ՍԵՓԱԿԱՆ ՓՈՐՁՈՎ. Սառցե մահվան ոտնահետքերով

ՍԵՓԱԿԱՆ ՓՈՐՁՈՎ. Սառցե մահվան ոտնահետքերով

Տիգրան Զարեյանի փորձություններն Արագածում, երբ – 30 է: Սա արդեն ոչ թե ջերմաստիճան է, այլ ցրտաստիճան: Ուժասպառ է: Այլ ելք չունի. պետք է զանգահարել 911…:

Եթե այնքան համարձակ եք կամ անխոհեմ, որ ձմռանը ձեռնոց եք նետել Արագածին, ապա կան կարևոր բաներ, որոնք անպայման պետք է անել: Առաջին հերթին պետք է փրկարարներին տեղյակ պահել, թե որ երթուղիով եք շարժվելու: Արագածում մարդկանց 90 տոկոսը կորչում կամ զոհվում է այն պատճառով, որ փրկարարները չեն իմանում նրանց երթուղին: Իմ հերոսը փրկարարներին տեղյակ չէր պահել:

Սեփական փորձով ու մահացածի հետագծով պետք է անցնեմ նրա ուղին: Սարգիսը 28 տարեկան էր: Սիրում էր լեռները մագլցել ու դա անում էր հատկապես էքստրեմալ պայմաններում: Որոշեց ու սկսեց Արագած բարձրանալ Ապարանի կողմից դեկտեմբերի կեսին: Նրա նպատակն էր ձմռանը նվաճել հյուսիսային գագաթը: Անգամ ամռանն է դժվար հասնել այնտեղ: Նախ՝ բազմաթիվ են կեղծ գագաթները, մառախլապատ եղանակի ժամանակ էլ կորչելը հեշտ է:

Սարգսի առաջին ու ամենամեծ սխալը փրկարարներին տեղյակ չպահելն էր, որն էլ ճակատագրական եղավ նրա համար: Իմ խնդիրն է քայլ առ քայլ կրկնել նրա ճանապարհը:

newmag#48

Արագածի խառնարանը 400 մետր խորություն ունի ու 3 կիլոմետր տրամագիծ: Աշխարհի ամենախոշոր հրաբուխներից է եղել ժամանակին: Խառնարանի քայքայված պատերի մնացորդներն էլ դարձել են «Ալմաստ վահանի» 4 գագաթները: Այստեղ հավերժական ձնե ծածկույթը 6 քառակուսի կիլոմետր է: Ամենամեծը 1,5 կիլոմետր մակերեսով ու խառնարանում գտնվող սառցադաշտն է:



Սարգիսը փորձել է հյուսիսային գագաթ բարձրանալ` շրջանցելով սառցադաշտը: Չի ստացվել, ու նա ստիպված է եղել հետ դառնալ: Սակայն ճանապարհը կորցրել ու հայտնվել է խառնարանում: Ձմռանը, այն էլ առանց կողմնացույցի ու աստղերի, այստեղ մոլորվելը երաշխավորված է: Շուրջբոլորը միմյանց նման ու իրարից չտարբեվող բլուրներ են: Սարգիսը հյոսիսային գագաթի տակից` խառնարանից, ընդամենը մեկ անգամ զանգել էր ԱԻՆ փրկարար ծառայություն: Ջերմաստիճանը ցածր է, մարտկոցն այստեղ լիցքաթափվում է 4-5 անգամ արագ: Հենց դա էր պատճառը, որ Սարգիսը կարողացել էր ընդամենը մեկ անգամ զանգահարել:

Եթե Սարգիսը կարողանար ծառի չորացած ճյուղեր գտնել, միևնույնն է, նա չէր կարող կրակ վառել ու տաքանալ, քանի որ այս բարձրության վրա թթվածնի պակասի պատճառով նույնիսկ կրակայրիչը չի աշխատում: Խառնարանում մի քանի ժամ թափառելով ու տեսնելով, որ այլևս անհնար է հեռախոսը գործածել, Սարգիսը խուճապի էր մատնվել և վերջնականապես շեղվել ճանապարհից: Նա պետք է գնար Ապարանի ուղղությամբ, բայց շարժվել էր դեպի Բյուրական: Քիչ սնունդ էր վերցրել հետը, ունեցածն էլ մինչև մոլորվելը կերել էր: Շատերն ասում, են որ ձմռանը Արագածի լանջերին ուտելու ոչինչ հնարավոր չէ գտնել, սակայն եթե Ձեր բախտը բերի, մի փոքր կարող եք մեղմել քաղցը: Բազմաթիվ բույսեր կան, որոնց չորացած պտուղները կարելի է ուտել: Օրինակ` մասուր:

Երեկոն մոտենում է, ջերմաստիճանը՝ իջնում: Նման պայմաններում մարմինը տաքացնելու մի քանի տարբերակ կա, բայց ամենաարդյունավետը ալկոհոլն է: Շատերի կարծիքով՝ օղին նպաստում է մարմնի ջերմաստիճանի բարձրացմանը: Իրականում սա մեծ սխալ է: Որքան թունդ է խմիչքը, այնքան արագ է ցնդում: Սառնամանիքին Ձեզ ցրտահարությունից կփրկի գինին: Մտածելով, որ ճանապարհը մեկ օրից ավելի չի տևի, Սարգիսն իր հետ գինի չէր վերցրել: Շարժվել էր Բյուրականի ուղղությամբ ու հայտնվել խորհրդային տարիներին տնկված եղևնիների անտառում:

newmag#42228

Փրկարարներն անցել էին գործի ու Սարգսի տվյալների հիման վրա սկսել էին նրան փնտրել Ապարանի կողմից: Եթե անգամ հազար փրկարար էլ լիներ, անհնար է հսկայական մակերեսով տարածության յուրաքանչյուր մետրը ստուգել: Փրկարարները փորձում էին գտնել Սարգսին, բայց անարդյունք, քանի որ նա իր գտնվելու վայրն էր սխալ ասել ու հայտնվել էր փշատերևների անտառում` չիմանալով, որ հենց այս անտառը կարող էր փրկել իր կյանքը: Մի քանի մարտական հաշվարկի որոնումը արդյունք չէր տալիս:

Սառնամանիքը այնքան ուժեղ է, որ նույնիսկ մետաղե ձեռնափայտը թղթի նման ծալվում է ու պլաստմասսայի նման ճկվում: Հենց այս պայմաններն էլ Սարգսին անասելի վախ են ներշնչել: Այնպիսի վախ, որ նա, ծարավ լինելով, չէր կարողացել գիտակցել, որ շուրջբոլորը ջուր է՝ ձյան տեսքով:

Եթե երկար ես քայլում, ու թթվածնի պակաս կա, հաստատ քնելու անդիմադրելի ցանկություն ես ունենում: Սակայն հարկավոր է անել հնարավորը՝ չքնելու համար, քանի որ այդ քունը կլնի հավերժական: Սարգսի քունը, ամենայն հավանականությամբ, խիստ տարել է, ու գուցե պատճառն էլ հենց դա է եղել, որ նա կայացրել է իր կյանքի վերջին ու ամենասխալ որոշումը: Նա գտել է իր իսկ ոտնահետքերն ու որոշել անտառից դուրս գալ ու վերադառնալ խառնարան: Սակայն նա արդեն չէր էլ գիտակցում, թե որն է խառնարանը, որը` անտառը, և որ ուղղությամբ է շարժվում: Զարմանալի է, սակայն նրան հաջողվել է վերադառնալ խառնարան:

Նա այլևս ոչինչ չէր գիտակցում: Քայլում էր, քանի դեռ ուժ ուներ, ու հավատում, որ մոտենում է Ապարանին: Իրականում նա նորից շեղվել ու բարձրացել էր խառնարանի վերին հատված: Գերհոգնածությունը, ցուրտը, վախն ու խուճապը լարել էին Սարգսի նյարդերը: Բայց ամենավտանգավորը թթվածնի պակասն էր: Շնչելը դառնում էր անհնար, քնելու ձգտումը` անհաղթահարելի: Եվս մի քանի քայլ, ու Սարգիսը այլևս չէր կարող կառավարել սեփական մարմինը: Հենց այստեղ ու վերջին անգամ նա ընկավ ձյան վրա:

newmag#4228

Սարգիսը ողջ մնալու շանս ուներ, սակայն ողբերգական ավարտի գլխավոր պատճառը փրկարարներին տեղյակ չպահելն էր: Մթնում է, ու արդեն պետք է մտածեմ հետագա գործողությունների մասին: – 30 է: Սա արդեն ոչ թե ջերմաստիճան է, այլ ցրտաստիճան: Ուժասպառ եմ: Այլ ելք չունեմ. պետք է զանգահարել 911 ու ասել, որ կորել եմ: Մինչև փրկարարները տեղ կհասնեն, հարկավոր է քայլել ու կանգ չառնել: Գուցե գիշերը կարողանան ինձ գտնել, գուցե լուսաբացին: Գինու վերջին կաթիլներն ու սննդի փոքր պաշարը պահում եմ ծայրահեղ պահի համար: Քայլում եմ մինչև լուսաբաց, սակայն փրկարարները չկան ու չկան: Ցուրտն ու քաղցը ստիպում են, որ սառցե անապատում վերջին պաշարներն օգտագործեմ:

Միայնակ չեմ կարող հասնել Ապարան. սա հասկանալի է, բայց պետք է ինչ-որ բան անել չքնելու ու չսառցակալելու համար: Տարբերակը մեկն է. քայլել, քայլել ու քայլել: Լույսը բացվում է, ու նորից է մթնում: Երկրորդ գիշերն եմ Արագածում ու ոչ մի վայրկյան չեմ քնել: Մի կողմից` լավ է, սակայն ուժերս սպառվում են, ու չեմ կարող անընդմեջ արթուն մնալ: Որոշում եմ հետս վերցրած փոքր բահը գործի դնել ու ձյան մեջ կացարան փորել:

Դեռ մի քանի ժամ էլ կա մինչև մութն ընկնելը, բայց հազիվ հասցնեմ մինչև այդ փորել ձյունը: Եղանակը ցրտում է, շարժումներս դանդաղում են:

Մութն ընկնելուց հետո է միայն հաջողվում ձնե կացարանն ամբողջությամբ պատրաստել: Մնում է մեկ խնդիր՝ չքնել ու սպասել փրկարարներին: Չեմ կարողանում ու քնում եմ: Բախտս բերում է, ու փրկարարները վրա են հասնում ժամանակին ու փրկում կյանքս:

 

Գրել կարծիք