Պոլինա Գրիֆիս. Նյու-Յորք – Մոսկվա տրանզիտ և «А-студио», որն իմը չէր

Պոլինա Գրիֆիս. Նյու-Յորք – Մոսկվա տրանզիտ և «А-студио», որն իմը չէր

Ռուսական «А-студио» խմբի նախկին մեներգչուհու սեքսուալ կերպարը, տարբերվող արտաքինն ու վոկալային տվյալները նրան թույլ են տալիս խումբը լքելուց հետո էլ լինել բեմում, համագործակցել ամերիկյան բազմաթիվ DJ-ների հետ, կես ոտքով միշտ ճամփորդել, հասցնել ամեն բան ու անգամ հայտնվել Վիգեն Մնոյանի ամենատես տեսախցիկի առաջ:

Պոլի՛նա, ո՞ր տարիքից սկսեցիք երգել:

– Ձեր հարցն ինձ մի անեկդոտ հիշեցրեց: Ամուսինը հարցնում է կնոջը. «Սիրելի՛ս, ո՞ր օրն է գալու զոքանչը»: Կինը. «Որ օ՞րը, թե՞ որ գրողի ցավի համար»: Հստակ չեմ կարող ասել, թե որ տարիքից եմ երգել: Արդեն հաճախում էի երաժշտական դպրոց, երբ սկսեցի երգել: Հորաքույրս երաժշտական դպրոցի ուսուցիչ էր. ընդհանրապես մեր ցեղում համարյա բոլորը երաժիշտ են եղել: Նա նստում էր դաշնամուրի առջև, և ինձ համար արդեն անհետաքրքիր էր երգել զուտ երգի մեղեդին: Ես ցանկանում էի խաղալ երգի հետ, դարձնել այն երկձայն: Դա ինձ համար ավելի հետաքրքիր էր, քան թե պարզապես երգը կատարելը:

Mnoyan-1–  Դուք երկար ժամանակ աշխատել եք Նյու Յորքում: Ինչպե՞ս ստացվեց, որ վերադարձաք Մոսկվա:

– Նախ՝ ես Մոսկվա չեմ վերադարձել: Ես առաջին անգամ Նյու Յորքից գնացի Մոսկվա՝ այնտեղ ապրելու: Նախկինում եղել էի Մոսկվայում, բայց երբեք չէի ապրել այդ քաղաքում: Ընդհանրապես մեծացել եմ Ռիգայում: Մարդիկ համարում են, որ այլ երկիր տեղափոխվելը կյանքի կարևորագույն որոշումն է: Ոմանք տարակուսում են՝ ինչպես կարելի է անել այդ քայլը: Ես մի քանի երկրում ապրում եմ միաժամանակ. տուն ունեմ Ռուսաստանում, Նյու Յորքում, հաճախ լինում եմ Անգլիայում: Չեմ համարում, որ աշխատանքի բերումով այլ երկիր մեկնելը հույժ կարևոր որոշում է: Մենք էմիգրանտներ չենք, չէ՞ որ մեզ անձնագրեր են տալիս. ես ունեմ երկու անձնագիր: Երկիր մոլորակը պատկանում է մարդկանց:

Mnoyan-3

– Բավական հաջող ելույթ էիք ունենում «A-Studio» խմբի կազմում: Ինչո՞ւ լքեցիք այն:

– Ձգտում կար հասնել ավելիին, ինչը ես արեցի նախկին ամուսնուս հետ: Մենք սկսեցինք նյութեր պատրաստել, ամեն ինչ բարեհաջող էր ընթանում, մենք երկուսով միասին սկսեցինք համերգներով հանդես գալ տարբեր երկրներում: «A-Studio»-ում աշխատողները մի տեսակ պարապուրդի էին մատնված. ոչ ոք չէր ուզում մատը մատին խփել ու աշխատել: Հաճախ ստուդիան համերգներ էր կազմակերպում, իսկ ես այդ ժամանակ այլ ծրագրով գտնվում էի հեռավոր Վլադիվոստոկում, այդ պատճառով էլ ստիպված եղա ընտրություն կատարել: Բացի այդ՝ երաժշտական առումով այնքան էլ հետաքրքիր չէր աշխատել ստուդիայում, որտեղ հիմնականում կենտրոնացած էին ժամանակակից երաժշտության բոլոր ժանրերի վրա: Այդ ամենն իմը չէր, չնայած շատ կարևոր է բիզնեսի տեսանկյունից:

Mnoyan-6

– Խմբի մասին ի՞նչ հուշեր ունեք:

– Իսկապես, խենթ ժամանակներ էին: Այդ ժամանակ ես այսպես ասած «քոչվորական» կենսակերպ էի վարում՝ ճանապարհորդելով մի երկրից մյուսը: Սակայն ես միայն որոշ պատառիկներ եմ հիշում: Չեմ հիշում, թե որ երկրներում ու քաղաքներում եմ եղել: Երբ գնում էինք մի այլ երկիր՝ համերգ տալու, մարդիկ ինձ մոտենում էին և ասում, որ արդեն եղել եմ իրենց երկրում:


PORTFOLIO Վիգեն Մնոյանի հետ


– Ի՞նչ է Ձեզ համար երգը:

– Երգն ինձ համար իրական հաճույք է: Իմ կյանքում ես այնքան շատ եմ ապրել երաժշտությամբ, որ մտավախություն ունեմ՝ այն կարող է ծանրաբեռնել ինձ: Երբ ես մտնում եմ բեմ, երբեմն ոգևորության պակաս եմ զգում: Այդ իրավիճակից խուսափելու համար ես ստիպված եղա բացել սեփական գործակալություն, որի միջոցով կարողանում եմ իմ սիրելի արտիստներին ու երգիչներին հրավիրել համերգներիս: Այսպես հաճելի է ոչ միայն երգել, այլև բեմ դուրս գալուց առաջ ունկնդրել այդ երգիչներին ու հաճույք ստանալ: Գործակալությունն օգնում է աշխատել իմ սիրելի արտիստների ու երգիչների հետ, որոնք ժամանում են Լոնդոնից: Սիրում եմ Լոնդոնը, այդ քաղաքի մշակույթն ու երաժշտությունը:

Mnoyan-2

– Եթե չեմ սխալվում, Գրիֆիսը Ձեր իսկական ազգանունը չէ: Ինչո՞ւ եք փոխել:

– Իմ առաջին ամուսնու ազգանունն է: Մենք ապրում էինք Ամերիկայում, և իմ ազգանունը Օզերնիխ էր, իսկ ամերիկացիների լեզուն կապ էր ընկնում այն արտասանելիս: Ես վերցրի ամուսնուս ազգանունը ու տեղափոխվեցի Մոսկվա: Էստեղ էլ ռուսներն են աղավաղում ազգանունս՝ մերթ Գրիֆիտս, մերթ Գրիֆիս, կարճ ասած՝ ես արդեն սովոր եմ դրան:

Երգչուհի լինելու համար պետք են լավ վոկալային տվյալնե՞ր, թե՞ նաև գեղեցկություն:

– Իհարկե, մեկը մյուսին չի խանգարում, սակայն ես դրանցից ոչ մեկն էլ չէի շեշտի: Շեշտը պետք է դրվի մի ուրիշ՝ երրորդ հատկանիշի վրա: Երբ լսում ես ինչ-որ երգչուհու, ու նա իսկապես քեզ հմայում է, ապա հավանաբար գործի է դնում իր հզոր հոգեվիճակն ու էներգետիկան, այլ ոչ թե օգագործում իր արտաքին գեղեցկությունը կամ երգելու ունակությունը: Նորա Ջոնսը, օրինակ, համակրելի աղջիկ է, գեղեցկուհի չէ, նա չունի շատ հզոր ձայնային տվյալներ, բայց, իրոք, հրապուրում է իր երգով: Օրինակները շատ են:

Mnoyan-5

Կին և տղամարդ երկրպագուների միջև տարբերություն կա՞:

– Իհարկե, կա: Օրինակ՝ տղամարդ երկրպագուների հետ շփվելիս նրանց մոտ նկատել եմ ցանկասիրություն: Ռուսաստանում կանայք մեր հարստությունն են, ու հասկանալի է՝ ինչու: Նրանք գտնվում են այնպիսի պարզունակ (լավ իմաստով) մակարդակի վրա, որ տղամարդիկ հեշտությամբ խաբում են նրանց: Ամերիկայում պարզապես կծիծաղեն այն ռուս տղամարդկանց վրա, ովքեր այդպես են վարվում: Ինձ դուր է գալիս ռուս կանանց բնավորության այդ գիծը. նրանք հետո կմեծանան, կհասկանան ամեն բան ու այլևս առաջվա պես միամիտ չեն լինի: Ինձ հաճախ գրում են հենց այդպիսի՝ դեռևս չփչացած աղջիկները: Ես ամենաշատը սիրում եմ նույնասեռական և աղջիկ երկրպագուներին: Տղամարդկանցից հիմնականում խուսափում եմ. ոչ բոլորն են կարողանում չափը չանցնելով արտահայտել իրենց համակրանքը: Դա ինձ ուղղակի զայրացնում է:

Ի՞նչ նոր նախագծերով կուրախացնեք Ձեր հանդիսատեսին:

– Կախված է նրանից, թե հանդիսատեսը ինչ կցանկանա լսել: Ես, օրինակ, շատ-շատ եմ ցանկանում երգել մի ռուսական ժամանակակից հիթային երգ: Ես չափազանց մեծ աշխատանք եմ տանում իմ երաժշտության ոճում, բայց պարային ինդուստրիան ձանձրացրել է ինձ: Վախենում եմ, որ անտարբերություն ձեռք կբերեմ այն բանի հանդեպ, ինչը ժամանակին սիրել եմ: Այդ իսկ պատճառով ցանկանում եմ ընդլայնել երգացանկս և գրել ինչ-որ նոր երգ:

Այժմ ես երաժիշտներ եմ հավաքում Եվրոպայում թողարկվող իմ պարային երգերի ակուստիկ տարբերակները պատրաստելու համար: Իսկ ինչո՞վ կարող եմ ուրախացնել: Մեկը մյուսի հետևից թողարկվում են իմ նոր երգերը, և ես միայն ուրախ կլինեմ, եթե դրանք հաճույք պատճառեն մարդկանց: Դրանք թողարկվում են միայն համացանցով, որովհետև ռուսական Առաջին ալիքն այլ ձևաչափ է ապահովում, և ես ըմբռնումով եմ մոտենում դրան:

Mnoyan-4

Պոլի՛նա, ի՞նչ կմաղթեք երիտասարդ երգչուհիներին:

– Ես կցանկանայի, որ նրանք կենտրոնանային ոչ թե երգելու կատարողական վարպետության, այլ հոգևորի, մարդկանց հոգեվիճակի վրա: Հարկավոր է ձայնի միջոցով ցույց տալ մարդու հոգեվիճակը՝ հաճելի կամ բացասական զգացումները: Ոչ ոք չի ցանկանա բեմից նյարդայնություն ստանալ: Նույն հաջողությամբ կարելի է վերցնել բահն ու փոս փորել, սակայն մարդիկ այլևս ուշադրություն չեն դարձնի Ձեր արած աշխատանքի, այս պարագայում՝ կատարողական վարպետության վրա:

Գրել կարծիք