BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Հովիկ Աբրահամյանը կդառնա՞ ընդդիմադիր

Հովիկ Աբրահամյանը կդառնա՞ ընդդիմադիր

Երկուշաբթի մամուլը ցնցվեց. սեպտեմբերից ՀՀԿ պահեստայինների նստարանին նստած նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատրաստվում է լքել ՀՀԿ շարքերը: Աբրահամյանը կուսակցությունից դուրս գալու իր որոշումը հաստատեց երեքշաբթի` իր տարեդարձի օրը (հունվարի 24-ին): Նախկին վարչապետը առանց ձևականությունների հայտարարեց, որ կշարունակի զբաղվել քաղաքականությամբ, չորեքշաբթի վերջնականապես հաստատեց, որ դուրս է գալիս ՀՀԿ-ից ու «ակտիվ» կզբաղվի քաղաքականությամբ: Իսկ քաղաքական դաշտում քաղաքականությամբ զբաղվելու այլ տեղ չկա. եթե իշխանությունից դուրս ես գալիս, հայտնվում ես ընդդիմադիր դաշտում: Հարցն այն է` դուրս գալն ինքնակա՞մ էր, թե՞ պարտադրված:
Հովիկ Աբրահամյանը կդառնա ընդդիմություն, որովհետև իշխանությունը նրա ամբիցիաները բավարարող ոչինչ չի առաջարկել: Պարզ է, չէ՞, որ արքայական ոտնամաններից հետո հասարակ մաշիկ չեն հագնում: Հետո՞ ինչ, որ ժամանակին ծակ-ծակ մուճակ էլ ես հագել: Այսինքն` ՀՀԿ-ն նախկին վարչապետին չի առաջարկել ապագա վարչապետի, կամ գոնե ԱԺ նախագահի, կամ թեկուզ հանրապետության թուլացած Նախագահի սիմվոլիկ պաշտոնը:
Հովիկ Աբրահամյանը կդառնա ընդդիմադիր, որովհետև իշխանությունից նեղանալու բոլոր հիմքերն ունի: Նա 2014-ին հանգամանքների բերումով ներքաշվել էր տերպետրոսյանական-ծառուկյանական եռյակ-քառյակ խաղերի մեջ, որոնք ավարտվեցին Տիգրան Սարգսյանի հրաժարականով և Հովիկ Աբրահամյանի վարչապետական պորտֆելով: Նա 2015-ի փետրվարին էլ նույն հանգամանքների բերումով «դեմ գնաց» այսպես ասած` «նոր ընտանիքին», հայրաբար մատ թափ տվեց օլիգարխ խնամու` Գագիկ Ծառուկյանի վրա, առաջարկեց «մի քանի անգամ բացատրելուց հետո բամփել» նրան, հետո խորհրդարանում խուսափեց մեկնաբանել իր իսկ առաջարկը: Հովիկ Աբրահամյանը 29 ամիս շարունակ իր կարիերայի գագաթնակետին էր` վարչապետի բաղձալի աթոռին: Պաշտոնական սանդուղքով սրընթաց վերելքի էպոպեան ավարտվեց 2016-ի սեպտեմբերի 8-ին, երբ նրան ուղարկեցին քաղաքական թոշակի:
Հովիկ Աբրահամյանը կդառնա ընդդիմադիր, որովհետև զրկվել է ոչ միայն գործադիր իշխանության ներսում իր լծակներից, այլև ՀՀԿ ներսում: ՀՀԿ փոխնախագահի պաշտոնում նրա վերանշանակումը այդպես էլ տեղի չունեցավ: Դեռևս 2016-ի նոյեմբերի 26-ին կայացած համագումարից հետո ՀՀԿ-ն պետք է որոշեր փոխնախագահի թեկնածուի հարցը, բայց այն հետաձգվում է մինչև օրս: Աբրահամյանը կուսակցական այդ պաշտոնում էր 2011 թվականից: Աբրահամյանը ՀՀԿ «պոլիտբյուրոյում» նաև քաղաքական հանձնաժողովի նախագահն էր: Վերջին շրջանում նրա պարտականությունները կատարում է մեկ այլ փոխնախագահ՝ Արմեն Աշոտյանը:
Այսինքն` Հովիկ Աբրահամյանը կդառնա ընդդիմադիր, որովհետև հարազատ կուսակցությունը ոչինչ չի առաջարկել, որ մնա իշխանության մեջ: Կամ էլ Հովիկ Աբրահամյանին արվել է մի առաջարկ, որից նա չէր կարող հրաժարվել:

Բայց. Հովիկ Աբրահամյանը կդառնա՞ ընդդիմադիր


Իրականում` ոչ: Հովիկ Աբրահամյանը չի դառնա ընդդիմադիր, որովհետև թվացյալ բազմագույն ընդդիմադիր դաշտը, այնքան էլ բազմագույն չէ: Քաղաքական ուժերը հիմնականում կոնսոլիդացվում են երկու դաշինքում` նախկին նախարարների և Գագիկ Ծառուկյանի «լայն դաշինքի»:
Նախկինների դաշինքում դժվար թե որևէ մեկը գրկաբաց սպասի Հովիկ Աբրահամյանին, որովհետև վարչապետի կամ ԱԺ նախագահի պաշտոններն այստեղ վաղուց տեր ունեն, իսկ ավելի համեստ պաշտոն նախկին վարչապետին ՀՀԿ-ն էլ կտար: Այս դեպքում Հովիկ Աբրահամյանի ինչի՞ն էր պետք ընդդիմադիր դառնալը:





Ինքնուրույն քաղաքական միավորում ստեղծելու համար էլ չափազանց ուշ է: Փետրվարի 6-ին կուսակցություններն արդեն պետք է ԿԸՀ ներկայացնեն կուսակցական ցուցակները: Նույնիսկ նախկին տարածքային կառավարման լծակներին տիրապետող պաշտոնյան անկարող է մի քանի օրվա ընթացքում կուսակցություն ստեղծել ու ցուցակ ներգրավել ներկայանալի դեմքերի:
Մյուս հնարավորությունը Ծառուկյանի «լայն դաշինքն» է: Հովիկ Աբրահամյանը իսկապես կարող է հայտնվել այդ դաշինքի ցուցակներում, որտեղ արդեն հայտնի է նախընտրական շտաբի պետը` Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը: Սովորաբար ընտրություններից հասնող ամենամեծ «ավարը» շտաբի պետինն է: Եթե այս դաշինքն ընտրություններում հաջողության հասնի, պարզ է, որ ամենաբարձր պաշտոնը` վարչապետինը, բաժին կհասնի Գագիկ Ծառուկյանին, նրանից հետո` օրինակ` ԱԺ նախագահի պաշտոնն առնվազն  Իշխան Զաքարյանինն է:
Ի դեպ` մամուլը ամենից շատ կասկածում է, որ Հովիկ Աբրահամյանը կարող է միանալ հենց Գագիկ Ծառուկյանի դաշինքին: Հիմա Հովիկ Աբրահամյանի ինչի՞ն է պետք միանալ մի կառույցի, որտեղ ավելին չի ունենալու, ինչ ուներ մինչև այդ: Մնում է ընդդիմության շարքերը համալրելու միայն մեկ պատճառ. վերահսկել ԲՀԿ լիդերի երբեմն անկառավարելի պոռթկումները:

Հիմա` Հովիկ Աբրահամյանը կդառնա՞ ընդդիմադիր


Իրականում քաղաքականության մեջ ընդդիմադիր լինելը նշանակում է միայն մի բան. իշխանությունը որևէ գնով վերցնելու հայտ: Եթե պաշտոն չես ունեցել, և ուզում ես, բայց չեն առաջարկում, ուրեմն պարտավոր ես նախ լինել ընդդիմություն և քաղաքական պայքար մղելով վերցնել բաղձալի պաշտոնը: Եթե պաշտոնդ կորցրել ես, այն ետ ես ուզում, բայց չեն տալիս, և դու էլ ձգտում ես այդ պաշտոնին, ուրեմն ընդդիմադիր ես: Հովիկ Աբրահամյանի` քաղաքականությամբ զբաղվելու հայտարարությունն ու ՀՀԿ-ն լքելը նշանակում են, որ նա սկզբունքորեն ընդդիմադիր գրծիչ է դարձել:
Բայց ընդդիմության ինչի՞ն է պետք նորահայտ ընդդդիմադիր Հովիկ Աբրահամյանը: Ընդդիմադիր որևէ միավորում մտնելու հայտ ներկայացնող սուբյեկտը պետք է որևէ առանձնահատուկ դեր ունենա հակաիշխանական սցենարում, պետք է արդարացնի իր այդ դերը և հանդես գա որպես իշխանության անողոք քննադատ:
Հովիկ Աբրահամյանը կուսակցական շինարար չէ, գաղափարների գեներատոր չէ, սովորական ճարպիկ ձեռներեց է, բյուրոկրատական ֆունկցիոներ, որը ֆինանսական մեծ կարողություն է կուտակել: Փոքրիկ կուսակցություններն ուղղակի կերազեն, որ Հովիկ Աբրահամյանը` որպես գործունյա մեծահարուստ, մտնի իրենց ցուցակ` թեկուզ գնելով այդ ցուցակի 1-ին տեղի իրավունքը: Փոքրիկներն` այո, բայց ոչ` Գագիկ Ծառուկյանը: Նրա ինչի՞ն է պետք «կուսակցական հավելյալ դրամապանակը»: Բացի այդ, հատուկ ծառայությունների` դեռևս գաղտնի պահվող դոսյեներում հավանաբար պահպանվում են անլեգալ գործարքների կասկածելի հետքեր. սա զսպող, սթափեցնող և հիասթափեցնող հանգամանք է:
Այսինքն` Հովիկ Աբրահամյանի`ընդդիմադիր լինելը ձեռնտու չէ ընդդիմությանը, եթե այդ ընդդիմությունը ձգտում է լինել իշխանության  համար անկանխատեսելի: Բայց նրա` ընդդիմադիր լինելը ձեռնտու է ինշխանությանը, եթե այդ իշխանությունը ձգտում է, որ ընդդիմությունը լինի կանխատեսելի:

Տարածել