Newmag-ը ներկայացնում է տարվա թրիլլերը՝ Ալեքս Մայքլիդիսի «Լռակյաց հիվանդը» (թրեյլեր)

February 13, 2021

Amazon-ն այն համարել է Տարվա լավագույն գիրք, The New York Times-ը N1 միջազգային բեսթսելլեր, իսկ Gooodreads Տարվա լավագույն թրիլլեր: Newmag-ը թարգմանել ու հրատարկել է վերջին տարիների լավագույն համարվող թրիլլերը՝ Ալեքս Մայքլիդիսի «Լռակյաց հիվանդը»: Այս վեպը գրաքննադատների բնորոշմամբ, խորհրդավոր է, պատկերավոր, խելացի, ինտրիգային: «Լռակյաց հիվանդը» հեղինակի առաջին վեպն է: Ըստ գրաքննադատների, Ալեքս Մայքլիդիսը ստեղծել է օրիգինալ, գայթակղիչ հոգեբանական առեղծված, այնքան ոլորապտույտ, այնքան յուրօրինակ, որ այն դարձել է մի առանձին ժանր։ Գեղեցիկ լեզու, նրբորեն մտածված սյուժե, պատմություն, որ անգթորեն կլանում է ու բաց չի թողնում այնքան, մինչև հասնում ես վերջին՝ ցնցող ու միաժամանակ խիստ տրամաբանական շրջադարձին:

44-ամյա բրիտանացի գրող Ալեքս Մայքլիդիսը նաև սցենարիստ է: Նա Քեմբրիջի համալսարանի շրջանավարտ է: Սցենարներից հետո որոշում է գրքեր գրել և  դեբյուտային վեպը դառնում է հենց «Լռակյաց հիվանդը»: Հրապարակման առաջին իսկ շաբաթվա ընթացքում հայտնվել է New York Times-ի կոշտ կազմով գեղարվեստական բեսթսելլերների առաջին հորիզոնականում: «Լռակյաց հիվանդը» նվաճել է նաև Goodreads մրցանակը, որպես 2019-ի լավագույն առեղծվածային թրիլլեր:

Ալեքս Մայքլիդիսի վեպի գործողությունները կառուցված են Ալիսիա Բերենսոն անունով մի արվեստագետ կնոջ շուրջ: Թրիլլերի գլխավոր հերոսուհու կյանքը, թվում է, կատարյալ է: Հայտնի նկարչուհին ամուսնացած է նորաձևության ոլորտում հանրահայտ լուսանկարչի հետ, ապրում է Լոնդոնի հեղինակավոր թաղամասում: Մի օր ուշ երեկոյան, ամուսինը՝ Գաբրիելը, վերադառնում է նկարահանումից, և Ալիսիան 5 անգամ կրակում է նրա դեմքին, ինչից հետո այլևս ոչ մի բառ չի արտասանում:

Ալիսիան հրաժարվում է խոսել կամ որևէ կերպ բացատրել եղելությունը, ինչի պատճառով ընտանեկան ողբերգությունը վերածվում է մեծ առեղծվածի, որը բորբոքում է հանրության երևակայությունը։ Ալիսիան անմիջապես հայտնի է դառնում, իսկ նա՝ լռակյաց հիվանդը, գովազդային վահանակներից ու հանրության ուշադրությունից թաքնվում է հոգեբուժարանում: Հենց այդտեղ էլ Թեո Ֆաբեր անունով քրեական հոգեթերապևտը փորձում է խախտել հիվանդի լռությունը. նա երկար է սպասել Ալիսիայի հետ աշխատելու հնարավորությանը: Որոշել է ստիպել, որ Ալիսիան խոսի և բացահայտի, թե ինչու է սպանել ամուսնուն:

Վեպն առանձնանում է իր ճկուն լեզվով, տիպիկ համեմատություններով և դիպուկ նկարագրություններով. «Չկարողանալով հաշտվել իր արարքի հետ՝ Ալիսիան խափանվել ու անսարք մեքենայի պես կանգ էր առել: Ես ուզում էի օգնել այդ մեքենան կրկին «գործի գցել», օգնել, որ Ալիսիան պատմի իր պատմությունը, բուժում ստանա ու ապաքինվի: Ցանկանում էի նրան «նորոգել»: Գուցե պարծենկոտ թվամ, բայց ինձ համարում էի բացառիկ որակավորված մասնագետ՝ Ալիսիա Բերենսոնին օգնելու ընդունակ: Ես դատական հոգեթերապևտ եմ ու հաճախ էի աշխատում հասարակության ամենակոտրված, խոցելի անդամների հետ: Նաև Ալիսիայի պատմության մեջ ինչ-որ բան իսկապես հուզել էր ինձ. հենց սկզբից անկեղծորեն նրան կարեկցում էի»:

Ձեզ սպասվում է հոգեբանական բարդ հանգուցալուծումներով սյուժե՝ կընթերցեք մեկ շնչով, բայց դժվարությամբ կկտրվեք գրքից՝ սա գիրք է, որը կլանում է առաջին դրվագից մինչև վերջին էջի վերջին բառը:

Ինչպես հեղինակն է նկատում՝ չի կարելի գունավորել, փոխել կամ ստեր պատմել: Թող դեպքերն աստիճանաբար բացվեն, քայլ առ քայլ ու զգուշորեն: Հենց այս սկզբունքով էլ Ալեքս Մայքլիդիսը ընթերցողին  բացահայտում է իր հերոսուհուն՝ պահելով լարվածության չափաբաժինը և ամբողջ վեպի ընթացքում չկորցնելով հետաքրքրությունը գործողությունների ու գործող անձնաց նկատմամբ: «Լռակյաց հիվանդը» բոլորովին չի լռում, այլ բարձրաձայն ազդարարում է Ալեքս Մայքլիդիսի՝ նոր, տաղանդավոր գրողի մուտքը հոգեբանական թրիլլերի ժանր:

«Լռակյաց հիվանդը» թարգմանվել է ավելի քան 45 լեզուներով, հայերեն հրատարակության առաջին օրինակներն արդեն  տպարանից դուրս են եկել: Փետրվարի 15-ին Newmag-ը կներկայացնի տարվա թրիլլերը: Ձեզ սպասվում է հոգեբանական բարդ հանգուցալուծումներով սյուժե՝ կընթերցեք մեկ շնչով, բայց դժվարությամբ կկտրվեք գրքից՝ սա գիրք է, որը կլանում է առաջին դրվագից մինչև վերջին էջի վերջին բառը: