Չոր օրենք. Ալ Կապոնեի ծարավն ու հայերի հնարամտությունը

Չոր օրենք. Ալ Կապոնեի ծարավն ու հայերի հնարամտությունը

Մաֆիան ու ալկոհոլը: Սպիով Գանգստերն ու նրա դեմ պայքարող ոստիկան եղբայրը: Չոր օրենքի վերացման Հայկական լուման: newmag-ը Post Factum պատմում է ԱՄՆ-ում գաղտնի օղեթորման հայկական հնարքների և Ալ Կապոնեի պայքարի մասին:

Ֆինլանդիայի իշխանությունը պաշտոնապես արգելեց 1919 թվականի հունիսի 1-ին ալկոհոլի արտադրությունը, վաճառքն ու ներմուծումը: Ալկոհոլ միայն բժշկական նպատակով էր կարելի օգտագործել:

Հակաալկոհոլային շարժումն ԱՄՆ-ում սկսվել էր 19-րդ դարի վերջին: Անգամ կուսակցություն էր հիմնվել, որը պայքարում էր ալկոհոլի դեմ: 1920-ական թվականներին ալկոպայքարը թեժացավ: ԱՄՆ-ում օրենք ընդունվեց, ու վերջնականապես արգելվեց ալկոհոլը: Պատմության մեջ այն մնաց «Չոր օրենք» անունով:

Ցա՛ծր խոսեք` «սփիք իզի»: Հենց այսպես էին 1930-ականներին ԱՄՆ-ում կոչվում բարերը, որոնք գործում էին ընդհատակում ու գաղտնի:

Հենց այդ տարիներ են համարվում իսկական կոկտեյլների ժամանակաշրջանը, որովհետև բոլոր թաքուն գործող փաբերի բարմենները սկսեցին ալկոհոլը թաքցնելու համար ստեղծել նոր տեսակների ու բաղադրության կոկտեյլներ:

20-ականների սկզբին կյանքը նման էր տոնի: Ոչ մեկին չի հետաքրքրում` ինչով կարող է ավարտվել ժամանցը: Ժուժկալության կողմնակիցները ամենուր հայտարարում են, որ ալկոհոլը կործանման է տանում Ամերիկան: Աստիճանաբար ուժի մեջ են մտնում ալկոհոլի կիրառությունն արգելող օրենքներ: Ալկոհոլը մարդկանց արգելում է խաղաղ ապրել:


[ Post Factum ] 


Պետությունները ժամանակ առ ժամանակ ստիպված են «Չոր օրենք» ընդունել: Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը ուսումնասիրել է բոլոր «Չոր օրենքներն» ու եզրակացրել, որ երբեմն անհնար է այդպիսի օրենքներից խուսափելը:

 «Ազգային անվտանգության խնդիր էր. ավելի շատ էին հիվանդ երեխաներ ծնվում, մարդիկ ավելի ագրեսիվ էին դարձել, ընկել էր բոլորի աշխատունակությունը»:

Մինչև ԱՄՆ-ում «Չոր օրենքի» ընդունումը Հայաստանը տեսել էր այն 1914 թվականին: Հենց այդ ժամանակ ցարական Ռուսաստանում ակոհոլի արտադրությունն ու օգտագործումն արգելող հրովարտակ տարածվեց: Սա վնասեց Հայաստանի խաղողագործությանը, բայց կործանարար չեղավ: Մինչև այդ հայերը, լինելով մահմեդականների տիրապետության տակ, արդեն սովորել էին «Չոր օրենքին» նմանվող դրսևորումներին:

«Չոր օրենքի» ընդունումը բոլորովին այլ դրսևորումներ ստացավ ԱՄՆ-ում: Հատկապես Չիկագոյում: «Չոր օրենքը» որևէ այլ տեղ չունեցավ ավելի վատ հետևանքներ, քան Չիկագոյում: Հենց այդ ժամանակ մի մարդ որոշեց, որ վատ շանս չէ: Լրագրող Ռոբերտ Սենտ-Ջոնը վարել է «Սպիով մարդու» գործի հետաքննությունը:

 «Սպիով մարդը՝ նույն ինքը՝ Ալ Կապոնեն, Նյու Յորքից Չիկագո ժամանեց այն օրը, երբ ուժի մեջ մտավ ալկոհոլի վաճառքը դադարեցնելու օրենքը»:

Մեր ժամանակի Ռոբին Հուդ. այդպես էին նրան կոչել ամերիկացիները: Ալ Կապոնեն իտալացի ներգաղթյալի որդի էր: Վինչենցոն առաջինն էր, որին հաջողվել էր դուրս գալ Նյու Յորքում գտնվող գաղթականների գետտոյից: Նա ճամփա ընկավ արևմուտք: Եղբայրը` Ալը, ցանկացավ գնալ հետևից, բայց հասավ միայն մինչև Չիկագո: Նրան տանջում էր ծարավը, որը կարող էր հագեցնել միայն ալկոհոլի միջոցով:

capone

«Չոր օրենքի» հակառակ կողմը

Գիշերային ժամանցի վայրերում արգելված խմիչքները գետի պես հոսում էին: Անգամ օրինապաշտ քաղաքացիները մեծ հաճույքով խախտում էին օրենքը: Հենց այս ընթացքում Կալիֆոռնիայում հայտնված և ցեղասպանությունից փրկված հայերն իտալացի էմիգրանտի նման սկսում են օգտվել բացառիկ հնարավորությունից: Խնդիրն այն է, որ նրանք ուղղակի տիրապետում էին գաղտնի գինեգործության արվեստին: ԱՄՆ-ում շատ հստակ օրենք էր գործում, որով սահմանվում էր, թե ինչպիսին պետք է լինի օղեթորման սարքը: Ըստ այդ սահմանման` այն պետք է ունենա տարա, սառնարան և խողովակ, որի միջով պետք է անցնի գոլորշին:

Հայերը մահմեդականների արգելքների ժամանակ գտել էին այն շրջանցելու մեխանիզմը և այստեղ էլ են շրջանցում:

Արգելված բիզնեսը ծաղկում էր: «Չոր օրենքը» լավ եկամուտ էր ապահովում սպիրտ արտադրող ընդհատակյա գործարանների համար: Երկրի սահմանները վերահսկում էին կոնտրաբանդիստները` սպասելով անօրինական ներմուծման հնարավորության:

Ալ Կապոնեն «Չոր օրենքի» կնքահայրն էր: Նա դարձավ Չիկագոյի «արքան»: Հովանավորում էր իր և իր կայսրության կողմնակիցներին: Նրա փաստարկները միշտ համոզիչ էին: Չիկագոյի ոստիկանությունը նրա «գործընկերն» էր: Լրագրող Ռոբերտ Սենտ-Ջոնը հոդված գրեց նրա կապերի մասին: Հետևանքները չուշացան:

«Ինձ առևանգեցին Ալ Կապոնեի բանդայի 4 անդամներ: Նրանք երկար ծեծեցին ինձ, ապա թողեցին, որ մեռնեմ մի փոսում: Երբ դուրս գրվեցի հիվանդանոցից, գնացի դրամարկղ՝ բժշկական ծառայության գումարը վճարելու համար, բայց ինձ ասացին, որ այդ գումարն արդեն վճարված է: Ես հարցրի, թե ով է վճարել: Ինձ ասացին, որ եկել էր մի հոգնած դեմքով տղամարդ, որի երեսի ձախ մասում սպի կար»:

Ալ Կապոնեն արդեն վաղուց մաֆիայի ամենակարող կնքահայրն է: Նրա ոճը դժվար չէ ճանաչել: Ամերիկայում սկսվեց անզիջում պայքար` հանուն սթափության: Այդ պայքարի առաջամարտիկը Վինչենցոն էր` Ալի եղբայրը: Արևմուտքում նա ծառայում էր ոստիկանությանն ու պայքարում էր «Չոր օրենքի» համար: Վինչենցոն ոչինչ չգիտեր հանցագործ եղբոր մասին, որի հետ կապը խզվել էր: Նա չնչին աշխատավարձով պայքարում էր հանուն օրենքի, եղբայրը միլիոններ էր դիզում: Ալ Կապոնեին այդ գումարը չէր բավարարում: Նա ուզում էր միահեծան իշխել ամբողջ Չիկագոյում, բայց մրցակիցները նրան կանգնեցրին:

1929 թվականի փետրվարի 14: Սուրբ Վալենտինը` բոլոր սիրահարների տոնը, Չիկագոյում վերածվեց մահվան օրվա: Ալ Կապոնեն վերացրեց միանգամից 7 հակառակորդի: Ողջ մնաց միայն մեկը` «գերմանական շունը»… Արյունոտ վրեժը Ամերիկայում շոկ առաջացրեց: Կապոնեին ձերբակալեցին: Պատմության ամենահայտնի գանգստերը կանգնեց դատարանի առջև: Իհարկե, ոչ իր արյունոտ հանցանքների համար:

Կապոնեն երբեք չի մեղադրվել սպանության մեջ, բայց հարկերից խուսափելու համար նա դատապարտվեց 12 տարի ազատազրկման: 1933 թվականին «Չոր օրենքը» վերացվեց:

Գրել կարծիք