Տեղի ունեցավ Անդրեյ Մակինի «Իմ հայ ընկերը» գքրի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

September 26, 2023

Արմենիայի «Բարի լույս» ծրագրով տեղի է ունեցել վերջերս հրատարակված Անդրեյ Մակինի՝ «Իմ հայ ընկերը» գքրի հեռուստաշնորհանդեսը: Մակինի գիրքն այն մասին է, թե ինչպես հայկական մի փոքրիկ համայնք հեռավոր Սիբիրում կարողացավ հիմնել, իր, այսպես ասած, թագավորությունը: Դա մի հեքիաթային իրականություն էր՝ բիրտ իրականության մեջ: Գեղարվեստական գործը ներկայացրել են հրատարկության խմբագիր Գնել Նալբանդյանը, լրագրող, հեռուստամեկնաբան Անի Ավետյանն ու հայ-ռուսական «Օրակուլ» մատենաշարի ղեկավար Ռուբեն Իշխանյանը։

Ըստ հրատարակչության գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանի, Newmag-ը ներկայացնում է ոչ թե պատահական մի գիրք, այլ հենց պատմական ողբերգության թեմաներ արծարծող ստեղծագործություն: Նրա խոսքով ընթերցողն այս գրքում կգտնի քաղաքակիրթ աշխարհի վերաբերմունքը  հայերի հոգսերի, երազանքների մասին.

«Մարդիկ հայտնվել էին իրենց ուրույն մշակույթով, իրենց ուրույն քաղաքակրթույամբ մեկ այլ տարածքում, որտեղ կյանքն արժեք չուներ: Մարդն ինքնին անարժեք մի պտուտակ էր: Եվ այս ամենը տեսնում է  մի պատանի, որը ծանոթանում է մեկ այլ պատանու՝ հայի հետ, և պարզում է, որ Սիբիրի այդ բռնություններից, այդ տաժանակիր աշխատանքից բացի, կա նաև մեկ այլ հեքիաթային աշխարհ, որը ցավոք սրտի ոչ միշտ է, որ ունի իր «հեքիաթի ընթերցողը»:  Ես ավելի շատ կցանկանայի, որ մենք այս ստեղծագործությունը դիտարկենք քաղաքակրության և վայրենության հակադրության տեսանկյունից, վայրի միջավայրը հակադրվում է քաղաքակիրթ միջավայրին և դատապարտում ազատազրկման: Սա ծանր պատմություն է: Հեքիաթներում հաղթում է քաղաքակրությունը, իրական կյանքում այդ ամենը հերթագայում է, մի օր ես, մի օր՝ դու. կյանքն այդպիսին է, պարզապես երկարաժամկետ հեռանկարում մենք ուզում ենք հավատալ, որ հաղթելու է քաղաքակրթությունը»:

Հեռուստաշնորհանդեսին ներկա լրագրող, հեռուստամեկնաբան Անի Ավետյանի բնորոշմամբ, Մակինի գրքում միանշանակ կա քաղաքական ենթատեքստ և ուղերձ, և որ գրողն իր մի քանի հարցազրույցներում ու զրույցներում նաև նշել է, որ այն, ինչ ներկայացրել է գքրում, հիմնված է իրական պատմության վրա ու պատահել է հենց իր հետ.

«Այս գրքով Newmag-ը մեր առաջ դնում է պատմական հերթական հայելին: Առաջին հերթին ինքներս մեզ ցույց տալու, թե ինչ վիճակում կարող են հայտնվել հայերը, եթե չունեն պետություն, եթե հալածված են, և փորձում են պայքարել իրենց իրավունքների համար՝ չունենալով պետություն ու լինելով կայսրության ծայրագավառի կարգավիճակում: Այս գրքում կան այնպիսի մանրամասներ, որոնց մասին նույնիսկ հայկական պատմագրության էջերում շատ անդրադարձ չկա: Օրինակով ասեմ, այն, ինչ հիմա տեղի է ունենում Արցախում, մենք գիտենք երեխաների սպանությունների մասին, բայց մարդիկ, ովքեր ներկա են եղել, վրդովվում են, որ հարց ենք տալիս ցավոտ թեմաների մասին: Այս մասին խոսելը բարդ է»: 

«Իմ հայ ընկերը» գրքոմ ներկայացված բռնաճնշումները տեղի են ունեցել Խորհրդային տարիներին, երբ վերահսկվում էր լույս տեսնող ցանկացած գրականություն: Հիմա սա Newmag-ի փորձն է՝ որակյալ պատմական հայելի դնել մեր առաջ, թարգմանել ու ներկայացնել այնպիսի գիրք, որը հնարավորություն է տալիս մի քիչ հեռվից նայել ու հասկանալ՝ ինչ կարող է լինել մեզ հետ, որովհետև բառացիորեն նույն սպառնալիքի առաջ այսօր մենք ենք կանգնած:  

«Օրակուլ» հայ-ռուսական մատենաշարի ղեկավար Ռուբեն Իշխանյանը նկատում է, որ  Մակինը, լինելով ռուս, յուրօրինակ լեզու է ստեղծել ֆրանսիական գրականության մեջ. «Ունենալով ռուսական արմատներ ու լինելով Ռուսաստանից՝ գրողը ֆրանսերեն լեզվի մեջ մտցրել է ռուսական շունչ, ռուսական ոգի: Մակինը շատ հայտնի դեմք է Ֆրանսիայում, ու ճանաչելով նրա մարդկային նկարագիրը՝ մարդիկ գիտեն, որ դա սրտանց գրված գիրք է: Եթե ադրբեջանցիները լոբբիստական փողերով են պատվիրում այսպիսի գրքեր, Մակինի դեպքում դա չի եղել: Մակինն ուղղակի շատ հայ ընկերներ ունի, և իմանալով տարբեր պատմություններ, ոգեշնչվել ու գրել է այս գիրքը: Եվ ընդհանրապես, իրական գրողը չի կարող քաղաքականությունից կամ պատմությունից հեռու լինել, այսինքն, երբ ինչ-որ մեկը բարձրաձայնում է թեմաներ, իհարկե, նա ուսումնասիրություններ է անում, և դրանից հետո նոր գրում գիրք»:

Դեպքերը տեղի են ունենում շատ արագ և համընթաց: Գիրքը կարդացվում է մեկ շնչով, որովհետև Մակինը ներկայացել է իր ամբողջ պրոֆեսիոնալիզմով։

Կարդացեք նաև