ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Վահրամ Սահակյան. Հայաստանում փորն է պետք փոխել

Վահրամ Սահակյան. Հայաստանում փորն է պետք փոխել

Զարմանում եմ
Հայ տղամարդը 30 տարեկանից սկսում է սպիտակել, ճաղատանալ, ծերանալ: Ամեն դեպքում այդպես է պատահում մեր արվեստագետների 70-80 տոկոսի հետ: Սպիտակ մազերով, բրդոտ մորուքով և ճաղատ: Չեմ սիրում այդ բրդոտներին: Ես մարմնական միայն մեկ խնդիր ունեմ. վերջերս գիրացել եմ, բայց դա կապված է նյութափոխանակության հետ: Բժշկական միջամտություն է հարկավոր, այն այս պահին կատարում եմ, որպեսզի փորս չհասնի Լոռի, Փամբակ, գոնե մինչև, ասենք, Ապարան, Հրազդան: Իսկ հոգևոր առումով մարդը 50 տարեկանում խելոքանում է: Ինձ ասում են՝ ինչո՞ւ քննատադություն չկա, կամ «youtube»-ում՝ տեսանյութ: Նախ ասեմ, որ դրա ժամանակն անցել է: Մարդիկ սովորել են մի կարծրատիպի: Իսկ ես, լինելով դերասան (իմ դիպլոմում գրված է դրամայի դերասան), տարբեր մասնագիտական կարողություններ ունեմ, սիրում եմ հանդես գալ տարբեր ոճերով: Ես գրում եմ պիեսներ, կատակերգություներ, դրամաներ, բանաստեղծություններ, քնարական ու այսպես ասած քաղաքացիական պատմվածքներ, գրքեր: Եվ խոհարարությամբ եմ զբաղվում: Այնպես որ շատ տարբեր եմ լինում: Կարծրատիպերը շատ տարածված և վտանգավոր բան են: Նոյեմբերին ինձ հրավիրել էին մի հեռուստաընկերություն, հարցնում էին՝ ա՛յ, Դուք հայհոյում եք բոլորին… Ես հարցրեցի, թե դա վերջին անգամ երբ են տեսել: Ես կատակով կամ այլ դեպքերում մինչև 2009-10 թվականներն եմ այդպիսի բաներ արել: Ինչո՞ւ եք կանչել: Մի՞թե դա հետաքրքրում է հեռուստադիտողին: Չի հետաքրքրում: Հեռուստադիտողին, մանավանդ ամսագրի ընթերցողին չի հետաքրքրի, թե Վահրամ Սահակյանն ինչ կարծիքի է Մոնիկա Բելուչիի մասին: Նրանց կարող է հետաքրքրել, թե ես ինչ սոուսներ եմ պատրաստում, ինչ կոկտեյլներ ու սուրճ եմ սիրում, ինչ սիգարներ եմ ծխում: Զարմանում եմ: Ես տարիներ շարունակ ապրել եմ Ֆրանսիայում: Այնտեղ կային շատ ու քիչ հայտնի արվեստագետներ. ա՛յ, մարդկանց դա կհետաքրքրի: Դա վիրավորական հարց է ինձ համար: Օրինակ՝ եթե ասեիք՝ ի՞նչ կարծիքի եք Խորեն Աբրահամյանի մասին, ես կհասկանայի:
Չի կարելի
Իմ կարծիքով՝ հասարակական կյանքում չի կարելի խոսել ինտիմ հարցերի մասին, վատ խոսել կամ հայհոյել այլ ազգերի, չի կարելի գերադասել քո ազգությունը, չի կարելի կոպիտ արտահայտություններ անել: Ամենաահավոր բանը. ասենք՝ խոսում ես ինչ-որ մեկի հետ, երրորդը գալիս է և քեզ ճանաչելով կամ առանց ճանաչելու՝ մտնում է խոսակցության մեջ, լինի խանութում, ընկերական շրջապատում, թե աշխատավայրում: Չնայած ես երբեք չեմ ունեցել աշխատավայր, չեմ աշխատել ու ոչ մի կուտակային ինձ վրա չի ազդում:
Ավտոտեսուչը մեքենայի միջից աղիողորմ ոռնոց է արձակում ինչ-որ մեքենայի կանգնելու-չկանգնելու համար: Չի կարելի: Նա պետք է որպես մարդ գիտակցի, որ չի կարելի մի մեքենայի համար ոռնոցով անհանգստացնել ամբողջ բնակչությանը: Քնած ու հիվանդ մարդիկ կան, առողջ մարդիկ կան, որ երաժշտություն են լսում: Դու ո՞վ ես, որ մի մեքենայի համար ոռնում ես: Այդպիսի բաներ եմ նկատել: Շատերը դրանից բարկանում ու սրտնեղում են: Կարծում եմ՝ այդպես պետք է լինի: Ես արտասահմանում չեմ տեսել, որ ոստիկանը խանգարի քաղաքացուն: Եթե ես ավտոմեքենայի ամրագոտին չեմ կապել, ինքը ձեռքով կհասկացնի, որ գցեմ: Այն դարը չի, որ կանգնեցնի վարորդին ու սկսի պետություն-պետություն խաղալ: Հասկացանք՝ օրենքը կա, օրենքը պետք է հարգել, լինի լավը, թե վատը: Բայց չի կարելի իրեն դնել մի 400 տարվա պետության տեղ: Այդ ամենը գռեհիկ է նայվում:
Ալեհեր բրդոտները
Ես ինձ թույլ չեմ տա անշնորհքություն անել: Արվեստագետի անշնորհքությունը, անկրթությունը, անքաղաքավարությունն այն է, որ վատ գիրք է գրում, վատ ֆիլմ է նկարում: Եթե ինքն իրեն նման բան է թույլ տալիս, ուրեմն հիմար է: Որովհետև չի հասկանում, որ դա չի կարելի: Վերջերս կարդացի մի քանի հոգու՝ 30-ամյա գրողների, բանաստեղծների, ու զզվեցի: Հեռավոր գյուղից եկել ես քաղաք ու հետ ես դարձել, գյուղացի պոետ ես: Գյուղում պե՞տք չեն պոետներ, ինչո՞ւ ես եկել այստեղ: Համո Սահյանն էլ էր եկել գյուղից, բայց նրա գրածը պոեզիա է, շունչ է: «Մենք գրող ենք, մենք այս ենք, մենք այն ենք», իսկ իրականում ինքնագործ էլ չեն: Հետո այդպես մեծանում են ու չարիք են դառնում իրենց ու մյուսների համար: Նախ՝ փչացնում են ինչ-որ խավի ճաշակ ու իրենք էլ ամբողջ կյանքում մնում են ինքնագործ, սրան նրան հայհոյող ու նեղսրտող, կոմպլեքսավորված լակոտներ: Դառնում են 60-70 տարեկան լակոտներ: Ա՛յ, այդպես, սպիտակ մազերով, բրդոտ էլ կվերանան:
Ես հիմարությունը նմանեցնում եմ տեսողությանը. եթե մարդ վատ տեսողություն ունի ու մեկ մետր է տեսնում, ակնոց էլ չկա, դրանից այն կողմ նա չի տեսնի, չի իմանա՝ իր մասին ինչ են խոսում, ինչպես են վերաբերվում իրեն, ոչինչ չի իմանա: Օրինակ՝ կան փտած գրողներ, որոնք չգիտեն, թե աշխարհում ինչ է կատարվում: Ազգայնամոլության վրա չի կարելի գրականություն կառուցել: Իսկ ավելի ճակատագրական է դյուրահավատությունը: Հավատանք քաղաքական գործիչ անվանվող իշուկներին, հորթերին: Այսպես գնալ, տանջվել ամբողջ կյանքում, մասնակցել ցույցերի: Կարելի է ասել, որ դա իմ գործը չէ, բայց ինքը հետո ասում է՝ էսքան կանգնեցինք: Է՛, չկանգեիր: Առաջին անգամ խաբվեցիր՝ խաբողն է մեղավոր, երկրորդ անգամ խաբվեցիր՝ ինքդ ես մեղավոր: Մարդը սխալների վրա է սովորում, բայց չի կարելի ամբողջ կյանքը սխալների վրա սովորել, սովորել, սովորել: Հետո կգա մի տարիք, որ կհասկանաս՝ այդ սովորածդ գործածական չէ, որովհետև քո մեռնելու ժամանակն է արդեն:



ՄՈՆՈԼԳՆԵՐ



Սահմանագծից այն կողմ
Կան լավ ու վատ աշխարհներ: Եթե դու քեզ շրջապատում ես այնպիսի մարդկանցով, որոնք քեզ հարազատ մարդիկ են, լինի ընկերուհիդ, կինդ, նրանց հետ զբաղվելը նորմալ է: Եթե ընկնում ես հիվանդության մեջ, զգում ես, որ կարող ես մահանալ ու դու ես դրա մեղավորը, դու ես մրսել, հարբել, կռվել ու վնասվել կամ ինչ-որ տեղից հիմարության պատճառով սայթաքել ես ու ընկել: Զգում ես, որ կարող է ամեն ինչ ավարտվել, վիրահատություն կարող է լինել, վատ երազներ ես տեսնում, տեսիլքներ են երևում. ինքնըստինքյան տեղափոխվում ես ուրիշ աշխարհ: Եթե, Աստված տա, այնտեղից վերադարձար, ուրեմն պարտավոր ես ապրել այնպես, որ արհավիրքներ այլև չհանդիպեն քո կյանքում: Դա կարող է օգուտ տալ քեզ, կարող է և օգուտ չտալ, եթե այլևս չես կարողանա որևէ բան փոխել:
Մի քանի բան եմ ափսոսում: Շատերն ասում են, որ իրենք չեն ափսոսում, բայց ամեն ինչը հիմնականում զուր է: Ափսոսում եմ այն տարիները, որոնք անցել են անիմաստ: Այսինքն՝ քեզ թվացել է, որ այդ տարիներին դու ինչ-որ ֆիլմ պետք է նկարես, գործ անես, գիրք գրես, բայց այնքան ես բարդացրել դա, այնքան ես դրա մասին մտածել, որ հետո չես հասցրել գրել: Այդ երկու տարին, որ մտածել ես, պետք է անեիր այսինչ բանը, բայց արել ես այլ բան: Եվ այդ մեկ այլ գործը կարող էիր անել մեկ ամսում: Պետք չէր այդ երկու տարին կորցնել այդ գաղափարի վրա: Ես սա ասում եմ երիտասարդությանը:
Ժամանակին աշխատում էի «Ար» հեռուստաընկերությունում: Այնտեղ ամեն մեկին թվում էր, թե իր արածը ոչ ոք չի կարող անել, ամենակարևորն ինքն է: Վա՜յ, իմ հաղորդման ֆորմատը: Է՛, փոխի՛ր ֆորմատը, քեզ ո՞վ է բան ասել, ո՞ւմ է պետք, կամ ո՞ր մի հեռուստադիտողը գիտի քո ֆորմատը: Մի խոսքով՝ կյանքն այսպես անցնում է: Ես երբեք չեմ մտածել մնալ արտասահմանում, բայց ես չեմ էլ մտածել մնալ Հայաստանում: Ես այն մարդը չեմ, որ ասեմ՝ որտեղ լավ է, այնտեղ կմնամ: Ուղղակի կյանք է: Ես չեմ մտածել գալ, գնալ, մնալ: Ես շատ լավ խոսում եմ հայերեն ու ֆրանսերեն: Եթե ինչ-որ բաներ համընկնեին, չխանգարեին, ես հիմա հաստատ կապրեի Ֆրանսիայում:

Տարածել

Newmag © 2011-2024

Կայքը` Future Systems
×