավանդող դասախոսներից մեկը: Նյու Յորքի համալսարանի դասախոսը հիմնել է մարկետինգի խորհրդատվական ընկերություն, էլեկտրոնային առևտրի առաջին կայքերից մեկը: Նրա յութուբյան ալիքին, փոդքասթին և բլոգին հետևում են միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում: 4 հսկաների մասին վերջին երկու տասնամյակում պատմել ու գրել են շատերը, բայց Սքոթ Գալուեյի ձեռագիրը բոլորից տարբերվում է։ Այդ ընկերությունների գեներացրած առասպելներին տրվելու փոխարեն՝ Գալուեյն իր գրքում կարևորագույն հարցեր է տալիս:

                                                                                             

«Մեծ քառյակի ընկերությունները մարմնավորում են Աստծուն, սերը, սեքսը և սպառումը ու ամեն օր միլիարդավոր մարդկանց կյանքն ավելի լավն են դարձնում: Սակայն դրանք չեն մտահոգվում մեր հոգեվիճակով, մեր ծերության ժամանակ հոգ չեն տանի մեր մասին ու մեր ձեռքը չեն բռնի։ Այս ընկերություններն իրենց ձեռքերում ահռելի իշխանություն են կենտրոնացրել, իսկ իշխանությունը միշտ կոռումպացված է։ Նրանք խուսափում են հարկերից, ներխուժում են անձնական կյանք և հանուն ավելի մեծ շահույթի՝ ոչնչացնում են աշխատատեղերը։ Խնդիրը ոչ միայն այն է, որ դա առհասարակ կատարվում է, այլև այն, որ Քառյակը դա չափազանց լավ է անում»։  

SMART-ը Newmag հրատարակչության  ու Digitain ընկերության համատեղ մատենաշարն է: ՏՏ ոլորտի ամենահայտնի հեղինակների գործերը կթարգմանվեն ու կհրատարակվեն հայերեն: Առաջինը Փիթեր Թիլի «Զրոյից՝ մեկ» գիրքն էր: Երկու գրքերի թարգմանիչը Լիանա Զաքարյանն է։

  • Newmag-ի 2022-ի վերջին գրքի շնորհանդեսը տեղի կունենա դեկտեմբերի 22-ին, 19։30-ին,
  • գրասենյակին կից FoodPark by DownTown-ում (Ծովակալ Իսակովի պողոտա 11)։
  • Շնորհանդեսի օրը գիրքը վաճառվելու է հատուկ զեղչով։ Մուտքն ազատ է։