[ Իրականում` Ոչ ] Արդյոք ժամանակն է Հայաստանում հայտարարել խոզի գրիպի համաճարակ

[ Իրականում` Ոչ ] Արդյոք ժամանակն է Հայաստանում հայտարարել խոզի գրիպի համաճարակ

Պաշտոնական լրահոսի էպոպեան ու էվոլյուցիան ենթադրել է տալիս, որ առողջապահության նախարարությունը հակված է քողարկել H1N1 վիրուսի իրական ծավալը` լղոզված ձևակերպումներով, կամ լռությամբ:

Գրիպի H1N1 տեսակի մասին առաջին խոսակցությունները հայկական լրատվականների էջերին հայտնվեցին 2015-ի դեկտեմբերի կեսին, այն էլ պոստ ֆակտում, որ հոկտեմբերից դեկտեմբեր ամսիներին Հայաստանում խոզի գրիպի 3 դեպք է գրանցվել (1 կին, 2 երեխա), 3-ն էլ բուժվել են:

Հայաստանում խոզի գրիպից մահվան դեպքերի անդրանիկ տեղեկությունը առողջապահության նախարարության կայքում հայտնվեց ամանորի տոների նախաշեմին` նախարարի ամանորի ուղերձից հետո, տողատակով` «Կանխենք գրիպը և լինենք առողջ» բարոյախրատական վերնագրով հրապարակման մեջ: Հրապարակման մեջ տեղեկություն կա, որ Հայաստանում խոզի գրիպ կա, տեղեկություն կա նաև, որ 3 մարդ է մահացել գրիպի բարդացումից: Գրիպի ո՞ր տեսակից. այ այդ մասին ոչինչ չկա:

  • Հունվար 3-ի պաշտոնական հրապարակման մեջ տող կա, որ նախարարն ու գլխավոր ինֆեկցիոնիստը շրջում են հիվանդանոցներով:
  • Հունվարի 4-ի հայտարարությունն այն մասին էր, որ ամեն ինչ վերահսկելի է. ոչ մի խոսք խոզագրիպի մասին:
  • Հունվարի 5-ի հայտարարությունն այն մասին է, որ երկրում համաճարակ չկա, բայց խոզագրիպ կա: Նույն օրը նախարարը լրագրողներին ասաց, որ անհանգստության որևէ առիթ չկա:

Համաճարակի չգոյության մասին հայտարարություն եղավ նաև հունվարի 6-ին: Հունվարի 7-ին առողջապահության նախարարը կառավարությանը դիմեց դպրոցական արձակուրդները երկարաձգելու խնդրանքով: Հիմնավորումն այն էր, որ սուր շնչառական հիվանդների 80 տոկոսը երեխա է: Նույն օրը Արա Ասոյանը ետին թվով հայտարարեց H1N1 վիրուսից մահացած 4-րդ դեպքի մասին: Պաշտոնական լրահոսն այդ ընթացքում հայտարարում էր նախարարի հիվանդանոցային այցերի մասին:

  • «Համաճարակի վտանգ չկա»-ն հայտարարվեց նաև հունվարի 9-ին ու 11-ին: Նույն օրը առողջապահության փոխնախարարը հայտարարեց, որ H1N1-ից մահացության 6-րդ դեպքն է գրանցվել:
  • Հունվարի 12-ին նախարարությունը պաշտոնապես հայտարարեց, որ H1N1-ը նահանջում է: Նույն օրը հայտարարվեց խոզի գրիպի 7-րդ և 8-րդ զոհերի մասին:
  • Մեկ օր անց հայտարարվեց իրավիճակի բարելավման բասին, բայց ևս 3 զոհ` 9-րդը, 10-րդ-ն ու 11-րդը հունվարի 13-ին:

Միայն հունվարի 14-ին Առողջապահության նախարարության պաշտոնական հաղորդագրության մեջ նշվեց, որ արձանագրվել է H1N1 վարակից մահվան 11 դեպք, որից 3-ը` 2015 թվականին: Նույն օրը` կառավարության նիստի ժամանակ առաջարկվեց ուսումնական հաստատություններում արձակուրդը հետաձգել ևս 1 շաբաթ:

Պաշտոնական լրահոսի էպոպեան ու էվոլյուցիան ենթադրել է տալիս, որ առողջապահության նախարարությունը հակված է քողարկել H1N1 վիրուսի իրական ծավալը` լղոզված ձևակերպումներով, կամ լռությամբ: «Իրավիճակը հսկվում է», «Հիվանդությունը նահանջում է», «Կանխարգելիչ միջոցառումները շարունակվում են» հայտարարությունները տրաֆարետային են, գրեթե դիվանագիտական գրություններ` «քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր»-ի պես:


«Իրականում` ՈՉ» բաժնի մյուս նյութերը


Մյուս կողմից` եթե այս վախվորած հայտարարությունները չլինեին, այլ ավելի ուշագրավ, ոչ թե տողատակով, այլ ուղիղ հայտարարություններ լինեին տոներից առաջ և ներկայացվեր իրականությունը, գուցե մարդիկ վերանայեին իրենց շփումները տոների ընթացքում, ավելի քիչ համբուրվեին, ավելի զգույշ փռշտային հանրային վայրերում:

Հայաստանում համաճարակ չկա: Շատ լավ: Հունվարի 14-ի դրությամբ հիվանդանոցներում գտնվում է 948 հիվանդ, որոնցից 796-ը` երեխա: Հոսպիտալացվածների կեսը` 422-ը, թոքաբորբով են, որից 213-ը` երեխա։ Սուր շնչառական վարակներով և թոքաբորբով հոսպիտալացվել է 144 հղի կին։ Վերակենդանացման բաժանմունքներում բուժում է ստանում 92 հիվանդ։ Հիվանդանոցներում գրեթե ազատ մահճակալ չկա: Ի՞նչ է սա, եթե համաճարակ չէ:

Բայց իրո՞ք Հայաստանում խոզագրիպի համաճարակ է: Իրականում` ոչ:


12544159_2164121827060080_1071666385_oՀամաճարակը պարզապես հայտարարություն չէ` տերմին է: Համաճարակը վարակիչ հիվանդության տարածումն է ժամանակի և տարածության մեջ, երբ հիվանդացման գրանցված դեպքերի թիվը նկատելիորեն գերազանցում է այդ տարածքում սովորաբար արձանագրվող դեպքերի թիվը:

Ըստ Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկողության և կանխարգելման ազգային կենտրոնի շնչառական վարակների  և առանձնապես վտանգավոր վարակիչ հիվանդությունների բաժնի պետի, Հայաստանում վարակիչ հիվանդությամբ հիվանդացման հաշվարկի համար օգտագործվում է ամենշաբաթյա հիվանդացման ցուցիչը 100 000 բնակչության կտրվածքով: Ընդ որում կողմնորոշիչ են «հանգիստ» շաբաթները, ոչ թե նրանք, երբ հիվանդության սրում է արձանագրվում: Այդպես մասնագետները կարող են Х ցուցանիշ ստանալ, որը կմատնանշի, թե ինչպիսին է այս կամ այն հիվանդությամբ միջին հիվանդացումը 100 000 բնակչության կտրվածքով: Որպեսզի երկիրն անցնի համաճարակային շեմը, անհրաժեշտ է, որ տվյալ շաբաթում հիվանդացումը 5 անգամ գերազանցի հիվանդացման միջին ցուցանիշը, այսինքն լինի 5Х: 

Ընդ որում` կարևոր է արձանագրված դեպքերի միջև համաճարակաբանական կապը` օրինակ, երբ բոլոր վարակվածները նույն համայնքի բնակիչ են, կամ նույն դպրոցն են գնում, հիվանդության ինկուբացիոն շրջանում շփվել են իրար հետ, իսկ նրանց հետազոտությունը պիտի ի հայտ բերի վարակի առնվազն մեկ աղբյուր:

Հայաստանում համաճարակ չկա, քանի որ սուր շնչառական հիվանդություններն այս տարի էականորեն չեն գերազանցում անցած տարվա ցուցանիշը: Հիվանդները նաև չունեն համաճարակաբանական կապ` այսինքն հիվանդները նույն դպրոց չեն գնում, նույն համայնքից չեն, առնվազն 1 աղբյուրից չեն վարակվել: Բացի դա` Հայաստանի ոչ մի տարածքի բնակչության կամ մարդկանց խմբի շոշափելի տոկոս չեն կազմում 948 հիվանդները:

Այդ դեպքում սա ի՞նչ է, եթե ոչ համաճարակ 


12562567_2164121830393413_480977954_oԻրականում կյանքը տերմինների վրա չէ կառուցված: Ի՞նչ տարբերություն սա համաճարա՞կ է, թե՞ բռնկում: Գուցե իրավաբանների համար կարևոր է` պաշտոնյաներին «փրկելու» համար, բայց հիվանդանոցում H1N1-ից մահացածի հարազատի համար տարբերություն չկա, թե հիվանդությունն ինչ էր կոչվում կամ քանիսի կյանքը խլեց:

Բայց տարբերություն կա կառավարության համար` համաճարակ տերմինի տակ մի ամբողջ օրենսդրական գործողությունների պլան կա, որը պետք է կատարել: Եվ անել բարեխղճորեն: Եվ անել առանց խուճապ տարածելու: Ու ներկայացնել իրակա՛ն թվերը, իրակա՛ն պատկերը, վտանգի իրակա՛ն աստիճանը: Ազնվաբար ու խելամտորեն: Ահա հենց սա է, որ պետական կառույցները սովորաբար չեն կարողանում անել` ապավինելով պաշտոնական տվյալները մի քանի անգամ նվազեցնելու և վիճակագրությունը մամուլից թաքցնելու սովետական ավանդույթին: Բայց չէ՞ որ սովետը 25 տարի առաջ է ավարտվել: Թե`ո՞չ:

Գրել կարծիք