BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Տարանտինոյի «Ատելի 8»-յակը. Սեքսով զբաղվող Գեբելսը

Տարանտինոյի «Ատելի 8»-յակը. Սեքսով զբաղվող Գեբելսը, արյունլվա հղին և Լինքոլնը

Վերջապես մեծ էկրանին հայտնվեց ամերիկյան չիզբուրգերները, կանանց մեծ ներբանները և համայն աշխարհի կինոկլասիցիզմը պաշտող ամենատարանտինոյական նոր ֆիլմը։ Քվենթին Տարանտինոն դարձել է ապրանքանիշ, և ցանկացած նոր ֆիլմ, որի հեղինակն է բռնության էսթետիկացման վարպետը, ընդունվում է հակասական զգացումներով։ Ատլանտիկ օվկիանոսը Տարանտինոյին բաժանում է իր եղբայր-համախող Գայ Րիչիից, որը նույնպես ունի հանդիսատեսից ստացած ստանդարտացման գերխնդիրը։

Երկու ռեժիսորներն էլ քաղաքային վեսթերնը դարձրել են լայն հանդիսատեսի սիրած խաղալիքը, որը գնահատում են և՛ աղջիկները, և՛ տղաները։

Բրիտանացի բռնասերը հիասթափեցնում է «Գործակալը U.N.C.L.E.-ից» ֆիլմով, և դա քննարկվում է սինեֆիլական շատ նեղ շրջապատում, մինչդեռ Րիչիի ամերիկյան գործընկերոջ դեպքում հանդիսատեսը ակտիվ հիասթափվում է կամ հակառակը՝ վեսթերնը որակում ավելի ստացված, քան նախորդը` «Ազատագրված Ջանգոն»։ Խնդիրն այն է, որփայլուն են Տարանտինոյի ֆլիմի  երկխոսությունները։ Դա է նրա հեղինակային ամենավառ և ցայտուն երանգը. ո՛չ արյան մեջ ճպճպացող հատակն ու պատերը, ո՛չ անսպասելի մահն և զվարճալի մարդասպանները: Դրանք բրիտանացու ֆիլմերում են՝ ջենթլմենական ակցենտով և մեգաամերիկանիզմներով լցոնված` Քոեն եղբայրների բազմաժանր կտավներում։
Հին ու բարի Քվենթինն իր զինակիցներից տարբերվում է հենց այդ զավեշտալի, դրամատուրգիայի ոսկե կանոններով կառուցված երկխոսություններով, որոնք, իհարկե, նմանություն ունեն Րիչիի ֆիլմերի հետ, սակայն բրիտանացին դրանք ստեղծել է ավելի ուշ:

Ֆիլմը սկսվում է ձնառատ առաջաբանով, որի արդյունքում բոլոր գլխավոր հերոսները ստիպողաբար և ճարահատյալ հայտնվում են Միննի անունով կնոջ գալանտերեայում, որտեղ ներկա են բոլորը, բացի Միննիից։ Սկզբում թվում է, թե Քվենթինը հանդիսատեսին հյուրասիրում է «բացակայող» հերոսի հնարքով, ինչպես որ «Քրեական գրվածքի» Բոննին, որի տանը Ջոն Տռավոլտայի և Սեմյուել Էլ Ջեքսոնի հերոսները սուրճ էին խմում, քանի դեռ նա բացակայում էր։ Այո, սուրճը, գրողը տանի. ամերիկյան կինոմշակույթի կարևոր արտեֆակտ, որը կինովարձույթների տիրակալը կարևորում է մի քանի խոսակցական միզանսցենի մակարդակով։ Միննիի մոտ հավաքվել են ամերիկյան օրենքը, պատերազմը, հյուսիսն ու հարավը պատկերող տականքներ ու սրիկաներ (բացի իրական գեներալից), որոնք առանց աչք թարթելու կարող են դիմացինի գլուխը մի փամփուշտով ցրիվ տալ այնպես, որ նրա գանգատուփի գորշ զանգվածը հայտնվի մյուսների մազերի մեջ։ Բանն այն է, որ գլուխների որսորդը (մարդ, որը բռնում է հանցագործներին և հանձնում օրենքին) շղթայված է իր իսկ կալանավորած տականքի հետ. հերթական հարվածը նրա դեմքին և նրա հետ գետնին կարող է տապալվել նաև որսորդը։
Կարող եք սա համարել բանանի կճեպի վրա սայթաքելուն հավասար կատակ, բայց ռեժիսորը դա անում է ֆանտաստիկ ախորժելի կերպով և անչափ յուրովի, հերթական անգամ վերադառնալով իր «Կատաղած շների» շրջանին։

«Ութնյակում» նույնպես գործողությունը ծավալվանում է միևնույն տարածքում, և միայն փոքրիկ առաջաբանն է կատարվում այլ վայրում: Հին ֆիլմում Տարանտինոն ուներ ընդամենը 1 միլիոն և 200 հազար դոլար, մինչդեռ այս նեովեսթերնի բյուջեն 44 միլիոն է, ինչը, իհարկե, շատ է Քվենթինի տաղանդը ցուցադրելու համար: Նա, իհարկե, չուներ դրա կարիքը, սակայն որևէ կերպ պետք է վճարել դերասան-ընկերներին, ովքեր նախկինում նրա ֆիլմերում նկարահանվում էին գրոշներով։ Եվ այո, կարելի է Սեմյուել Էլ Ջեքսոնին, որը դարձել է հեղինակի սիմվոլը, միշտ թողնել ամենահամեղ, ուժեղ և ազդեցիկ մենախոսությունը, այնքան ոչ տրիվիալ, որպեսզի հանդիսատեսը տառապի կինոաթոռի տակ թաքնվելու անհագուրդ ցանկությամբ։
Մեգավարպետ Տարանտինոն 3 ժամվա ընթացքում կազմակերպում է խաղաղ ճաշկերույթ, Քաղաքացիական պատերազմի հուշ-երեկո, Ագաթա Քրիսթիի ոճով «եկեք հասկանանք, թե ներկաներից ով է մարդասպանը» մեթոդով քրեահարցում և աներևակայելի ֆլեշբեք։

Ընդհանրապես, նույն պատմությունը տարբեր հերոսների տեսանկյունից ցույց տալը տարանտինոյական հիանալի հնարք է, որը մինչև վերջին մանրուքը մտածված լինելու շնորհիվ ոչ միայն դիտվում է որպես ինքնամեջբերում, այլև նոստալգիկ հաճույք է պատճառում: «Անփառունակ սրիկաներից» պարզ դարձավ, որ ռեժիսորը ցանկանում է ամենաանսպասելի, միայն իրեն բնորոշ հմայքով խոսել կարևոր պատմական իրադարձությունների մասին։ «Ութնյակը» իր կոլորիտային հերոսների հետ ունի շարմի չափավորված բաժին. գուցե ոչ բոլոր հերոսներն են նույնքան ցայտուն, որքան մյուսները, սակայն ամեն մեկն իր տեղում է, անգամ էկրանային ժամանակի առումով (հիշենք Չեյնինգ Տատումին)։
Սա կուլտային ռեժիսոր Քվենթին Տարանտինոյի ութերորդ ֆիլմն է` փոքրիկ հիշեցում-էքսկուրսով, թե ով է ընդհանրապես նա, ինչ է ամերիկյան մշակույթը, և ուր կարելի է նետել հերոսներին ա՛յս անգամ։ Կգտնվեն մարդիկ, որ այս ֆիլմը կհամարեն երեկվա սերիայի առավոտյան կրկնություն, սակայն ի տարբերության գայրիչիական «Ռոքնռոլայի», Տարանտինոն ստեղծում է բացարձակապես նոր իրականություն, չի վախենում նոր ժանրային ուղղվածությունից, որն արտահայտվում է ոչ միայն ընտրված ժամանակաշրջանով։





Մարազմատիկ երկխոսությունները աշխարհի ամենապարզ բաների մասին, օրինակ՝ մուտքի չփակվող դուռը, աբսուրդի հասնող պատմվածք-սադրանքը սևամորթից՝ պատերազմի վետերան-գեներալին, գետնատախտակի արանքում հայտնված փոքրիկ կոնֆետը, որն ակնարկում է նախորդ գործողությունների մասին՝ սրանք բոլորը այն ցինիկ Տարանտինոյի յուրահատուկ հոտ ունեցող կինոօրենքներն են՝ լինի սեքսով զբաղվող Գեբելսը, արյունլվա պառկած հղի հարսը, թե իր մահապատժից փախչել փորձող և Լինքոլնի նամակի վրա թքած ունեցած նորաստեղծ Դեյզի Դոմերգուն։ Տարանտինոյի աշխարհը հիասքանչ է, և այսօր դրանով հիանում են բացարձակապես տարբեր ճաշակ ունեցող մարդիկ, չէ՞ որ ռեժիսորն այսօր մեգամասայական է, ֆիլտրվում են միայն ամերիկյան մշակույթի «արցունք-քրտինք-արյուն» կոնցեպտից խուսափող մարդիկ՝ դա համարելով աննպատակ սպանոցի։ Ոչ, տիկնայք և պարոնայք, այստեղ հարգում են ավանդույթները. եթե պետք է ձեզ կախաղան հանեն, անպայման կանեն դա` թեկուզ շունչը փչելուց հինգ րոպե առաջ:
 
http://www.youtube.com/watch?v=gnRbXn4-Yis&feature=youtu.be

Տարածել