5 նոր գիրք, 5 նոր հեղինակ, որ Newmag-ը կներկայացնի Ձմեռային փառատոնին

February 16, 2023

Newmag Winter Fest 2023-ին հրատարակչությունը կներկայացնի այնպիսի գրքեր, որոնցից յուրաքանչյուրը դառնալու է Ձեր գրադարանի ամենասիրելի գործերից: Փառատոնին կներկայացնենք արգենտինահայ գրող Մագդա Թախտաճյանի «Ռոջավա» վեպը, Ռիչարդ Օսմանի «Սպանությունների ակումբ ամեն հինգշաբթի» թրիլլերըը, Յուվալ Նոյ Հարարիի «Sapiens. Մարդկության պատկերազարդ պատմությունը» կոմիքսը, Թոմ Նիկոլսի «Վտանգավոր ամենագետներ. Ի՞նչ է գուժում փորձագիտական մտքի վախճանը» գիրքը, «Խաղաղության հայկական գինը. 1917-ի հեղափոխություններն ու Հայաստանի ապագան հայ մտավորականության ընկալմամբ» աշխատությունը՝ պատմաբան Նաիրա Սահակյանի հեղինակությամբ:

 


ՓԱՌԱՏՈՆԻ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ


Փառատոնի բացմանը կհաջորդի «Սպանությունների ակումբ ամեն հինգշաբթի» վեպի շնորհանդեսը, որը տեղի է ունենալու 13:00, Կոնգրեսի մեծ սրահում: Ռիչարդ Օսմանի մոտ գիրքը գրելու միտքը հղացել է թոշակառուների համար նախատեսված ավան հերթական այցի ժամանակ, երբ տեսակցում էր մորը: Պատմությունը թոշակառուների մասին է, որոնք բացահայտում են առեղծվածային հանցագործություններ։ Թոշակառուների համար նախատեսված ավանում բնակվում են պատմության գլխավոր 4 հերոսները: Խմբով էլ հավաքվում են ամեն հինգշաբթի և սկսում բացահայտել սպանությունների արյունոտ կծիկը: Գրքի գլխավոր գործընկերը «Զանգակ»  գրատունն է:

                                                                                          

14:00-ին կներկայացնենք Մագդա Թախտաճյանի «Ռոջավա» գիրքը: Վեպում նա պատկերել է Մերձավոր Արևելքի հակամարտությունը: Քուրդ կանանց ջոկատի և Ռոջավայում զարգացումների մասին հետաքրքրվել է  2014 թվականին, երբ թերթերում հայտնվել են առաջին լուրերը: Դրանք անմիջապես գրավել են նրա ուշադրությունը։ Այդ զինված կանանց պատկերները՝ զինվորական հագուստով, հրացաններով, անապատի մեջտեղում, դաջվել են արգենտինահայ գրողի հիշողության մեջ։ Այդ ընթացքում Մագդան գրել է իր երկու գրքերը, և, երբ ավարտել է, Ռոջավա շրջանը դարձել է լրատվամիջոցների գլխավոր թեման: Հենց այդ ժամանակ էլ հասկացել է՝ գիրքը գրելու պահը հասունացել է: Նախագծի գլխավոր գործընկերը ԱՐԱՐԱՏԲԱՆԿՆ է:

                                                                                           

15:00-ին հրավիրում ենք հատկապես կոմիքսի սիրահարներին ներկա գտնվելու մոլորակի ամենահայտնի գիտնականներից մեկի՝ Յուվա Նոյ Հարարիի համաշխարհային բեսթսելլերի շնորհանդեսին: Հրատարակել ենք «Սապիենսի»-ի գրաֆիկական ադապատացիան: Ի տարբերություն բնօրինակի, այստեղ մարդկության ծնունդը ներկայացնում են տարբեր հերոսներ։ Նույնիսկ հեղինակը հանդես է գալիս ունիվերսալ գիդի դերում՝ ցույց տալով պատմության տարբեր ժամանակաշրջաններ։ Հայերեն թարգմանությամբ «Sapiens. Մարդկության պատկերազարդ պատմությունը» կոմիքսը կարող է դառնալ և՛ մեծահասակների և՛ երեխաների սիրելի գիրքը։ Բազմաթիվ հարցերի պատասխաններ գտնելն արդեն ավելի հեշտ է հենց այս կոմիքսների միջոցով։

                                                                                           

Newmag Winter Fest-ի 4-րդ գիրքը Նաիրա Սահակյանի «Խաղաղության հայկական գինը» աշխատությունն է: Աշխատությունն ուսումնասիրելու ընթացքում Սահակյանը բացառիկ հնարավորություն է ունեցել նաև հետազոտել ու իր գրքում ներառել համաշխարհային արխիվների նյութերը։  Փլուզված կայսրություններ, խորհրդայնացված երազանքներ. հայ մտավորականության ընկալումները 1917 թ. հեղափոխության և Հայաստանի ապագայի տեսլականի վերաբերյալ՝ այս թեման դարձել է գրքի առանցքը: Դա մի ժամանակաշրջան էր, երբ օսմանյան, իրանական ու ռուսական կայսրություններում հայերն ակտիվորեն մասնակցում էին ապագային միտված գաղափարական քննարկումներին: Գիրքը հրատարակվել է «Հասրաթյան-Մինասյան» հիմնադրամի «Վերաիմաստավորելով 20-րդ դարի հայոց պատմությունը» պատմագիտական դրամաշնորհով։ 

                                                                                            

17:00-ին «Վտանգավոր ամենագետները» գրքի հերթն է: Հեղինակը՝ Թոմ Նիկոլսը, ցույց է տալիս, թե ինչպես ենք հասել այսօրվա մտահոգիչ վիճակին, երբ ցանցային ամենագետները դարձել են հանրային գլխացավանք, իսկ փորձագիտական  միտքը, գիտելիքը, մասնագիտական բանավեճն  իրենց տեղը զիջել են ցանցային ամենագետներին ու նրանց  բարձրագոչ հայտարարություններին ու հանրագրերին: Հիմա սեփական անգիտության պաշտամունքի շրջանն է՝ պնդում է գրողը ու ավելացնում՝ սոցցանցերում  ծնվում են տաղանդավոր դեմագոգներ և փորձագիտական միտքը վաղուց արդեն մեռել է:

                                                                                          

 

Կարդացեք նաև

Գիրք նվիրելու օրվան ընդառաջ Newmag-ն իր բոլոր հրատարակությունների համար սահմանել է մինչև 40% զեղչ:

Կարդացեք նաև