Հայաստանին պե՞տք է Թուրքիայի եվրոպականացումը

Հայաստանին պե՞տք է Թուրքիայի եվրոպականացումը

Ի վերջո կբացի՞ Հին Մայրցամաքը դռները թուրքական սուլթանի առաջ: newmag-ը վերլուծել է Թուրքիա-ԵՄ հարաբերություններն ու առանձնացրել Հայաստանի համար դրա օգուտները և վնասները:

Լուսնի մահիկով ու Կարմիր թասակով Թուրքիան` իր կեսդարյա երազանքին տրված, 1999 թվականի դեկտեմբերի 10-ից կանգնած է 28-աստղանի երկնագույն հյուրանոցի շքամուտքի մոտ: Նրան խոստացել են ներս թողնել, եթե կարգի բերի իր տեսքը, նմանվի ներսի մարդկանց:

Խոստացավ, փորձեց նմանվել, բայց երանելի ապարանքի շվեյցարները` ֆրանսերեն ու գերմաներեն ակցենտով, շատ քաղաքավարի հրաժարվում են ներս թողնել:

1999 թվականի դեկտեմբերի 10-ին Թուրքիային շնորհվեց Եվրամիությանն անդամակցելու թեկնածու երկրի կարգավիճակ, երկու տարի անց հաստատվեց «Անդամակցության գործընթացի ժամկետի» փաստաթուղթը: Թուրքիան 2001-ին հրապարակեց «Ազգային ծրագրի ընդհանուր ռազմավարությունը»:


[ Իրականում՝ ՈՉ ] Արա Աբրահամյանը կհաստատվի՞ Հայաստանի քաղաքական դաշտում


Սահմանադրության 3 փոփոխությունների փաթեթներից ու բարեփոխումներից հետո ԵԽ համաժողովը 2004-ին միաձայն որոշեց Թուրքիայի հետ բանակցություններ սկսել 2005-ի հոկտեմբերի 3-ին:

Այն ժամանակ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Աբդուլա Գյուլը հայտարարեց, որ Թուրքիան հասցրեց նստել մեկնող գնացքը։ Բայց մի քանի տարի անց հանկարծ պարզվեց, որ Բրյուսել մեկնող գնացքի այդ վագոնն անջատված է քարշակից:

2010 թվականի սեպտեմբերին Ժոզե Մանուել Բարոզոն Նյու Յորքում հայտարարեց, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության ճանապարհին եղած ամենամեծ արգելքներից մեկը մշակութային տարբերությունն է: Սրան ի պատասխան` Թուրքիայի քաղաքական վերնախավը պոռթկաց.

Թուրքիան այն երկիրը չէ, – ասացին,որին թողնեք ԵՄ դռների մոտ: Մենք աղքատ մուսուլմանական երկիր չենք. ինչու եք տարբեր ստանդարտներ կիրառում:

Այս պահին Եվրամիությունում Թուրքիայի անդամակցությանն ակտիվորեն դիմադրում են Գերմանիան, Ֆրանսիան ու Կիպրոսը: Եվրոպական երկու լիդեր երկրները առաջարկում են «արտոնյալ գործընկերություն» Թուրքիայի հետ, բայց դա էլ մերժում է Թուրքիան` համարելով վիրավորական: Թուրքիայի անդամակցությանը կողմ են Մեծ Բրիտանիան, Իտալիան, Իսպանիան ու Պորտուգալիան: Բացի այդ` ԱՄՆ-ն է Թուրքիային ակտիվորեն մղում դեպի Արևմուտք: Անկախ քաղաքական մասշտաբային խաղերից, փաստն այն է, որ Թուրքիան 50 տարի կանգնած է ԵՄ անդամակցության շեմին ու թունելի վերջում դեռեւս լույս չի երևում:

Որքան էլ տարօրինակ է հնչում, բայց Թուրքիայի եվրոպացումը բխում է նաև Հայաստանի շահերից:

Ինչո՞ւ: Որովհետև եվրոպական ինստիտուտները Թուրքիան հարևան երկրների (նաև Հայաստանի) համար, կդարձնեն ավելի թափանցիկ ու կանխատեսելի: Թուրքիան կդառնա նաև բաց ու քաղաքակիրթ երկիր:

Հայաստանին Թուրքիայի եվրոպացումը ձեռնտու է, որովհետև այնտեղ կակտիվանան մարդու իրավունքները, ազգային փոքրամասնությունները (նաև Թուրքիայի հայ համայնքը) կստանան արտոնություններ ու հնարավորություններ: Հայկական եկեղեցին հնարավորություն կունենա մտնել դատարան ու քաղաքակիրթ եղանակով հետ վերցնել այն, ինչ թուրքերը խլել են դեռ Օսմանյան կայսրության շրջանում:

Եվրոպականացումը պետք է, որովհետև քրդերի իրավունքները կգան առաջին պլան: Ազգայնամոլությունը կթուլանա Թուրքիայում, ինչն ի վերջո կբերի Թուրքիայի ազդեցության թուլացմանը տարածաշրջանում: Սա ենթադրում է, որ Թուրքիան կպակասեցնի աջակցությունը Ադրբեջանին:

Հայաստանին դա պետք է, որովհետև Հայաստանը անմիջապես ընդհանուր սահման կունենա Եվրամիության հետ:

Եվրոպացված Թուրքիան չի կարողանա փակ պահել Հայաստանի հետ իր սահմանը, որովհետև դա Եվրոպային բնորոշ քաղաքականություն չէ: Մյուս կողմից` խոսքի ազատության ու մարդու իրավունքների ինստիտուտի ներդրումից հետո, Թուրքիայի արևելքի բնակչությունը կպահանջի բացել Հայաստանի հետ սահմանը, որովհետև դա բխում է նաև նրանց տնտեսական շահից: Եվ Հայաստանը կմիանա արևմուտք ու արևելք տանող` թուրքական ճանապարհային ցանցին:


[ Իրականում` ՈՉ ] Հնարավո՞ր էր ԵԽԽՎ-ում կանխել հակահայկական բանաձևը


Լավատեսական սցենարի դեպքում, եվրոպացած Թուրքիան նաև չի կարող խուսափել Հայոց ցեղասպանության ճանաչումից: Դա արել է եվրոպական Գերմանիան, դա չի կարող չանել եվրոպական Թուրքիան: Սեփական մեղքն ընդունելը և պատասխանատվություն կրելը քաղաքակրթության ցուցիչ է, իսկ Թուրքիայի եվրոպացում նշանակում է հենց դա` քաղաքակրթում:

Բայց Հայաստանին պե՞տք է Թուրքիայի եվրոպացումը: Իրականում` ՈՉ:

Հայաստանին ձեռնտու չէ Թուրքիայի` Եվրամիության անդամ դառնալը, որովհետև գետնին ծալապատիկ նստած սուլթանը մեկ օրում վեր չի կենում ու նստում սեղանի մոտ: Եթե Թուրքիան նույնիսկ ձգտի իրականո´ւմ եվրոպացվել, մեկ կամ մի քանի տասնամյակում չի հասցնի անել դա: (Եթե այդքան հեշտ լիներ, Հայասատանը վաղուց եվրոպացած կլիներ:) Բուլղարիան ու Ռումինիան էլ քաղաքական նկատառումով անդամակցեցին ԵՄ-ին, բայց Բելգիա չդարձան, և, կարծես, ոչ էլ ձգտում են դառնալ:

Եվ մենք մեր արևմուտքում կունենանք արևելյան հարևան` եվրոպական փաթեթավորմամբ:

Թուրքիան փաստաթղթերով կհռչակի մարդու իրավունքների ազատություն, գործնականում կշարունակի ոտնահարել դրանք: Հայ-թուրքական սահմանի փշալարերը չեն հանվի: Ցյուրիխներում կստորագրվեն արձանագրություններ, որոնք այդպիսին էլ կմանան:

«Խելամիտ ժամկետը» կանցնի խելամտության բոլոր սահմանները:

Բայց եվրաանդամակցումից հետո Թուրքիան կդառնա Գերմանիայից հետո ԵՄ 2-րդ խոշոր երկիրը` բնակչության թվաքանակով: Երկրորդը կլինի նաև իր պատգամավորներով, պաշտոնյաներով, որոշումներով: Թուրքիան կարող է լրջորեն ներազդել եվրոպական քաղաքականության մշակման ու որոշումների ընդունման վրա:Սա նշանակում է, որ մեկընդմիշտ կարող է փակվել Ցեղասպանության ճանաչաման ու դատապարտման հարցը:

Թուրքիան կկարողանա ԵՄ երկրների ներսում ցանկացած նախաձեռնության ու բանաձև փակել նախապես:

Հայաստանը լուրջ խնդիրներ կունենա Ղարաբաղի հարցում: Թուրքիան տարբեր կառույցներում ու ձևաչափերում կխոչընդոտի հարցը քաղաքական ճանապարհով լուծելուն: Դա կլինի այնպես, ինչպես ԵԽԽՎ-ում երկու հակահայ բանաձևերի ժամանակ միահամուռ ուժերով քվեարկեց ընդդեմ Հայաստանի: Ադրբեջանական նախաձեռնությունները ԵՄ-ում կստանան Թուրքիայի աջակցությունը, և Հայաստանի պարտությունները կհաջորդեն մեկը մյուսին:


[ Իրականում՝ ՈՉ ] Հայաստանին ձեռնտո՞ւ է ռուս-թուրքական հարաբերությունների լարումը


Հայաստանին ձեռնտու չէ Թուրքիայի Եվրաանդամակցությունը, որովհետև Թուրքիան տարածաշրջանում կակտիվանա, կդառնա ավելի անկառավարելի ու այդ գործողությունների համար կունենա միջազգային իրավունք: Սա նշանակում է Հայաստանի ավելի մեկուսացում ու շրջափակում:

Հիմա` Հայաստանին պե՞տք է Թուրքիայի եվրոպականացումը

Իրականում Հայաստանը պետք է ունենա իրադարձությունների զարգացման առնվազն երեք սցենար` Թուրքիան անդամակցում է Եվրամիությանը, վերջնականապես հրաժարվում է այդ մտքից, ամեն ինչ մնում է նույնը: Երեք սցենարներն էլ մանրամասնորեն պետք է քննարկված լինեն բոլոր դետալներով ու բոլոր մանրամասներով:

Գործողությունների յուրաքանչյուր զարգացման դեպքում, պետք է ժամացույցի ճշգրտությամբ աշխատի հայկական սցենարը:

Մինչև այդ` Հայաստանը պետք է վերանայի Թուրքիայի մասով իր արտաքին քաղաքականությունը և դիտորդից անցնի դերակատարի կարգավիճակի, դառնա գործոն, նախաձեռնող, ճկուն: Իսկ դրա համար Հայաստանն ունի պոտենցյալ ու ներուժ (ԵՄ երկրներում հայկական ցանցը): Աշխարհի յուրաքանչյուր երկիր կերազեր այդպիսի ցանց ունենալ:


[ Իրականում՝ ՈՉ ] Դավաճա՞ն է, արդյոք, Վահան Մարտիրոսյանը


Այդ ցանցի շնորհիվ Եվրամիությունում հայկական գործոնը պետք է այնքան կենսունակ դարձնել, որ Եվրամիություն մտնելու ճանապարհին Թուրքիան հաշվի նստի հայկական լոբբիի հետ:

Մյուս կողմից` Հայաստանը պետք է գտնի Եվրոպայի հետ հարաբերություններում այն փոխադարձ շահերը, որոնց շնորհիվ կկարողանա այդ երկրների քաղաքականության վրա ազդեցություն գործել:

Միայն այդ դեպքում Թուրքիան Հայաստանի հետ կնստի բանակցությունների սեղանի շուրջ, կստորագրի արձանագրություններ ու դրանք կվավերացնի «խելամիտ ժամկետներում»: Սահմանը կբացի ու Ղարաբաղի խնդիրը չի դարձնի հարաբերությունները պարզելու հիմնական գործոն, Ցեղասպանության ճանաչումն էլ չի թողնի պատմաբաններին:

Գրել կարծիք