«Իմ հայ ընկերը» հուշագրության թարգմանիչը՝ գրքի մասին (տեսանյութ)

January 22, 2024

«Իմ հայ ընկերը» գրքում գրողը ներկայացրել է Խորհրդային տարիների բռնաճնշումները, երբ վերահսկվում էր լույս տեսնող ցանկացած գրականություն։ Անդրեյ Մակինը հայերի ու Հայաստանի մասին գրում է զգացմունքային ակնածանքով, հայերենը կոչում քաղցրահունչ լեզու, հայերի կենցաղը՝ մաքուր ու վսեմ: Նա ներկայացնում է նաև 1915 թվականի դժնի իրադարձությունները։ Գիրքը ֆրանսերենից հայերեն է թարգմանել Աննա Բաղդասարյանը, ով բնակվում է Ֆրանսիայում, ու գործի մասին պատմել է տեսակապով։

Ո՞վ էր այն գրողը, որը դարձել էր ֆրանսիական ժամանակակից գրականության առեղծվածը։ Ընթերցողները շարունակում էին փնտրել, մինչդեռ նա թաքնվում էր կեղծանվան տակ։ 2001-ին հրատարակում է Գաբրիել Օսմոնդ կեղծանվամբ՝ 10 տարում գրելով 4 վեպ: Ի վերջո, 2011-ին մի ընթերցողը նկատում է, որ Օսմոնդի «20,000 կին տղամարդու կյանքում» գիրքը ներշնչված է Մակինի «Իմ ռուսական ամառների երազանքները» վեպից, որից հետո Անդրեյ Մակինն ընդունում է, որ Օսմոնդն ինքն է:

«Իմ հայ ընկերը» Newmag-ը ներկայացրեց ֆրանսիական գրքի առաջին փառատոնին։ Հուշագրությունը ֆրանսերենից հայերեն է թարգմանել Աննա Բաղդասարյանը։ Ապրում է Ֆրանսիայում. «Այստեղ մեծ համբավ է վայելում Մակինը: Ակադեմիկոսների կողմից սիրված հեղինակ է: Իսկ իմ հասակակից ուսանողների համար էկզոտիկ հեղինակ է, նոր մշակույթի, սովետական Ռուսաստանի մասին հուշերով է: Իր լեjտմոտիվը հենց Ռուսաստանն է, զուգահեռ գծով էլ ֆրանսիական մշակույթը, որին սովորել է դեռ փոքրուց»: 

Ըստ թարգմանչի, Մակինն ունի յուրօրինակ գրելաոճ. գրում է  Մոլիերի, Ռասինի ֆրանսերենով ու մաքրամաքուր լեզվով, իհարկե գործում կան երբեմն երկարաշունչ նախադասություններ, ինչը ֆրանսիական  ժամանակակից գրականությունում այլևս չես հանդիպի. «Գրքում ունենք պատմություն պատմության մեջ: 13-ամյա կերպարի միջոցով ներկայացնում է մի ուրիշ էթնոմշակույթ: Իրական պատմություն է: Մակինը բազմիցս ասել է, որ իր ընկերն է: Երբ ասել են, ինչու եք գրել, Միշլեին է մեջբերել, ասել է՝ պետք է լույս սփռել պատմության մութ էջերի վրա: Անմահացնել Վարդանին, որ չդառնա պատմության լուռ ստվերը: Հարուստ գունապնակ ունենք, սոցիալական տարբեր խավի ներկայացուցիչներ, ուսուցիչ, նախկին բանտարկյալ, 13-ամյա պատանիներ ու գլխավորապես հայ հերոսներ»:

Դեպքերը տեղի են ունենում շատ արագ և համընթաց: Գիրքը կարդացվում է մեկ շնչով, որովհետև Մակինը ներկայացել է իր ամբողջ պրոֆեսիոնալիզմով։

Կարդացեք նաև