Վախթանգ Հարությունյան. Կորցրել ենք փարոսները և դեգերում ենք բաց օվկիանում

Վախթանգ Հարությունյան. Կորցրել ենք փարոսները և դեգերում ենք բաց օվկիանում

Հեղինակ-կատարող Վախթանգ Հարությունյանը newmag-ի հետ մենախոսել է ամենահավատարիմ կնոջ` կիթառի, ճաշակի բացակայության և ինքնաճանաչման մասին:

կիթառը
Ամենահավատարիմ կինս է: Ինքնադրսևորման ժամանակահատվածում` 15-16 տարեկանում, ի՞նչ էի գրում: Գրում էի այն, ինչ հուզում էր: Հուզում էր հիմնականում սերը: Ներքին փնտրտուքներ էին, հակառակ սեռի ներկայացուցչի միջոցով ինքնաբացահայտման քայլեր: Ինքնաբացահայտման այդ ընթացքում կիթառը բավական լավ օգնական էր: Օգնում էր գրածս «ոռնոցի» տեսքով դուրս հանել: Հետո «ոռնոցը» սկսեց կամաց-կամաց կատարելագործվել, և գնացի դասական կիթառ նվագել սովորելու, որպեսզի կարողանամ մտքումս հնչածը մատուցել, ինչպես հարկն է:

իմ տառապանքը
Փորձ չի բերում: Մի կողմում իմ պրակտիկ տեսակն է, մյուս կողմում` իդեաներ, որոնք ժամանակ առ ժամանակ միս ու արյուն են ստանում: Եթե շատ կարևորում եմ իդեան, սկսում եմ ուղիներ փնտրել իրագործելու համար: Այդ առումով ես ռոմանտիզմի գրկում մնացող տեսակ չեմ:

Եթե միտքը իրականություն չի դառնում, ապա դատարկություն է: Երազներով ապրող մարդ չեմ:

«Ակումբը»
Փախուստի մի փոքրիկ տարածք է: Ասում են` առանց բարիք չկա չարիք: 2008-ի ճգնաժամը նպաստեց «Ակումբի» ստեղծմանը: 1992-ին նմանատիպ ակումբներ Հայաստանում եղել են: Ցանկացած ճգնաժամային իրավիճակում հայտնվում է մի միջավայր, որտեղ էական չէ` էլեկտրականություն կա՞, թե՞ ոչ, շատ ավելի կարևոր է դառնում հոգևոր արմատը, որին մարդը հենց ծայրահեղ իրավիճակներում է անդրադառնում: Այդպիսի վայրերից մեկն է «Ակումբը»: Առաջին համերգը 2008-ից հետո էր: Էդիկ Զորիկյանի հետ համերգ տվեցինք: Հետաքրքիր հանդիպում էր: Հետո կազմակերպեցինք Ռաֆայել Պապյանի համերգը: Նա Բուլատ Օկուջավայի միակ թարգմանիչն է: Այնքան լավ է հայերեն հնչում Օկուջավան, որ բնագրից չի տարբերվում: Դրանից հետո որոշեցինք ամեն ուրբաթ հավաքվել:

մտահոգ եմ
Ինչ-որ սպառողական մտածելակերպ է ձևավորված մեզանում: Ինձ դա շատ է մտահոգում: Մենք արարչագործության տարրերը կորցրած ժողովուրդ ենք: Կորցրել ենք փարոսները և դեգերում ենք բաց օվկիանում:


ՄՈՆՈԼՈԳ


ինքնաճանաչում

Մենք ինչո՞ւ ենք գնում եկեղեցի: Լսում ենք ուրիշին, բայց շատ հաճախ մեր մեջ առաջադրանք ենք դնում՝ այդ արձագանքը գտնել, պատասխանը ստանալ: Եվ պատասխանը ստանում ենք այն ժամանակ, երբ ունակ ենք լռել: Հաճախ իմ ընկերենրի խոսքերի անկեղծության մեջ եմ այդ պատասխանը ինքս ինձ համար գտնում:

երգս
Շատ նուրբ, բարակ է այն սահմանը, որն առանձնացնում է արտիստին: Ամեն մեկը պետք է կարողանա ինքը զգալ այդ սահմանագիծը: Խոսքի փոխանցումը շատ անմիջական է, և որևէ շինծու բան գոյություն չունի: Ավելորդ պաթոս գոյություն չունի:

vaxtangկիթառով մարդը
Մինչև հեռուստատեսությունում աշխատելն էլ կիթառով էի: Հանրային հեռուստատեսությունում կոլեգաներս շատ էին նյարդայնանում, որ ես կարող էի գործի գնալ կիթառով: Հետո, երբ բոլորը աշխատում էին, ես հանգստանում էի, կիթառը վերցնում էի, առանձնանում ու սկսում նվագել: Շատերը նյարդայնանում էին, որովհետև ես իմ սիրած բանից չէի հրաժարվում, իսկ նրանք ստիպված էին հրաժարվել:

քննադատությունը
Ես շատ հաճախ ամեն ինչի մեջ առաջին հերթին դիտում եմ իմ բացասական կողմերը: «Ի՜նչ լավն եմ ես» ինքնախաբեությունն էլ չկա, վաղուց չկա: Երբ ասում են` ինչ-որ բան լավ է, ես նախընտրում եմ մտածել` ինչը չհասցրեցի անել: Շատ ավելի կարևոր է, որ բավարարված զգամ: Ինձ համար կարևոր է, որ ես ինքս ինձ համար լինեմ հետաքրքիր: Մորս մի անգամ հարցրեցի.

«Ի՞նչն էր պատճառը, որ ոչ մի «լավ» գնահատական չկար իմ օրագրում` երգից բացի: Չէ՞ որ երաժշտական կրթություն չեմ ստացել»: Ասաց. «Մենք մտածում էինք, որ դպրոցն ավարտելուց հետո որևէ պրոֆուսումնարան կմտնես, հետո տաքսիստ կաշխատես, որովհետև քեզնից այլ ակնկալիքներ չունեինք»:

ճաշակի բացակայություն
1998 թվականն էր, ինչքան հիշում եմ: Ձայնագրություն էի անում: Դրանից մի օր առաջ հեռուստատեսային ելույթի ժամանակ 6/8 ժանրի մասին մի երկու տաք խոսք էի ասել: Հետո հանդիպեցի ստուդիայում այդ ժանրի կարկառուն ներկայացուցչին, սրտնեղեց. «Երեկ լսում էի քեզ. մեզ չե՞ս սիրում»: Ես նրան հիշեցրի իր երգից մի քանի տող` քյաբաբացրած բառակույտ, և ասացի. «Եթե դու կարողանաս բացատրել սրանց իմաստը, ես վաղը քեզնից հրապարակայնորեն ներողություն կխնդրեմ»:

newmag #43

Գրել կարծիք