Հունան Պողոսյան. Խարդավանքներով առաջնորդվել չի կարելի

Հունան Պողոսյան. Խարդավանքներով առաջնորդվել չի կարելի

Ոստիկանապետի առաջին տեղակալի մենախոսությունը՝ ժամանակի և Աստծո մասին:

հետադարձ հայացք

Երբ տղամարդը բոլորում է 50-ամյակը, առաջին անհրաժեշտ բանը տարիների բարձրությունից հետադարձ հայացք գցելն է, անցած ուղին գնահատելը, արածն ու չարածը համեմատելը, հասկանալը, թե ուր ես հասել և ուր ես գնալու: Շատ արագ թռավ ժամանակը:

պայքարի ոգին

Կյանքում միշտ պետք է իդեալականին ձգտել: Ընկերոջը դավաճանել չի կարելի, խարդավանքներով առաջնորդվել չի կարելի: Մարդ պետք է լինի դաստիարակված. սա, իհարկե ընտանիքից է, միջավայրից: Մարդը պետք է սիրի իր հայրենիքը: Չարություն չպետք է ունենալ նույնիսկ թշնամու հանդեպ: Մարդուն միշտ պետք է սթափ մտածելակերպ, պայքարի ոգի:

եզրագիծ

Գուցե կա սահմանագիծ, որից այն կողմ ամեն ինչ փոխվում է մարդու կյանքում: Կան պահեր՝ ցավոտ ու տխուր, որ կարող ես քեզ համար սահման համարել, քանի որ դրանից հետո ամեն ինչ փոխվում է. օրինակ՝ շատ հարազատ մարդու կորուստը:

կրթություն

ԽՍՀՄ-ում շաբլոն կար, թե պետք է անպայման բարձրագույն կրթության դիպլոմ ունենաս: Սա՝ մի կողմ. կարևորը կիրթ լինելն է: Կրթություն ստանալն աննպատակ չէ: Կեսկատակ ասում են` օժիտով բարձրագույնը հաստատող դիպլոմ պետք է լինի. սա անիմաստ է: Մարդը պետք է արժեհամակարգ ձևավորի, մյուս հարցերը կախված են անձից:


ՄՈՆՈԼԳՆԵՐ


դրամ

Այսօր աշխարհում փողով շատ բան են անում մարդիկ, ցավոք: Մենք օրինակներ ունենք: Բայց եթե մեկը շատ գումար վաստակելու հնարավորություն ունի, պետք է բարեգործություն անի: Մարդիկ կան՝ սկսել են զրոյից, չքավոր կյանքից, և այսօր նա, ով չի մոռանում անցյալը, ունի ապագա, իսկ նա, ով փողը համարում է ամեն ինչ և ամեն ինչից վեր, տխուր վերջաբան է ունենում:

hunanմեր ժամանակների հերոսը

Իդեալներ ունեցել ենք մեր ժամանակներում: Երբ դպրոցներում շարադրություն էին տալիս ազատ թեմայով, մեծ մասը գրում էր, որ ցանկանում է մեծանալ ու դառնալ տանկիստ, տիեզերագնաց… Այդ ժամանակ հերոսացված կոնտինգենտ կար: Ես միշտ ազգայինն եմ առանձնացրել: Մենք ունեինք հրաշալի մարզիկներ՝ Յուրի Վարդանյան, Դավիթ Համբարձումյան:

փորձառություն

Տարիքի հետ ամեն ինչն է փոխվում մարդու մեջ: Այն ռեակցիան, որ ցանկացած երևույթի նկատմամբ կարող էինք տալ 20 տարեկանում, հաստատ 50 տարեկանում չենք տալիս: Տարիները փորձ են բերում իրենց հետ: Տարիքն առնելով փորձում ենք սխալներ չանել:

հոգու խորքում

Աստված շատ ներողամիտ է, շատ բարի և բոլորի մեջ կա: Աստված հոգեհարազատ է յուրաքանչյուրիս: Նույնիսկ ամենաանհավատի հոգու խորքում Աստված կա. չէ՞ որ հարազատ մարդու հետ ես խոսում:

երազում եմ

Կցանկանայի, որ հայ մարդը լիներ միմիայն բարի, կցանկանայի, որ չարությունը վերանար մեր հասարակությունից: Բարությունը աշխարհը փրկելու է: Լավ կլիներ, որ բոլորն ապրեին բարեկեցիկ կյանքով, կենցաղային խնդիրներ քիչ լինեին: Կուզեի, որ ապրեինք զգոն, միշտ պատերազմելուն պատրաստ, որովհետև վտանգավոր հարևաններ ունենք: Երազում եմ, որ խաղաղություն լինի, որովհետև մեր ժողովրդի գլխին շատ ամպեր են կուտակվել. մեր հայրենիքը սկսվում է հեռավոր գյուղից ու ավանից:

 

Գրել կարծիք