Հունան Պողոսյան. Խարդավանքներով առաջնորդվել չի կարելի
հետադարձ հայացք
Երբ տղամարդը բոլորում է 50-ամյակը, առաջին անհրաժեշտ բանը տարիների բարձրությունից հետադարձ հայացք գցելն է, անցած ուղին գնահատելը, արածն ու չարածը համեմատելը, հասկանալը, թե ուր ես հասել և ուր ես գնալու: Շատ արագ թռավ ժամանակը:
պայքարի ոգին
Կյանքում միշտ պետք է իդեալականին ձգտել: Ընկերոջը դավաճանել չի կարելի, խարդավանքներով առաջնորդվել չի կարելի: Մարդ պետք է լինի դաստիարակված. սա, իհարկե ընտանիքից է, միջավայրից: Մարդը պետք է սիրի իր հայրենիքը: Չարություն չպետք է ունենալ նույնիսկ թշնամու հանդեպ: Մարդուն միշտ պետք է սթափ մտածելակերպ, պայքարի ոգի:
եզրագիծ
Գուցե կա սահմանագիծ, որից այն կողմ ամեն ինչ փոխվում է մարդու կյանքում: Կան պահեր՝ ցավոտ ու տխուր, որ կարող ես քեզ համար սահման համարել, քանի որ դրանից հետո ամեն ինչ փոխվում է. օրինակ՝ շատ հարազատ մարդու կորուստը:
կրթություն
ԽՍՀՄ-ում շաբլոն կար, թե պետք է անպայման բարձրագույն կրթության դիպլոմ ունենաս: Սա՝ մի կողմ. կարևորը կիրթ լինելն է: Կրթություն ստանալն աննպատակ չէ: Կեսկատակ ասում են` օժիտով բարձրագույնը հաստատող դիպլոմ պետք է լինի. սա անիմաստ է: Մարդը պետք է արժեհամակարգ ձևավորի, մյուս հարցերը կախված են անձից:
ՄՈՆՈԼԳՆԵՐ
- Արամ Կարապետյան. Հայաստանում կփոխեի ամեն ինչ
- Արեգ Նազարյան. Հեղափոխությունները միայն փողով են արվում
դրամ
Այսօր աշխարհում փողով շատ բան են անում մարդիկ, ցավոք: Մենք օրինակներ ունենք: Բայց եթե մեկը շատ գումար վաստակելու հնարավորություն ունի, պետք է բարեգործություն անի: Մարդիկ կան՝ սկսել են զրոյից, չքավոր կյանքից, և այսօր նա, ով չի մոռանում անցյալը, ունի ապագա, իսկ նա, ով փողը համարում է ամեն ինչ և ամեն ինչից վեր, տխուր վերջաբան է ունենում: