Newmag-ը ներկայացնում է Օլիվեր Սթոունի «Զրուցելով Պուտինի հետ» գիրքը հայերեն (թրեյլեր)
Newmag-ը հայ-ռուսական Օրակուլ մատենաշարով հայերեն է թարգմանել և հրատարակել վերջին տասնամյակի ամենասկանդալային գրքերից մեկը՝ աշխարհահռչակ ռեժիսոր Օլիվեր Սթոունի «Հարցազրույցները Վլադիմիր Պուտինի հետ»։ Ինչ ընտանիքում է ծնվել, ինչպես է մահացել իր մանկահասա
Օլիվեր Սթոունի վավերագրությունը հիմնված է մի քանի առանցքային թեմաների վրա։ Նախ՝ Պուտինի անձնական կյանքը։ Գրքում Ռուսաստանի նախագահը բացահայտում է իր ընտանիքի պատմության ամենաողբերգական էջը։ Խոսում մանկահասակ եղբոր մահվան մասին, ներկայացնում իր հարաբերությունները նախկին կնոջ, երեխաների ու թոռների հետ։
«Զրուցելով Պուտինի հետ» գրքի առանցքում նաև Արևմուտքի հետ հարաբերություններն են։ Պուտինը մանրամասն խոսում է Ուկրաինայի մասին։ Բացատրում, թե ինչն է իրեն մտահոգում և թե ուր կարող է տանել հարցազրույցի ժամանակ դեռ սառեցված հակամարտությունը։ Անդրադարձ կա նաև Պուտինի և Միացյալ Նահանգների նախագահների հարաբերություններին։ Հեղինակի գնահատմամբ, Պուտինը մնում է՝ նրանք փոխվում, բայց, ըստ նրա, նախագահների փոփոխությամբ ամերիկյան քաղաքականությունը նույնն է մնում։
Ամերիկյան պետական համակարգին բազմիցս ձեռնոց նետած օսկարակիր ռեժիսորի նպատակը ՌԴ նախագահի խոսքն ամերիկացիներին հասցնելն էր. «Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը միմյանց չեն հասկանում, շատ ամերիկացիներ կարծիք են կազմում քարոզչության հիման վրա, սրանով ամերիկացիները կարող են տեսնել, թե ինչ է ասում հակառակ կողմը»։
Օլիվեր Սթոունը Ռուսաստանի նախագահի հետ հանդիպել է ավելի քան տասն անգամ՝ 2015-ից 17 թվականներին: Կրեմլում, օդանավում, մեքենայի ղեկին ու հոկեյի սառցադաշտում հարցազրույցների ընդհանուր տևողությունը կազմել է 20 ժամ, որից ստացվել է 4 ժամանոց վավերագրական ֆիլմ։ Ամերիկյան լսարանին ֆիլմը մատուցվելուց հետո ամիսներ անց այն վերածվեց գրքի՝ ներկայացնելով բացառիկ մանրամասներ Պուտինի անցյալի, աշխարհի ու դրա կործանման վերաբերյալ նրա մտորումների մասին։
Ամերիկացի ոչ մի լրագրող երբևէ այդքան երկար չի շփվել Պուտինի հետ։ Վավերագրական չորս մասանոց ֆիլմը հեռարձակվել է Showtime հեռուստաալիքով՝ առաջացնելով մեծ սկանդալ։ Բայց դրանից հետո սկանդալն ավելի է մեծացել, երբ հրատարակվել է գիրքը՝ ամբողջական հարցազրույցով և ֆիլմից դուրս մնացած հատվածներով։
Այս գիրքն ընթերցողին ծանոթացնում է Վլադիմիր Պուտինի հետ, ցույց է տալիս նրա ապրումները, ամբողջ աշխարհի վրա ազդող որոշումների կայացման մեխանիզմն ու դրա հիմքում դրված առաջնորդի աշխարհայացքի արմատները։