ՍԵՓԱԿԱՆ ՓՈՐՁՈՎ. Ինչպես պատրաստել գինի

ՍԵՓԱԿԱՆ ՓՈՐՁՈՎ. Ինչպես պատրաստել գինի

Հիշո՞ւմ եք. ի՞նչը կհաղթի կյանքում հերոսին, թե չլինեն կինն ու գինին: Հարցը հռետորական է, պատասխանը` փիլիսոփայական՝ ըստ յուրաքանչյուրի կենսափորձի:

Հայաստանը վաղնջական ժամանակներից հայտնի է որպես ոգեղեն կանանց և ոգելից գինիների երկիր, գինևետ այգիներն էլ Վայոց ձորում են: Սեփական փորձով ու հմուտ գինեգործների օգնությամբ կպատրաստենք բարձրորակ գինի: Սակայն սկսելու համար հարկավոր է հասկանալ, թե որտեղից է սկիզբ առնում մոգական գինու հումքը: Դրա համար նախ հարկավոր է այցելել Վայոց ձորում գտնվող խաղողի տնկարան:

Արամն այստեղի և՛ տնօրենն է, և՛ հողագործը: Ասում է, որ «Արենի» տեսակը ստանալու համար նախ հարկավոր է գարնանը խաղողի շիվերը խնամել, որ ծիլ տան: Պարզվում է` ծիլերը մշակելու ու տնկիներ դարձնելու համար հատուկ խնամք ու, ինչպես տեղացիներն են ասում, արև ու սեր է հարկավոր: Երբ տնկիները պատրաստ են, Արամը համաձայնում է դրանցից բաժանվել պայմանով, որ դրանք կհայտնվեն հոգատար ձեռքերում:

newmag 46_print

Մի քանի տարի է, ինչ համայնքների զարգացման ծրագրի միջոցով բարձրադիր լեռնային պայմաններում ու կաթիլային տարբերակով աճեցնում են «Արենի» տեսակը: Հենց այդ խաղողից պետք է գինի պատրաստենք: Սակայն ամենագինառատ մարզում պարզապես չի ստացվում արագ շարժվել շատ պարզ պատճառով: Ամեն քայլափոխի կանգնեցնում են ու գինի առաջարկում: Ինչպե՞ս կարելի է հրաժարվել: Բնությունն այստեղ ապշեցուցիչ է, լեռներն էլ` բարձրաբերձ:

Նորավանքի տարածքում է գտնվում կաթիլային այգին: Մասնագետներն ասում են, որ միայն այդ տարբերակով է հնարավոր գրեթե անմատչելի լանջերը վերածել բերքատու այգիների: Կարենն է` ոչ այնքան մեծ այգու տերը: Մենք էլ ճիշտ տեղում ենք ու ճիշտ ժամանակին. Բերքահավաքի ժամանակն է: Սակայն առաջին հերթին ինձ հետաքրքրում էր կաթիլային կոչված տարբերակը:



Լեռներում ու լեռան թեքասահ լանջին անհնար կլիներ առուներ փորել, ջուրը հասցնել: Կաթիլային տարբերակն ավելի էֆեկտիվ է, ու բերքը ավելի լավ է ստացվում: Արմանն ասում է, որ եթե ամբողջ բերքը չհավաքեն, ապա բոռն ու իշամեղուն կվայելեն քրտնաջան աշխատանքի արդյունքը: Պարզվում է` կորուստը կարող է այնքան մեծ լինել, որ, օրինակ, նախատեսված մեկ տոննա խաղողից կմնա կեսից էլ պակասը: Հավաքում ենք այնքան, որ կողովը բերնեբերան լցվի: Կարենն ասում է, որ առաջին անգամվա համար վատ չի ստացվում, սակայն ես նույն հմտությունն ու արագությունը չունեմ, ինչ փորձառու խաղողագործները:

newmag 4666_print

Խաղողը հավաքելուց հետո ուղևորվում եմ Եղեգնաձորի ամենահին գինեգործների ընտանիք: Այժմ Արմանն է դարերի վաղեմություն ունեցող բաղադրատոմսով պատրաստում անապակ «Արենի»-ն: Սկզբից չանչազատում ենք, հետո սկսում տրորել այնքան, որ միասեռ զանգված դառնա: Երեք օր մնալուց հետո խաղողը վերածվում է մաճառի: Փորձում եմ, ու այնքան էլ վատ չէ: Եվս 4 օր խմորումը շարունակվում է, ու կարելի է ասել` գինին պատրաստ է:

Սակայն Արմանն ասում է, որ հարկավոր է հնացնել այն ո՛չ ավել, ո՛չ պակաս երկու տարի: Հնացումն էլ այս տակառների մեջ է արվում: Գինին դատարկում ենք տակառի մեջ ու թողնում, որ հանգստանա: Միայն վեց ամիս հետո է այն հարկավոր բացել, առանձնացնել նստվածքն ու թողնել, որ էլի հնանա: Ու այսպես` 4 անգամ: Հրաժեշտ եմ տալիս Արմանին՝ 2 տարի հետո հանդիպելու խոստումով: Ու քանի որ շատ ժամանակ ունեմ, գնում եմ այն քարանձավը, որտեղ պեղված գտածոները փոխեցին գինու մասին ժամանակակից պատկերացումները:

2010-ին գիտնականների հայտնագործությունը ցնցեց ամբողջ գիտական աշխարհը: Արենի գյուղի մոտ՝ քարանձավում, կատարված պեղումների ժամանակ հնագետները հայտնաբերեցին խաղողի տրորման, խմորման և պահպանման համար նախատեսված կավե անոթներ, բաժակներ և խաղողի կորիզներ: Մինչև այժմ էլ դեռ պեղումներն ավարտված չեն, նկարահանումներն էլ արգելված են:

Ըստ ավանդազրույցի՝ մարդկությունը գինու համը բացահայտեց, երբ Նոյ նահապետը ջրհեղեղից հետո Արարատ լեռան ստորոտին տնկեց խաղողի առաջին որթը: Նոյին գինու պատրաստման գաղտնիքը բացահայտել էր այծը, որը կերել էր խաղողի վայրի պտուղներ և հարբելով սկսել էր հրմշտել մյուս կենդանիներին: Դրանից հետո Նոյը Արարատ լեռան լանջին խաղող տնկեց և պտուղներից էլ գինի պատրաստեց:

newmag 42226_print

Լեգենդի իրեղեն ապացույցը հենց այս քարայրն է: Հսկայական քարանձավի փոքր հատվածն է պեղված, ու գիտնականների և փորձագետների կարծիքով դեռ շատ անակնկալներ են սպասում պեղողներին: Այստեղ գտնված խաղողի կորիզների համեմատական ուսումնասիրություններն ապացուցեցին, որ հայերը Ք.ա. մոտ 6 – 5-րդ հազարամյակներում ընտելացրել են վայրի խաղողը և զբաղվել դրա սելեկցիայով:

Մոտ երկու տարի է անցել գինեգործ Արմանի հետ վերջին հանդիպումից, ու անհամբեր եմ, որ փորձեմ իմ ձեռքով քաշած գինին: Տեղի քահանայի հետ պայմանավորվել ենք, որ նա նույնպես կփորձի գինին ու իր գնահատականը կտա:

Խմիչքն ինձ դուր է գալիս, սակայն վերջնական խոսքը պետք է ասի քահանան հաջորդ երեկոյան: Հանդիպում ենք Արենի գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու դիմաց: Հոգևորականն օրհնում է, փորձում գինին ու… հայրաբար գովում: Նշանակում է՝ ստացվել է:

Գրել կարծիք