[Արևելյան խոհանոց] Թուրքիայի ամենահակահայ կուսակցությունը պառակտված է. ո՞վ է ձեռնոց նետել Էրդողանին

[Արևելյան խոհանոց] Թուրքիայի ամենահակահայ կուսակցությունը պառակտված է. ո՞վ է ձեռնոց նետել Էրդողանին

Նա հայտնի քաղաքական գործիչ է. երկրի մեջլիսի խոսնակն է եղել, ներքին գործերի նախարարը

Թուրքիայի ամենահակահայ կուսակցությունը վերջնականապես պառակտված է: Ազգայնական շարժումը` նույն գորշ գայլերը, բաժանվեցին աղմկոտ հարձակումներով, սկանդալային վիրավորանքներով և անհավանական հավակնություններով

Կուսակցության ներսում դժգոհությունները սկսվել էին դեռ տարիներ առաջ, երբ առաջնորդը` Դևլեթ Բահչելին, սկսեց ամեն գնով կառչել իր պաշտոնին: Դրա համար նույնիսկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ կոալիցիա կազմեց: Այս կուսակցությունը Թուրքիայի խորհրդարանում միակ ուժն էր, որն Էրդողանին աջակցեց նախագահական Թուրքիայի հարցում

Ձախից՝ ԱՇԿ նախագահ Բահչելին է, կենտրոնում՝ Թուրքիայի նախագահը, աջից՝ Թուրքիայի վարչապետ Յըլդըրըմը

Սա վերջին կաթիլն էր: Ազգայնականները հարյուրներով լքում են կուսակցության շարքերը` գնալով կուսակցությունում ազդեցությամբ երկրորդ դեմքի` Մերալ Աքշեների հետևից: Տիկինը ձեռնոց է նետել նախ իր կուսակցության առաջնորդին, հիմա էլ Թուրքիայի նախագահին: Սեփական կուսակցությունն է հիմնում և 2 տարի անց սպասվող նախագահական ընտրություններին առաջադրելու է իր թեկնածությունը: Եվ վստահ է` էրդողանականներն իրենից վախենում են

Նրան Թուրքիայի երկաթե լեդի են անվանում: Համակիրներն ավելի հեռու են գնացել` Անաթուրք են ասում` թուրքերի մայր, ինչպես Աթաթուրքը թուրքերի հայրն էր: Էրդողանի կողմնակիցներն արդեն լուրջ հարվածներ են հասցնում: Ամենաավանդական ու ամենաուժեղ միջոցին են դիմել: Պարզել են` Աքշեների Թուրքիայի համար մեկ թշնամի հայտարարված գյուլենականների սիրելին է

Մերալ Աքշեներ

Փորձագիտական տեսակետ կա, որ էրդողանի այս հակազդեցությունն արդեն իսկ ցույց է տալիս, որ Աքշեներին նախագահականի կուլիսներում լուրջ մրցակից են համարում: Աքշեները կարող է լրջորեն խախտել Էրդողանի անդորրը, հատկապես, եթե կարողանա միավորվել քեմալականների հետ: Թեև կան նաև պնդումներ, որ նույնիսկ այդ պարագայում մրցակցությունը լուրջ չի լինի, քանի որ ազգայնականներն ու քեմալականները մեկ թեկնածուով Էրդողանի դեմ դուրս գալու քաղաքական ձախողում արդեն ունեն


Արևելյան խոհանոցի շարքից կարդացեք նաև.


Աքշեները Թուրքիայում հայտնի քաղաքական գործիչ է: Նա երկրի մեջլիսի խոսնակն է եղել, ներքին գործերի նախարարը: Եվ հենց այստեղ բացառվում է քրդամետ կուսակցության հետ նրա գործակցությունը: Դեռևս 90-ականներից նա ոչ այնքան դրական համբավ ունի քրդերի շրջանում, քանի որ ներքին գործերի նախարար էր թուրքքրդական բախումների ամենասուր շրջանում և հայտնի է քրդերի դեմ բավական կոշտ գործողություններով

Եվ Էրդողանի մրցակցուհին հայտնի է ադրբեջանամետ դիրքորոշումներով: Նրա քարոզչական հոլովակներում ու երգերում անդրադարձեր կան Ադրբեջանին: Տարիներ առաջ նաև առաջարկել էր Ադրբեջանը կոնֆեդերատիվ սկզբունքով միացնել Թուրքիային

Գրել կարծիք