Պե՞տք է ռազմագերուն վերադարձնել Ադրբեջանին

Պե՞տք է ռազմագերուն վերադարձնել Ադրբեջանին

newmag-ն այն մասին, թե ո՞ր դեպքում և ի՞նչ պայմանով Հայաստանը պետք է հանձնի ադրբեջանցի հետախույզ-դիվերսանտ Էլնուր Հյուսեին Զադեին, որը գերեվարվել էր Թալիշում:

Փետրվարի 1-ին, ցերեկը ժամը 3-ին, օգտվելով մառախուղից, ադրբեջանցի հետախույզ-դիվերսանտները Թալիշում փորձել են ներթափանցել ԼՂՀ: առաջնագիծը պաշտպանող հայկական ուժերը գերեվարել են ադրբեջանական բանակի զինծառայող, Էլնուր Հյուսեին Զադեին (ծնված՝ Բարդայում, 1995թ.):

Ադրբեջանն անմիջապես հրաժարվեց իր զինծառայողից ու հայտարարեց, թե նա զորացրված զինծառայող է: Բանակի հետ որևէ կապ չունի: Դրան ի պատասխան, հայկական կողմը հրապարակեց դիվերսանտի փաստաթղթերն ու այն տվյալները, որոնք ապացուցում են, որ ռազմագերին Ադրբեջանի բանակի ծառայող է: Նույնիսկ նրա մայրը լրատվամիջոցներին ասաց, որ իրո՛ք որդին պայմանագրային զինծառայող է: Այսինքն՝ առանձնապես կասկած չի մնում, որ ադրբեջանցին զինծառայող է:

Պարզ է, որ Ադրբեջանը կարող է հրաժարվել իր զինծառայողից: Այսինքն կարող է ասել՝ գնա՛, գործողությունն արա ու վերադարձիր: Եթե չվերադառնաս՝ մենք քեզնից կհրաժարվենք: Պետք է դիմանաս գերության մեջ, չխոստովանես, մենք քեզ երբևէ կվերադարձնենք: Հավանաբար դրա համար հաշվարկներ էլ ունեն, որ հայկական կողմում հնարավոր է դիմանալ: Ադրբեջանում դիմանալն անհնար է, սակայն շփման գծից այս կողմ՝ հանարավոր է:

Հիմա հայկական կողմն ի՞նչ պետք է անի ռազմագերու հետ՝ հարցաքննություններն ավարտելուց հետո: Չէ՞ որ ինչ-որ պահ կավարտվեն բոլոր տեսակի հարցերն էլ, պատասխաններն էլ: Դրանից հետո ռազմագերին բեռ կդառնա Հայաստանի բյուջեի համար: Մի՞թե ռազմագերուն պետք է պահենք ու կերակրենք մինչև նրա մահը խոր ծերության մեջ:

Ոչ: Ռազմագերուն պետք է վերադարձնել Ադրբեջանին, որովհետեւ ռազմագերի պահելը թանկ է նստում մեր վրա: Ամեն ինչ իր գինն ունի: Իսկ ո՞րն է ռազմագերուն պահելու, հագցնելու, կերակրելու գինը: Ի՞նչ ենք մենք ստանում դրա արդյունքում: Իրականում՝ ոչինչ: Հետևաբար քննել, զննելուց հետո նրան՝ որպես բարի կամքի դրսևորում, պետք է վերադարձնել Ադրբեջանին:

Ռազմագերուն պետք է հանձնել Ադրբեջանին՝ մի նախապայմանով. և՛ Հայաստանի, և՛ Արցախի, և՛ Ադերբեջանի հանրային հեռուստաալիքները պետք է ուղիղ հեռարձակեն հանձնումը: Թող Ադրբեջանի բոլոր քաղաքացիները տեսնեն հայկական կողմի բարի կամքի դրսևորումը և հասկանան, որ դա ամենևին էլ Ալիևի հաղթանակը չէ, այլ քաղաքակիրթ երկրի հումանիստական որոշումը: Ի տարբերությւոն բռնատիրական Ադրբեջանի:


[Իրականում` ոչ]


Պետք է վերադարձնել Ադրբեջանին, որովհետև Հայաստանը ստորագրել է ՄԱԿ-ի կոնվենցիան: Մենք ինքնակամ համաձայնել ենք միանալ քաղաքակիրթ աշխարհին, հետևաբար, պարտավոր ենք տեր կանգնել մեր իսկ ստորագրությանը: Միջազգային փաստաթուղթո ստորագրելը ու դրա վրա «թքած ունենալը» Բաքվի բռնապետին է բնորոշ: Բացի այդ՝ սա իրավական գործընթաց է: Երբ իրավական գործընթացին քաղաքական բովանդակություն ես տալիս, հարցը չի դադարում լինել իրավական՝ իր հետևանքներով: Եվ ստորագրությանդ տեր կանգնելը, պարտավորությունդ կատարելը դեմոկրատիայի ցուցիչ է: Ադրբեջանը դեմոկրատական համակարգ չէ և մեծ հաշվով չի էլ ձգտում այդպիսին լինել:

Բայց՝ պե՞տք է Ադրբեջանին վերադարձնել ռազմագերուն. Իրականում՝ ոչ

Պետք չէ վերադարձնել դիվերսանտ ռազմագերուն, որովհետև նա Հայաստան հյուր չէր եկել ծաղիկներով ու շոկոլադով: Եկել էր զենքով, ավելի ճիշտ՝ մինչև ատամները զինված: Եվ եթե հակադիվերսիոն խումբը նրան ժամանակին չվնասազերծեր, նա գուցե հասցներ մի քանի հայ դիրքապահ սպանել, կամ հայ գյուղացի: Եթե նա սպանելու էր եկել, ապա ինչո՞ւ նրան բաց թողնել հենց այնպես:

Բացի այդ՝ նա խախտել է սահմանը: Սահմանախախտումը քրեորեն պատժելի արարք է, հետևաբար նա պետք է նստի բանտում ու երկար, որպեսզի իր եղբայրներին դաս լինի: Բոլոր ադրբեջացիները պետք է հստակ պատկերացնեն, որ Ղարաբաղի սահմանը խախտելու համար իրենք կպատժվեն ու խիստ: Եվ հակառակորդը պետք է իր պատիժը կրի այնտեղ, որտեղ կատարել է հանցանքը: Ու ամենևին էլ պետք չէ նրա համար առանձին խուց առանձնացնել: Բանտում պայմանները գուցե այնքան էլ լավը չեն, բայց դե՝ բոլորի համար նույնն են:

Ադրբեջանցի դիվերսանտին ոչ թե պետք է վերադարձնել, այլ ուղարկել ուղղիչ աշխատանքի: Այնպես, ինչպես գերմանացի ռազմագերիներն էին կառուցում Խորհրդային Միության ավերված, տուժած քաղաքները, շենքերը, փողոցները: Նա պետք է տարիներ շարունակ վերականգնի ու կառուցի այն, ինչը պիտի որ պայթեցներ ու ոչնչացներ: Նրանք, ովքեր մեզ մոտ են գալիս պայթեցնելու, պետք է հարկադրված լինեն խաղաղ պայմաններում կառուցել ու շենացնել: Կառուցելուց հետո այլևս չեն գա պայթեցնելու, հավանաբար:

Հիմա՝ պե՞տք է Ադրբեջանին վերադարձնել ռազմագերուն

Ռազմագերին, եթե պատերազմի դաշտում չի զոհվել, ուրեմն առաքելություն ունի: Ուրեմն ինչ որ մի բան, մի անտեսանելի ձեռք նրան պահել է: Նրան ստորացնելը հերոսություն չէ: Չէ՞ որ նա նույն կերպ պատասխանելու հնարավորություն չունի: Իրականում ռազմագերիների հանդեպ մեր վերաբերմունքը չպետք է պայմանավորված լինի նրանով, որ իրենք տանջում, ստորացնում, կտտանքների են ենթարկում հայ գերիներին: Հայ գերուն Ադրբեջանում տանջամահ են անում, բայց դա չի նշանակում, որ մենք էլ պետք է նույնն անենք: Չէ՞ որ մարդակերներից պաշտպանվող քաղաքակիրթ մարդիկ ձգտում են պահպանել իրենց մարդկային կերպարը և չտրվել կաննիբալիզմի մոլուցքին: Չէ՞ որ ռազմագերու հանդեպ պետության, զինվորի, դատավորի, բանտապահի, բանտակիցների մարդկային վերաբերմունքը ցույց է տալիս երկրի քաղաքակրթության աստիճանը:

Ընդհակառակը՝ պետք է այնպես անել, որ Ադրբեջան վերադարձած գերին երազի հետ գալու մասին: Մենք ադրբեջանցի ռազմագերուն պետք է վերաբերվենք որպես ապագա զբոսաշրջիկի: Եթե նա հայկական կողմում հանդիպի միայն մարդկային վերաբերմունքի, իր երկիր վերադարձվելուց հետո գոնե իր ընտանիքի ներսում կպատմի իրականությունը հայերի վեհանձնության մասին: Եվ Բաքվի բռնապետի քարոզչությունն անզոր կլինի նրա հիշողության առջև: Այնպես պետք է պահենք ադրբեջանցի բոլոր ռազմագերիներին, որ պատերազմի ավարտից հետո (իսկ այն մի օր ավարտվելու է, անպայման ավարտվելու է) նրանք ցանկանան իրենց ընտանիքների հետ երբեմն գալ Հայաստան ու Արցախ՝ հարազատ դարձած վայրերով շրջելու համար:

Գրել կարծիք