ՍԵՓԱԿԱՆ ՓՈՐՁՈՎ. Տաթևի վանքի գաղտնիքները

ՍԵՓԱԿԱՆ ՓՈՐՁՈՎ. Տաթևի վանքի գաղտնիքները

Տիգրան Զարեյանը միակ լրագրողն է, ով մուտք է գործել Տաթևի վանական համալիրի բոլոր գաղտնուղիներն ու պարզել, թե պատերազմների ժամանակ գյուղացիներն ինչպես էին պատսպարվում թշնամուց:

Երկրի հարավում գտնվող ամենամեծ վանական համալիրը հինադրվել է 4-րդ դարում ու եղել է հոգևոր-մշակութային կենտրոն, խոշոր վանական կալվածատիրական հաստատություն` Մեծ Հայքի Սյունիք նահանգի Ծղուկք գավառում:

Այժմ տեր Միքայել վարդապետ Գևորգյան է Տաթևի վանահայրը ու հենց նա պահում ու պահպանում է վանական համալիրը: Վանահայրը հաստատում է, որ կան մի քանի գաղտնուղիներ: Ասում է, որ մի քանիսը մեկընդմիշտ փակվել են երկրաշարժերի ու փլուզումների պատճառով, սակայն մի քանիսը դեռ պահպանվել են: Վանքը կոչվում է Սուրբ Եվստաթեոսի անվամբ: Նա Սուրբ Թադեոս առաքյալի աշակերտն էր, Փրկչի խաչելությունից անմիջապես հետո Հայաստանում քրիստոնեություն էր քարոզում: Ըստ ավանդազրույցի` հենց այս վայրերում է Եվստաթեոսը մահանում տանջանքներով, ու  հենց նրա գերեզմանի վրա տաճար է վեր խոյանում, որն էլ դառնում է Տաթևի մենաստանի հիմքը:

tigran

Գլխավոր եկեղեցին հիմնադրվել է 906 թ.։ Վանքը 5-ից 8-րդ դարերում եղել է դպրության առաջնակարգ կենտրոն: 9-րդ դարասկզբին Սյունյաց եպիսկոպոսության աթոռանիստն էր։ Կառուցապատվել է աստիճանաբար, հիմնականում` 9-րդ դարի վերջին ու 10-րդի սկզբին: Եպիսկոպոսությունն ունեցել է 47 սեփական գյուղ, 677 գյուղերից էլ ստացել է տասանորդ։ Տնտեսապես հզորանալով` Տաթևի եպիսկոպոսությունը 940-950-ական թթ. փորձել է անկախանալ։

Վարդապետի հետ զրուցելուց ու գաղտնուղիների մասին որոշակի տեղեկություններ ստանալուց հետո որոշում եմ ինքս գտնել վաղուց մոռացված թունելներն ու միայն չստացվելու դեպքում կրկին դիմել վանահոր օգնությանը:



Առաջին գաղտնուղու դեպքում ամեն ինչ այնքան էլ բարդ չէ: Պետք էր ներս մտնել սեղանատնից ու փնտրել գետնի վրայի անցքը: Այս գատնուղու տեղն այժմ հայտնի է բոլոր նրանց, ովքեր գոնե մեկ անգամ եղել են Տաթևում: Հենց այս գաղտնուղու միջոցով էլ վանականներն ու տեղացիները հասել են գետափ: Մենք «սեփական փորձով» կրկնենք նրանց ուղին ու հասնենք գետ: Հենց այս ուղով են անցել բոլոր նրանք, ովքեր ցանկացել են արագ հասնել գետափ: Բազմաթիվ են աղբյուրներն ու փոքրիկ ջրվեժները, որոնք կենսական նշանակություն են ունեցել վանական համալիրի համար:

Այստեղ եղանակն անկանխատեսելի է: Վայրկյանների ընթացքում արևին կարող են փոխարինել հուժկու քամին ու կարկուտը: Սակայն դեռ այնքան էլ վատ չէ, ու որոշում ենք փնտրել մյուս 2 գաղտնուղիների ելքերն ու մուտքերը:

tatevv

Հակոբ եպիսկոպոսը փորձում էր Տաթևը դարձնել անկախ միավոր: Նրա գործողություններին ի պատասխան` հայոց կաթողիկոս Անանիա Ա Մոկացին բանադրեց նրան, կասեցրեց եպիսկոպոսի լիազորությունները։ Նոր ընտրված Վահան եպիսկոպոսը (հետագայում դարձավ հայոց  կաթողիկոս Վահան Ա Սյունեցի) ինչ-որ չափով կարողացավ վերականգնել Տաթևի իրավունքները և կալվածքները։ 11-րդ դարի առաջին կեսին այստեղ եղել է 1000 միաբան: 1044-ին սկսվեց Տաթևի ավերածությունը: Հարևան ամիրայությունների զորքերը հողին հավասարեցրին Գրիգոր Լուսավորչ եկեղեցին, գործատներն ու կից կառույցները: Սակայն շատ կարճ ժամանակահատվածում ամեն ինչ նորոգվեց, ու 1087-ին համալիրի հարավարևմտյան կողմում կառուցվեց Ս. Աստվածածին երկհարկ դամբարան-եկեղեցին։

Ըստ ավանդազրույցի` հենց գաղտնի թունելների միջոցով էին տեղացիներն ու վանականները թաքնվում ու թաքցնում եկեղեցական գանձերը: Պահպանվել է ընդամենը 3 գաղտնուղի: Ոչ մի կերպ չի ստացվում գտնել թունելները: Չկա ո՛չ անցք, ո՛չ քարանձավ, ո՛չ էլ կածան: Ամբողջ օրը թափառում ենք լեռներով ու որոշում առավոտյան դիմել վանահոր օգնությանը:

Վանահորը հանդիպում ենք վաղ առավոտյան Գավազանի դիմաց: Ճոճվող հուշասյունը կառուցվել է 10-րդ դարասկզբում ու միակ կառույցն է, որը կառուցման օրից չի ընկել. այն չեն կարողացել կոտրել, ու անխաթար է մնացել բազմաթիվ երկրաշարժերից հետո: Քարակոթողը ճարտարապետական նվիրում է Սուրբ Երրորդությանը: Ութանկյուն սյունը ճոճվող է, ինչի պատճառով այն անվանում են «ճոճվող կոթող» կամ «կենդանի գավազան»: Սյունը շարժվում էր անգամ թույլ երկրաշարժի դեպքում: Ասում են` այն սկսում էր շարժվել, երբ երկիրը դողում էր Տաթևին մոտեցող զինվորների քայլքից:

tat

Վարդապետը համաձայնում է օգնել ու ցույց է տալիս անհայտ գաղտնուղիներից մեկի գտնվելու վայրը: Ժայռի պռնկին ու կիսավեր շինության մեջ է այն: Միաբան հայրը զգուշացնում է, որ վտանգավոր է, ու որ շատ վաղուց այստեղ մարդ չի մտել:

Գրեթե աննկատ անցքով պետք է սողոսկել թունել: Տասնամյակներով այստեղ մարդու ոտք չի դիպել, ու ոչ ոք չգիտի, թե ինչ կարող է լինել ներսում:

Երկար ու նեղլիկ գաղտնուղով անցնելուց հետո պարզ է դառնում, որ այն փակված է: Պատճառն էլ հենց դա էր, որ հակառակ կողմի մուտքը մեզ այդպես էլ չհաջողվեց գտնել: Այս ամենը շտապ նորոգման կարիք ունի, հակառակ դեպքում կարող է փլուզվել: 1 ժամ հետո մեզ հաջողվում է դուրս գալ 2-րդ գաղտնուղուց: Սակայն վանահայրը ասում է, որ կա նաև երրորդն ու ամենատպավորիչը:

12-րդ դարում սելջուկյան թուրքերի արշավանքների և 1136 թվականի երկրաշարժի հետևանքով Տաթևի վանքը վերածվել է ավերակների։ 1170-ին Բաղաբերդը գրաված սելջուկյան թուրքերը կողոպտել էին եպիսկոպոսարանի գանձերը, այրել 10 հազարից ավելի ձեռագրեր: Սակայն 12-րդ դարի վերջին Ստեփանոս եպիսկոպոսի ջանքերով վանքը կրկին վեր է խոյացել: Մոնղոլական տիրապետության ժամանակ Տաթևը ձեռք է բերել ապահարկության իրավունք ու Օրբելյանների աջակցությամբ վերականգնել տնտեսական հզորությունը։

Օրբելյանները եպիսկոպոսության ղեկը 1286-ին վերցրել են իրենց ձեռքը: Նահանգի տարանջատված թեմերը հենց Օրբելյանների ջանքով կրկին միավորվել են Տաթևի գերիշխանության ներքո։ Մանրանկարչության դպրոցով, մատենադարանով ու համալսարանով հայտնի Տաթևը հայկական մշակութային խոշորագույն կենտրոն էր 14-րդ դարում, ավա՜ղ, ոչ երկար:

Լենկթեմուրի արշավանքի ժամանակ վանքը կողոպտել են ու հրկիզել: Սա էլ վերջ չէր: Թեմուրյան գահակալ Շահռուխի արշավանքի ժամանակ վանական համալիրը նորից են կողոպտում, վառում ու ավերում: Եպիսկոպոսը միաբանների հետ տեղափոխվում է Լոռի ու հաստատվում Սանահինի վանքում։

18-րդ դարում վանքը գրեթե ամբողջությամբ նորոգվում է, սակայն կրկին ավերվում Աղա Մահմեդ խանի պարսկական զորքերի ասպատակությունների պատճառով: Ու կրկին բոլոր արհավիրքների ժամանակ կենսական նշանակություն էին ստանում գաղտնուղիները, որոնք տեղացիներին պաշտպանում էին թշնամուց:

Դեռևս բաց ու վերջին` 3-րդ  գաղտնուղու գտնվելու վայրը գրեթե ոչ մեկի հայտնի չէ, ու մեծ ցանկության դեպքում անգամ գրեթե անհնար է նույնիսկ տեսնել այն:

 

tatevԱնհավանական է, բայց պարզվում է, որ 3-րդ գաղտնուղին գտնվում է խորանի վրա ու խաչի ետևում: Խորան բարձրանալ չի կարելի: Պետք է ապաշխարել, աղոթել ու գիտակցել քայլի լրջությունը: Դպիրի շապիկ ու հողաթափեր պետք է հագնել, որից հետո միայն հնարավոր կլինի բարձրանալ խորան: Սրանք բացառիկ լուսանկարներն են, որոնք երբեք չեն ցուցադրվել:

Ոչ մի լրագրող մուտք չի գործել այս գաղտնուղին: Հենց սա էր այն թունելը, որի միջով հնարավոր է եղել հասնել Տաթևի անապատ: Սակայն քարաթափման, երկրաշարժերի ու շինարարների անփութության պատճառով այն վաղուց փակված է և օտար աչքից հեռու:

 

Գրել կարծիք