Newmag-ը ներկայացնում է Էլենա Ֆերանտեի Նեապոլիտանական քառյակի 2-րդ գիրքը. «Նոր ազգանվան պատմությունը» (թրեյլեր)
2021-ին Newmag-ը հայերեն թարգմանեց ու հրատարակեց իտալացի ամենաառեղծվածային գրող Էլենա Ֆերանտեի «Իմ հանճարեղ ընկերուհին» վեպը: Անմոռանալի Էլենային եւ Լիլայի ընկերության պատմությունն ունի շարունակություն. «Նոր ազգանվան պատմությունը» երկրորդն է Էլենա Ֆերանտե
Իտալացի գրող Էլենա Ֆերանտեն ժամանակակից գեղարվեստական գրականությունում ամենամեծ առեղծվածն է: Ոչ միայն նրա գործերը, այլև հենց ինքը՝ հայտնի է միայն նրա գրական անունը, իսկ թե ով է թաքնված այդ անվան տակ, մինչև հիմա հանելուկ է: Շնչակտուր, առանց աչքդ թարթելու ընթերցվող գրքերն օրիորդության և կանանց բարեկամության մասին պատմող գրական գլուխգործոցներ են: Յուրաքանչյուր գրքում կարելի է հանդիպել կանանց լուռ տանջանքների, խորիմաստ երկխոսությունների, անկաշկանդ ու բնական մտորումների, որոնք իրական են ու տպավորիչ:
Քառահատորի իրադարձությունները սկիզբ են առնում 1950-ականներին, Նեապոլի արվարձանային աղքատ, բայց աշխույժ թաղամասում։ Այնտեղ սկսված պատմությունը շարունակվում է մինչեւ 21-րդ՝ գրեթե 60 տարի: Առաջին վեպը հյուսում է Լիլայի և Էլենայի պատմությունը՝ սկսած 10 տարեկանում նրանց բախտորոշ հանդիպումից մինչև դպրոց և պատանեկություն: «Իմ հանճարեղ ընկերուհին» վեպի շարունակությունն է «Նոր ազգանվան պատմությունը»:
Լիլան և Էլենան դեռ ձգտում են փախչել նեապոլիտանական ծայրամասերի թշվառությունից ու աղքատությունից, բայց յուրաքանչյուրն ընտրում է իր ճանապարհը: Ընկերները մեծանում են, նրանց ճանապարհները կյանքում անխուսափելիորեն տարբերվում են ու որոշ ժամանակ նույնիսկ միմյանցից անտեղյակ ապրում են իրենց ընտրած կյանքով: Լիլայի եւ Էլենայի լարված հարաբերությունները և փոփոխվող ճակատագրերն առասպելի ուժ ունեցող, դյութիչ պատմություններ են:
«Նոր ազգանվան պատմության» մեջ երկու ընկերուհիներն իրարից տարբեր ճանապարհներ են ընտրում՝ Լիլան ամուսնանում է, դառնում բիզնես լեդի, իսկ Էլենան ընտրում է կրթվելու, զարգանալու ուղին՝ հեռու հեղձուկ թաղամասից: Մի կողմում Ֆերանտեն ներկայացնում է ամուսնական կյանքում բանտարկված կրակոտ Լիլային, մյուս կողմից էլ ազատ ու անհոգ կյանքով ապրող Էլենային: Ֆերանտեին քննդատները համարում են կանանց ընկերությունն անթերի, իսկ նկարագրությունը՝ եզակի։ Ըստ Booklist-ի. «Ոչ ոք չի կարող Ֆերանտեի պես շարադրել կանանց երկխոսությունը։ Նա դա անում է այնպիսի կրքով, որը ցնցում է անկեղծությամբ եւ նյարդայնացնում անմիջականությամբ»:
Նեապոլի բռնությամբ խեղդված բակերում, աղքատ թաղամասի նեղ փողոցներում հասակ առած ընկերուհիների պատմությունը հարուստ է նաև պատմական նկարգություններով: Հերոսների սոցիալական բախումները զարմացնում են նրանց իրենց ճշգրիտ վերլուծությամբ, ողբերգական դրվագներով: Ֆերանտեն բառացիորեն հիպնոսացնում է ընթերցողին` ընկերուհիների բորբոքված կրքերով ու սոցիալական դրամայով: Եվրոպայի հետպատերազմյան տնտեսական վերածնունդը և սեռական հեղափոխությունը, ձախերի վերելքը և երկրի ոչ վաղ անցյալի ֆաշիստական անցյալը, մաֆիայի ազդեցությունը և ուսանողական զանգվածային ցույցերը թույլ չեն տալիս պոկվել գրքից:
Ըստ գրաքննադատների, սյս վեպը հիշեցնում է կանանց ներաշխարհը բացահայտող բալզակյան գիրը։ Նրբերանգներով հարուստ նեապոլիտանական այս վեպի հիմքում կանանց բարեկամությունն է, որը լի է վեճերով, հակասություններով, ամուր հոգեբանական կապով: Հայ ընթերցողը արդեն կարող է ձեռք բերել 2-րդ գիրքը՝ «Նոր ազգանվան պատմությունը»: Իսկ գրքի շնորհանդեսը կկայանա երկուշաբթի նոյեմբերի 22-ին, առավոտյան 10։15 Արմենիա հեռուստաընկերության «Բարի լույս » ծրագրով: