Երգի ու տեսահոլովակի պրեմիերա՝ Newmag Winter Fest-ին (լուսանկարներ)

February 27, 2023

Ձմեռային 2-րդ փառատոնին տեղի ունեցավ Շառլ Ազնավուրի նոր երգի ու հոլովակի շնորհանդեսը: Newmag-ի հայաֆիկացված 5-րդ գործը «Վենետիկն է տխուր» երգն է, որը կատարել է Անդրեն: Մինչ այս գործը, Newmag-ը հայերն է ներկայացրել Շառլ Ազնավուրի ևս 4 երգ՝ «Մնա», «Տարեք ինձ», «Ով», «Մեռնել սիրելով»:

«Վենետիկն է տխուր» երգը Շառլ Ազնավուրն առաջին անգամ ձայնագրել է 1964 թվականին ֆրանսերեն, իսկ ավելի ուշ՝ իսպաներեն, գերմաներեն, անգլերեն, իտալերեն: 1964-ից -1965 թվականներին այն եղել է Billboard-ի լավագույն հիթ չարթերում և ստացել է Blason d'Or մրցանակ՝ որպես տարվա լավագույն հիթ:

                                                                                    

Խոսքերը ֆրանսերենից հայերեն է թարգմանել Newmag-ի ազնավուրյան շարքի թարգմանիչ Սամվել Գասպարյանը։ Ազնավուրի գրքերի և երգերի հայաֆիկացման այս յուրօրինակ նախագծի գլխավոր գործընկերն Ամունդի-Ակբա ասեթ մենեջմենթ ընկերությունն է: 

  

Պրեմիերան կայացավ Newmag Winter Fest-ին: Սամվել Գասպարյանն անհամբեր սպասում էր, որ լսեր Անդրեի կատարումը, համոզված է՝ այս երգն էլ երկրպագուները կընդունեն սիրով.««Que c’est triste Venise» երգի երաժշտությունը գրել է Շառլ Ազնավուրը, խոսքերի հեղինակը Ֆրանսուա Դորինն է: Հետագայում շատ լեզուներով թարգմանվեց, ու սիրվեցին նաև այդ տարբերակները: Ու կարևոր էր, որ հայերեն էլ հնչեր այս գործը»:

 

Նկարահանումները կատարվել են Վենետիկում, ռեժիսորը՝ Լեւոն Բարտիկյանն է, երաժշտական ձևավորումը՝ Հարութ Ասատրյանինն է, սա նրա ազնավուրյան առաջին գործն է: Պրեմիերային ներկա կոմպոզիտոր Երվանդ Երզնկյանն ընդգծեց.«Ազնավուրի երգերին մեծ պատասխանատվությամբ պետք է մոտենալ: Newmag-յան շարքից, օրինակ, կան կատարումներ, որոնք կարելի է համարել ստացված»:

 

Տխրության մեջ խորտակվող քաղաքի ամբողջ գեղեցկությունը տեսնող ու գովերգող Ազնավուրը համոզում է, որ առանց սիրելի կնոջ նույնիսկ աշխարհի ամենառոմանտիկ քաղաքը մռայլ է ու տխուր: Մնում է միայն ուրվականի պես թափառել՝ գոնդոլաների և ճայերի անտարբեր հայացքների ներքո։

Կարդացեք նաև