Անահիտ Բախշյան. Սարսափում եմ հեռուստաեթերից
հուշակարոտ
Կան հուշեր, որ երբեմն կրիտիկական չափի են հասնում և ուզում ես պոռթկալ, ուզում ես կրկնվի այդ հուշը, որին կարոտում ես: Բայց ուղեղդ ասում է` չսպասես, չի կրկնվի: Ուզում ես հուշը ջնջել, բայց հուշն էլ չի ջնջվում… Ոչ միայն չի ջնջվում, այլև այն տեսակ հուշեր ունեմ, որոնք թանկ զարդերի պես զարդատուփի մեջ եմ պահում: Այդ հուշերն, անշուշտ, ինձ համար կապված են սիրո զորեղ զգացմունքի, ապրումների հետ, որ ապրել եմ ամուսնուս հետ: Հուշերը կադր-կադր անցնում են աչքիս առաջ: Ինչ ջերմ զգացմունքներ ենք ունեցել իրար նկատմամբ, ինչ դժվարություններ ենք ունեցել, ինչպես ենք իրար ուս ուսի տվել ու բարձրացել, ինչպես ենք փշերը, իրար շփելով, մաշել և դարձել իսկապես մի ամբողջություն: Հիմա եմ հասկանում` ինչքան լավ էինք ես ու Յուրան իրար լրացնում, որքան ճիշտ էր մեր պարագայում աստավածաշնչյան բանաձևը` «Այր և կին` մեկ մարմին»: Հուշակարոտը երբեմն ուզում է ինձ սպանել…
իմ սերը
1965-ի հուլիսի 15-ին առաջին անգամ տեսա Յուրային: ԵՊՀ-ի ֆիզիկայի ֆակուլտետի ընդունելության քննություններն էին: Հայտնվեցինք նույն խմբում, 5 տարի սովորեցինք միասին: Այդ տարիներին բացահայտվեց ինձ համար, որպես բացառություն: Կուրսում 120 հոգի էինք, ընդամենը 24-ն էին աղջիկ, մոտավորապես 100 տղաների մեջ առանձնանում էր իր առաքինությամբ, արժեքներով, վարքով, մտածելակերպով, որն այն ժամանակներին բոլորովին հատուկ չէր: Սերը, որ պարուրեց ինձ մազերիս ծայրից մինչև ոտքերիս մատները, 1968-ի հունվարի 25-ին պոռթկաց: Ես խոստովանեցի Յուրային, որ շատ սիրում եմ իրեն: Ի պատասխան նա շատ զարմացավ, ժպիտը սառեց դեմքին: Ասաց. «Պատրաստ չեմ հիմա քեզ պատասխանել»: 9 ամիս հետո Յուրան պատասխանեց, ասաց, որ ինքն էլ է ինձ սիրում: Ավարտելուց հետո ամուսնացանք, և մեր համատեղ կյանքը շարունակվեց մինչև 99-ի հոկտեմբերի 27-ը… Կարևոր չէ, որ հիմա ինքը իմ կողքին չէ, բայց այն ամբողջությունը, որ ունեցել ենք իրար հետ, այսօր էլ կա, ես մենակ չեմ: Ես Յուրայի հետ եմ, Յուրան ինձ հետ է միշտ:
հայը
Լավագույն բնորոշումը Դերենիկ Դեմիրճյանն է տվել: Երբ կողքս հայից տրտնջացողներ են լինում, պայուսակիցս հանում եմ ու ասում` եկեք կարդանք: «Ոչինչ չեմ ուզում,- ասում է հայն իր նեղիչներին,- ձեզ լինի ձեր լուծը, ձեզ լինի ձեր երջանկությունը, գանցեք, ապրեցեք երջանիկ, եթե սիրում եք կյանքը: Ես սիրում եմ կյանքից ավելի թանկ բանը` ազատությունը»: Սա մեր բանաձևն է: Ազատություն սիրող մարդուն շատ դժվար է օրենքների մեջ դնելը: Գուցե արդարացնում եմ, մխիթարվում, հուսադրվում ու հավատում եմ դեմիրճյանական հայի ազատատենչ ոգուն…
ՄՈՆՈԼՈԳ
- Մարգարիտա Գրիգորյան. Ես պրոֆեսիոնալ եմ, որովհետև վաստակում եմ իմ գիտելիքով
- Արթուր Բախտամյան. Կա՛մ զինվոր ես, կա՛մ հրամանատար
- Նելլի Դուրյան. Մեր համակարգում դավաճանները տեղ չունեն
- Արմինե Անտիկյան. Մարդիկ այսօր ավելի մարդատյաց են
Դրա պակասն անընդհատ եմ զգում: Ազնվության պակաս կա: Անարդարությունը թևերը փռել է աշխարհում: Այնտեղ, որտեղ անարդարությունն է թևածում, և այնտեղ, որտեղ ազնվությունը փախչում է, այդ հասարակության մեջ մարդը դառնում է խաղալիք: Առանց ազնվության ոչ մի հասարակություն չի կարող առողջ լինել, չի կարող մարդակենտրոն լինել: Ազնվությունը` որպես մարդկային առաքինություն, փաստորեն պետք չէ, բայց չէ՞ որ այնքան հեշտ է ապրել առանց ստի…
գիրքս
«Խրատի թանգարանը» ցանկացած վիճակում օգնության է հասնում ինձ: Ցանկացած պահի համար գտնում եմ խրատ, որն ուղղում է մեջքս: Յուրայի դեպքից հետո փնտրտուքի մեջ էի, ուզում էի հասկանալ` ոնց ապրեմ, ոնց չկորչեմ, որպես մարդ: «Խրատի թանգարանում» աչքովս ընկավ հետևյալ տողը. «Աստված մարդուն տալիս է այնքան վիշտ, որքան նա կարող է տանել»: Ու ես հասկացա, որ այդքանն ինձ տվել է, ուրեմն պետք է տանեմ պատվով, արժանապատվությամբ և չկորցնելով ոչ մի արժեք: Մենությունից այդ գիրքն ինձ հանեց: Էլ չէի հարցնում` հիմա ո՞նց անեմ, ո՞նց ապրեմ, կորցրել եմ իմ հույսը, իմ սյունը: Ինքս ինձ ասացի` այդ սյունը կա, այդ հենարանն իմ կողքին է, մնում է` ապրելու ձևերը փոխեմ:
Աստծուն փնտրելով
Այդ փնտրտուքն ամեն մարդ իր մեջ ունի: Ես էլ ունեմ: Անվերապահորեն հավատում եմ, որ Աստված է ամեն ինչի սկիզբը: Բայց ուզում եմ այդ կոնտեքստում իմը գտնել, իմ ճանապարհը, իմ Աստծուն: Աստվածաշունչը միշտ չէ, որ հասկանում եմ:
աններելի
Սարսափում եմ հեռուստաեթերից: Ընդհանրապես դադարել եմ հեռուստացույց նայել: Նյարդայնանում եմ սերիալներից: Դրանց դեմ ինձ անզոր եմ զգում: Անզոր եմ այդ ճղճիմ գաղափարախոսության դեմ, որը թափվում է հայ ընտանիքի գլխին: Ինձ անզոր եմ զգում, որ չեմ կարողանում դեմն առնել այդ լավայի: Ջղայնությունից իմ ականջներն եմ փակում, բայց դա հարցի լուծում չէ: Հեռուստաեթերի թելադրած սյուժեները, կերպարները, որ ամեն երեկո մտնում են յուրաքանչյուր բնակարան, ավերում են մեր երեխաների կրթությունը: Աններելի է, անթույլատրելի է: Մեր հասարակության մեծ մասն այդ անդաստիարակ հեռուստատեսության զոհն է:
newmag #35