Newmag Winter Fest 2023. ինչ կարևոր իրադարձություններով ու տպավորիչ դրվագներով առանձնացավ փառատոնը (տեսանյութ, լուսանկարներ)

February 21, 2023

2023-ին լրանում է Newmag-ի հրատարակչական գործունեության 5-րդ տարին ու այդ առիթով Winter Fest-ն էլ ավելի բացառիկ է իր մասշտաբով՝ նոր գրքերի հրատարակություններով և նոր գործակցություններ ազդարարող հուշագրերով: Գրքերի ու գրականության մասին զրույցը սկսվեց կեսօրին ու շարունակվեց մինչեւ երեկո: Ձմեռային Փառատոնի ընթացքում Newmag-ը ներկայացրեց 5 նոր գիրք ու 5 նոր հեղինակ: Ամենատպավորիչ պահերը մեկտեղել ենք մեկ հոդվածում՝ տեսանյութով ու լուսանկարներով:

Newmag Winter Fest-ի բացման արարողությունը նշանավորվեց գործակցության 3 հուշագրով, որոնք ազդարարում են նոր նախագծերի սկիզբը: Newmag-ի տնօրեն Արտակ Ալեքսանյանի խոսքով, Newmag-ի ուղղությունը ժամանակակից գրականությունն է՝ գեղարվեստական ու ոչ գեղարվեստական: Այդ պատճառով է, որ մեր կարգախոսն է՝ «ակտուալ ընթերցանություն». «Այս փառատոնին մենք ներկայացնում ենք մեր 100-րդ գիրքը: Ընդհանուր արդեն տպել ենք 104 գիրք: Դժվար է ասել՝ սա շատ է, թե քիչ, որովհետև քանակը երբեք մեզ համար ինքնանպատակ չի եղել: Որակը կա ու կլինի Newmag-ի չափման միավորը: 5-ամյակի առթիվ մեզ համար պարզ է մի քանի իրողություն: Եթե ցանկանում ես չկորցնել քո ընթերցողին, ավելին՝ դրանց թիվն ավելացնել,  բանաձև մեկն է՝ պահպանել որակը»:

  

Փառատոնի հատուկ հյուր արգենտինահայ գրող Մագդա Թախտաճյանը ներս մտավ թե չէ՝ հուզվեց: Ընդունելությունն ու հայրենակցների վերաբերմունքը սպասվածից ջերմ էր: Հայաստանում է իր  «Ռոջավա» վեպը ներկայացնելու համար: Ու հենց այդ օրն էլ տեղի ունեցավ գրքի շնորհանդեսը: Նախագծի գլխավոր գործընկերը ԱՐԱՐԱՏԲԱՆԿՆ է:

   

Այն, ինչ կատարվում է հիմա, տեղի է ունեցել նաև 100 տարի առաջ: Մեկ դար առաջ էլ, այսօր էլ գլխավոր հարցը նույնն է՝ ինչպես ապրել Ռուսաստանի հետ, և ինչ կլինի Արցախում, եթե ռուս խաղապահները հեռանան այնտեղից: Newmag-ը Մինասյան մատենաշարով ներկայացրեց հայոց պատմության դասերը, որոնք մեկ գրքում հավաքել է նոր սերնդի պատմաբան Նաիրա Սահակյանն ու այն վերնագրել «Խաղաղության հայկական գինը»:

  

Հայալեզու ամենատպավորիչ կոմիքսը, որը պատմում է աշխարհի ստեղծման պատմությունը, ներկայացնում է, թե որտեղից է եկել մարդը ու ուր է գնում: Հռչակավոր գիտնական Յուվալ Նոյ Հարարիի «Sapiens. Մարդկության պատկերազարդ պատմություն» գրաֆիկական նովելը Newmag-ն իր ջանքերով մատուցել է հայ գրքասերներին:

  

Ինչպես մարդիկ դարձան ինքնակոչ ամենագետներ, ըստ օրվա թեմայի քաղաքագետներ, դիվանագետներ, արվեստաբաններ ու վարակաբաններ: Ինչ է պետք անել դիլետանտության հաղթարշավը կասեցնելու համար, այս հարցերի պատասխաններն էլ հայ ընթերցողները կկարդան Newmag-ի «Վտանգավոր Ամենագետներ գրքում»:  Գրքի գործընկերը  «Լույս»  հիմնադրամն է:

  

Newmag-ն անակնկալ ուներ նաև դետեկտիվի սիրահարների համար: «Սպանությունների ակումբ ամեն հինգշաբթի» վեպը պատմություն այն մասին, որ իսկական արկածները սկսվում են 60-ից հետո: Այս գիրքը 4 թոշակառուների մասին է, որոնք ունիկալ հետաքննություններ են անցկացնում ու բացահայտում առեղծվածային սպանությունները: Միայն տպագրության տարում՝ 2020-ին,  բրիտանական գրականության Սուրբ ծննդյան տոնավաճառի օրերին այն ունեցավ ռեկորդային վաճառք, մեկ շաբաթում վաճառվեց  գրեթե 135 հազար օրինակ ու առաջ անցավ անգամ Բարաք Օբամայի ինքնակենսագրականին։  Գրքի գլխավոր գործընկեր «Զանգակ» գրատուն:

  

Կարդացեք նաև

Փառատոնի վերջին հատվածը երաժշտական էր: Ազնավուրի ամենամեղեդային երգերից մեկը կարելի է լսել նաև հայերեն, «Վենետիկն է տխուր»՝ Անդրեի կատարմամբ: Ազնավուրի գրքերի և երգերի հայաֆիկացման այս յուրօրինակ նախագծի գլխավոր գործընկերն Ամունդի-Ակբա ասեթ մենեջմենթ ընկերությունն է: 

 

Կարդացեք նաև