Եթե հանկարծ մահանամ, ընկերությունս 10 մլն դոլար փոխհատուցում կստանա. Փիթեր Քորբիթի արժեքը՝ մարքեթինգային ոլորտում

Եթե հանկարծ մահանամ, ընկերությունս 10 մլն դոլար փոխհատուցում կստանա. Փիթեր Քորբիթի արժեքը՝ մարքեթինգային ոլորտում

newmag-ի թղթակիցը զրուցել է մարքեթինգով զբաղվող ամերիկյան ISL ընկերության հիմնադիր Փիթեր Քորբիթի հետ այն մասին, թե ինչպես առանց մեկ դոլար ներդնելու ստեղծել հաջողակ ընկերություն:

            Ինժեներ, ծրագրավորող, դիզայներ, հետո՝ հեռուստատեսային պրոդյուսեր. Այս ամենը 10 տարի առաջ էր, այժմ Փիթեր Քորբիթի գործը բանակցություններ վարելն է ու միլիոնանոց գործարքներ կնքելը համաշխարհային բրենդերի հետ, մնացածը կանի իր թիմը:

            «Հիմնականում այսպես է. գալիս և ասում են՝ մենք տալիս ենք 1 մլն դոլար կամ այսքան գումար և ուզում ենք, որ 100 հազար մարդ սիրի այն, ինչ որ մենք անում ենք: Մենք էլ ստեղծում ենք մարքեթինգային քոնթենթ օնլայն և օֆլայն հարթության համար:  Բայց փողը գլխավորը չէ, մենք բանակցություններից հետո 10 ընկերությունից 2-ի հետ ենք աշխատում: Ինձ ավելի հանգիստ է քնել ավտոմեքենա ու հյութեր վաճառելով, քան ծխախոտ ու պատերազմ, կամ սեքս-խաղալիքներ, մի խոսքով…»


            Ընկերության առաջին տարում Փիթերը ծրագրավորմամբ էր զբաղվում, մարտավարություն մշակում, 50 աշխատակիցներով կնքեցին առաջին լուրջ գործարքը Volkswagen ընկերության հետ, դրանից էլ սկսվեց iStrategyLabs ըներության հաջողությունը:

            «Volkswagen-ի հետ աշխատելու համար մենք անցանք Deutsch-ին, որը խոշոր մարքեթինգային ընկերություն էր՝ 12.000 աշխատակիցներով, մեր արածը զուտ գովազդ չէ, մենք աշխատում ենք մարքեթինգային արշավները կապել մարդկանց կենսակերպի հետ, ցույց տալ, թե ինչպես է տվյալ ապրանքը փոխում նրանց փորձառությունը»

            iStrategyLabs-ի ամնաշատ աղմուկ հանած մարքեթինգային արշավներից մեկը «Mr. Robot» սերիալի համար էր` առաջին եթերաշրջանի պրեմիերայից առաջ: Սերիալը  պատմելու էր ֆինանսական խարդավանքներ իրականացնող հաքերի մասին, արշավի համար սյուժետային գիծն օգտագործեցին: Twitch օնլայն խաղային պլատֆորմում հոլովակ հայտնվեց, գեյմերների համաշխարհային կոնֆերանսն ընդհատվեց բեմադրված կիբերհարձակմամբ, 17 ժամ սերիալի դերասան-հաքերները հեռարձակում էին իրենց ֆեյք-կիբերհարձակման գործողությունները: Կես մլն մարդ էր հետևում դրան: համացանցում սերիալի ու մարքեթինգային արշավի մասին տեսանյութ տարածեցին ու պատասխանեցին հետաքրքրասերների հարցերին 3 օր հետո միայն:

            «Արդյունքում ունեցանք 1.5 մլն ընդհանուր դիտում 1 օրում, 63.000 հազար թվիթ՝ հեռարձակման ընթացքում: Արշավը նաև ստացավ բրոնզե արձանիկ Կաննի փառատոնում: NBC հեռուստաընկերությունն այնքան գոհ էր, որ մեզ վստահեց նաև 2-րդ սեղոնի պրոմոարշավը: Իմ ձեռքում է արդեն 4-րդ սեզոնի սցենարը, մենք հիմա դրա վրա ենք աշխատում»

            Փիթեր Քորբիթը իրենց լավագույն աշխատանքներից է համարում նաև «Սպունգ Բոբ» մուլտֆիլմի 15-ամյակին նվիրված արշավը: Նիքելոդեոնից ստացած առաջարկից Փիթերը շատ էր ոգևորվել, «Սպունգ Բոբ»-ն իր սիրելի մուլտֆիլմն էր: Բայց կար մեծ բարդություն. հետազոտությունը ցույց էր տվել, որ մուլտֆիլմը դիտողների միջին տարիքը 34-ն էր, ուրեմն՝ ինչպես անել մի բան, որ կգրավեր երեխաներին և մեծերին միաժամանակ:

Spongebob Skill Crane from ISL on Vimeo.

            «Մենք ուզում էինք յուրահատուկ մի բան անել «Սպունգ Բոբ»-ի երկրպագուների համար, գովազդը ԱՄՆ կենտրոնացում ուներ, երկրում բոլոր տաիքային խմբերին հետաքրքրողը խաղային ավտոմատներն են: Ստեղծեցինք խաղային հավելված ու միացրինք այն Ֆեյբուքին՝ հնարավորություն տալով օգտատերերին խաղալ ու մրցանակներ շահել, իսկ ֆիրմային-թեմատիկ նվերներն ուղարկում էինք փոստով»

            iStrategyLabs-ը 10 տարիների ընթաքում աշխատել է Fortune 500 ցուցակի 23 կազմակերպությունների հետ, ինչպիսիք են՝ Volkswagen-ը, Facebook-ը, Red Bull-ը, Coca-Cola-ն, Hilton hotels-ը, General Electric-ը, Desney-ը, NBC-ն ու Instagram-ը: iStrategyLabs-ի հիմնական մրցակիցները Deeplocal, Furje, Party, Thinker, DDB գովազդային ընկերություններն են: Նրանց դիմանալը 200 հոգանոց թիմի համար դժվար էր և անցած տարի Փիթեր Քորբիթն իր ընկերությունը վաճառելու որոշում կայացրեց:  Գնորդը  WPP-ին է, որի տարեկան եկամուտը ավելի քան 15 մլրդ դոլար է, ընկերության կազմում 190.000 մարդ է աշխատում:

 


Կարդացեք նաև


            «Ես ստեղծեցի ընկերությունն առանց մի դոլար ներդրումների, դա իսկապես շատ բարդ էր, հոգնեցնող, 10 տարի հետո ես մտածեցի՝ արժե՞ վտանգել կյանքս. եթե ձախողվեր բիզնեսը, ամեն ինչ կկորցնեի, պետք է սկսեի նորից: Բացի այդ մենք մրցակցում ենք մեծ ընկերությունների հետ, չգիտեմ՝ ինչքան կարող էինք դիմանալ այդ մենամարտերում, մեզ նորմալ բանակ էր պետք: Հասկացա, որ ավելի մեծ ընկերության մեջ մտնելով նոր հնարավորություններ կունենանք»

            Փիթերը ընկերությունը հիմնել է 27 տարեկանում՝ մի գիշերում, երբ նրան հեռացրին հաստիքային աշխատանքից:  Ընկերների հետ հարբեց, հետո տուն վերադարձավ, կայք ու լոգո ստեղծեց, որոշեց՝ հիմնում է ընկերություն, որն օնլայն և օֆլայն մարքեթինգային մարտավարություն է մշակելու՝ հիմնված տեխնոլոգիաների ու կրեատիվության վրա: 10 տարի ծրագիրն աշխատեց, ընկերությունը զարգացման նոր փուլ է մտել WPP-ի կազմում: Փիթեր Քորբիթը շարունակում է ղեկավարել ընկերությունը, ավելորդ համեստություն չի անում, ընկերության հաջողությունն իրենից է կախված եղել, բայցև՝ ոչինչ գլուխ չէր գա առանց լավ թիմի:

  
            «WPP-ին կստանա 10 մլն դոլար, եթե մահանամ, ոչ թե՝ իմ կինը: Նշանակում է՝ ընկերության համար ես ինչ-որ արժեք ունեմ, ամենաքիչը՝ 10 մլն դոլարի (ժպտում է): Ասել եմ իմ թիմին, որ գնալով արժեքս ընկնում է, աստիճանաբար տեղս զիճել եմ նրանց: Իհարկե կարևոր է, որ ես պատվիրատուներ եմ գտնում, նրանք են գումար ապահովում, բայց հիմնական աշխատանքն արդեն թիմն է անում:

            Փիթեր Քորբիթն ասում է, երբ զգա, որ իր արժեքն ընկերությունում շատ է ընկնում, կթողնի iStrategyLabs-ը: Բիզնեսն իր համար սպորտ է, սիրում է մրցակցությունը: Քանի որ արդեն ֆինանսապես կայուն վիճակում է, կարող է ռիսկի գնալ ու նոր ընկերություն ստեղծել զրոյից:

Գրել կարծիք