BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Եթե պատրաստվում եք հանգստանալ Եգիպտոսում. ի՞նչ պետ

Եթե պատրաստվում եք հանգստանալ Եգիպտոսում. ի՞նչ պետք է իմանալ

Ծառայությունն արժե 2 դոլար:
Նախ եգիպտական ընդունելության մասին: Օդակայանից բարևող տաք, չափազանց տաք օդն, այդքան զարմանք, զայրույթ ու միաժամանակ դժգոհություն չի առաջացնում, քան շփումը առաջին սևամորթի հետ: Մոտենում ենք ավտոբուսին, հատկապես այն հատվածին, որտեղ տեղավորում են ճամպրուկները: Վերջին րոպեին օգնության ձեռքն ինձ խնդրում է թողնել ճամպրուկն ու խցիկում դնելու բեռը վերցնել իր վրա: Թողնում եմ: Վայրկյաններ անց շրջվում է ու մեկնում ձեռքը. 2 դոլար: Զբոսաշրջիկի համար գուցե մանրադրամ է, թեյավճար, իրենց համար մի ամբողջ աշխատավարձ, երբ այդպես վարվում են ավտոբուսի ամբողջ անձնակազմի, ավելի ստույգ օդակայանից դուրս եկող յուրաքանչյուր այցելուի հետ:  Թվում է նա մեր տուրիստական գործակալության աշխատակիցն է, վարորդը, բեռնակիրը: Վճարում եմ, բարձրանում ավտոբուս: Նա բոլորից հավաքում է դոլարիկները, գրպանը դնում ու հեռանում, ավելի ստույգ, մոտենում հաջորդ ավտոբուսին:
Սա Հուրգադան է: Եվ այսպես, սկսվում է դոլարային հանգիստը:
 Եգիպտոսի գիդը նաև վաճառական է, եգիպտականը՝ չարչի: Օդակայանից մեր ամրագրած հյուրանոց 13 կմ է, տևողությունը 15 րոպե: Այս ընթացքում տուրիստական կազմակերպության եգիպտոսցի ներկայացուցիչը հասցրեց ողջունել, ներկայանալ, ներկայացնել քաղաքը, պատմությունը (40 տարվա, արհեստական կառուցված, բուսականությամբ կահավորած քաղաք է): Ամեն ինչի մասին կարելի է խոսել ընդամենը ոպեների ընթացքում: Հետո գիդը իրենց պետության բարձր վարկանիշի, մեր իրավունքների ու պարտականությունների մասին է տեղեկացնում: Այսքանը՝ 5 րոպեում: Երթի մնացած տասը րոպեն գլխավոր նպատակին է ծառայում: Պայուսակից հանում է բուսական դեղեր, թեյեր, թալիսմաններ, վզնոցներ, յուղեր, օծանելիք: Թվարկում է գները, հետո հակադարձում իրեն՝ հանուն մեզ ու միայն մեզ համար, գործում են ճկուն զեղչեր, երկու անգամ ավելի ցածր գներ, նվերներ ու բոնուսներ: Շատերն այստեղ էլ չեն դիմանում գայթակղությանը, վերադարձին միայն խոստովանում ընկած թակարդի ու կորցրած դոլարիկների մասին: Մի խոսքով մինչև ավտոբուս կորուստը 2, մինչև հյուրանոց՝ 10 դոլար է:
Անձնական գիդը ողջունում է Պարոնով: Յուրաքանչյուր զբոսաշրջիկ ունի իր առանձին պատասխանատուն, որին կարելի է և անհրաժեշտ է դիմել ցանկացած հարցով, տուրերի, տեղաշարժի, ապահովագրության համար, խնդիրների դեպքում: Մեզ մոտեցավ հյուրանոց հասնելուց րոպեներ անց: Խնամված էր, կոկիկ, լակոնիկ, բայց էլի եգիպտական արտադրության: Ինձանից մեծ էր երկու անգամ, դիմում էր Միստրով, պատրաստված բացումներով ու ջերմությամբ: Խոսում էր թերի ռուսերենով, բայց վստահ, որպես ազնիվ ու հավատարիմ մարդ: Մեր իրավունքների մասին երկար խոսեց, մեր երկշաբաթյա կյանքում իր կարևորության ու անփոխարինելի լինելու մասին նույնպես: ԵՎ գլխավորը: Վերջում գաղտնազերծեց մտերմության պատճառը: Եգիպտոսյան 14 օրերի համար 14-ից ավելի առաջարկներ, տպագիր, թռուցիկի տեսքով: Մինչև վերջին պահը չփոխանցեց: Յուրաքանչյուրը նկարագրեց լուսանկարներով, տպավորություններով, դրանցից օգտվելու անհրաժեշտության մասին: Վերջում վաճառեց կապի տեղական օպերատորի քարտը՝ ինտերնետին միանալու համար ու գանձեց 10 դոլար: Սա նույնպես թակարդ է, քարտը կարող ես գնել ընդամենը 5-ով, երբեմն 4 դոլարով:
Եգիպտական բուրգեր այցելելը Հուրգադայում մեկ անձի համար արժե 110 դոլար, ներառյալ ուղևորություն, սնունդ, այց հնագիտության թանգարան, խանութներ: Թղթի վրա այդպես է գրված: Մեզ համար զեղչեր կան, կարծես մյուսներին չեն անում: 100 դոլար: Այսպես յուրաքանչյուր առաջարկի դեպքում՝ Կահիրե, Գիզա, Լյուքսոր, Ալեքսանդրիա, դայվինգ, սաֆարի…: Նույնիսկ կազմակերպում են այցելություն Երուսաղեմ: ԵՎ առաջարկները չմերժելու ամենահամոզիչ փաստարկը. Օգտվել միայն իրենից, մյուս կազմակերպությունները, անհատները վստահելի չեն, կասկածելի են, վտանգավոր, չերաշխավորված վերադարձով: Ընդհանուր առմամբ ճիշտ չէ: Վախեցնում են, զգուշացնում, որ ընտրությունը կատարես տեղում, վճարես այդ պահին, պլանավորես առանց երկար մտածելու: Իր բնորոշմամբ այդպես է անհրաժեշտ, որպեսզի կարողանա բոլոր հարցերը կարգավորել, լրացուցիչ ապահովագրական ակտ կազմել: Իրականում տեղում են գործարքը կնքում, որպեսզի մյուս առաջարկներին չհասցնես ծանոթանալ, ավելի էժան փաթեթներից չկարողանաս օգտվել:
Եգիպտոսում պետք է 7 օր ապրել, հետո միայն որոշել այնտեղ հանգստանալու և հեռանկարի մասին: Գիդի հրապուրիչ առաջարկները, հրապուրիչ են միայն առաջին օրը: Երկրորդ օրը մոտենում են տասնյակ մենեջերներ, նրա նման վստահելի ու առաջարկում գրեթե բոլոր տուրերի համար երկու անգամ ցածր գներով: Կարող ես սակարկել ու օգտվել ծառայությունից ամենահարմար տարբերակներով: Օրինակ՝ եգիպտական բուրգերը տեսնել ոչ թե 110 կամ արջի ծառայությամբ 100 կամ 90, այլ ընդամենը 60-50 դոլարով, միանգամայն նույն պայմաններով ու բովանդակությամբ:
5 դոլարը ցույց տալու դեպքում, նրանց համար միլիոնատեր ես: Հյուրանոցի ստանդարտ կարգի սենյակը պատվիրված է Երևանից, գումարը փոխանցված է շաբաթներ առաջ, քանակն ու կարգավիճակդ ամրագրված է ուղեգրում: Եգիպտական ընդունման սրահներում առանց դոլարային ողջույնի, վերցնում են այդ փաստաթղթերը, տալիս են ամենացածրակարգ սենյակը, ծովին հակառակ կողմ՝ փողոցին նայող պատուհանով: Ուղեցկում են առանց պատշգամբի սենյակ՝ թերի կահավորված, անսարք սառնարանով, հեռուստացույցով, օդորակիչով: Ընդ որում, ամուսինների համար առանձին մահճակալով, երեխայով մեկնածների համար առանց լրացուցիչ մանկական գույքի: Ապօրինի վճարում ես ու քնում շեյխերի համար նախատեսված բնակարանում, երկուսով՝ երկսենյականոցում:
1 դոլարը պաշտամունքի վկայական է հատկապես սենյակները մաքրողների, բարերի մատուցողների, ռեստորանի աշխատակազմի ու փրկարարների համար: Առանց դոլարանոցի, սենյակը մաքրում են մասսամբ, րոպեների ընթացքում, չլրացնելով պակասը՝ սանհագույցի պարագաների, ջրի (Եգիպտոսում ծորակի ջուրը խմելու չէ, օգտվում են շշերով բաժանվող ջրից): Հավաքարարը պարտավոր է ամեն օր մաքրել սենյակը, հարդարել անկողինը, մեկ շնչին մեկ շիշ ջուր փոխանցել, լրացնել հիգիենայի պարագաները: Գործը կիսատ է մինչև առաջին դոլարը: Հետո ամեն ինչ տեղն է ընկնում, ժպտում են, այցելում առաջինը, անկողնու վրա նույնիսկ սրբիչով ու սավանով՝ թիթեռ կամ սիրտ պատկերում, հեռանում: Մատուցողները նույնպես, կաշառքի դիմաց են փոխում մոխրամանը, վայրկենական լցնում դատարկ բաժակը: Փրկարարները պահում են լավագույն տապչանները՝ առաջին գծում, ծղոտե ծածկով, իրենք են բերում սրբիչը, հումոր են անում, անկեղծանում, որ պաշտում են Հայաստանը, հայերին, Հենրիխ Մխիթարյանին, խնդրում են լուսանկարվել: Բոլոր աշխատողները արական սեռի են, հիմնականում տղաներ, որևէ կին աշխատողի չեմ հանդիպել, ասում են կնոջը հարգի չէ աշխատել: Իրենց կանանց: 
Դոլարացավը պատել է նաև արտասահմանցի աշխատողներին: Աշխատող աղջիկներ կան, սակայն եգիպտոսցի կամ արաբ չեն, ռուսներ, բելառուսներ, ուկրաինացիներ են: Նրանք ապահովում են առողջ ապրելակերպը, հանգստացողների ժամանցը, զվարճանքը: Առավոտյան մարզանքներ, ցերեկային խաղեր, երեկոյան դիսկոներ: Այս ամենն անվճար է, առաջին, երկրորդ և երրորդ օրը: Երբ վայելում են հյուրերի համակրանքը, շրջում են տոմսերով: Կազմակերպում են երեկոյան փակ փարթիներ՝ մեկից երեք դոլարով: Տղաների համար սա թվացյալ առիթ է նրանց հետ մտերմանալու, ազատ ժամանակ անցկացնելու: Երբ տոմսը գնում են, ժպիտով, շողոքորթող գեղեցկուհիները դառնում են պաշտոնական գործակալներ: Գուցե ավելին վճարելու դեպքում վերականգնես նախկին սիրելիներին, դոլարը ցույց կտա:
Հանրային զուգարանները վճարովի են՝ անփոխարինելի 1 դոլարով: Ընդ որում իրենք խոստովանում են, թե անվճար են, պարզապես անծանոթներն են գումար շորթում: Իրականում հանրային զուգարանների մեծ մասը սուպերմակետներում են, մոլերում, խանութների մոտ և դրանց սեփականատերերն էլ վճար գանձող կարգում են անչափահասներին, որ խուսափեն մեղադրանքից, պատասխանատվությունից: Եթե ծանոթ ես բարքերին, ուրեմն առանց վճարի կարող ես մտնել ու օգտվել: Հեշտ է խայծը կուլ տալ, երբ ընդառաջ են գալիս ու թելադրում պայմանները:
Երբ դոլարի աղմուկը տարածվում է, գործում է սիգարետի կանոնը: Հանդիպում են մարդիկ՝ վարորդներ, ուղեկցողներ, որոնք հասկանում են, որ փորձված ես, տուժել ես ու զգուշավոր ես, դոլարի անուն չեն տալիս: Պարբերաբար մոտենում են ծխախոտ են խնդրում, գիտեն, որ առաջին օրերին ունեցածդ պաշարը շատ է և սիրով կնվիրես, ավելին, կմանրամասնես, որ հայկական է, ծխեք, գնահատեք մեր հայրենականի համն ու որակը: Այդ առումով հանգիստ ես, որովհետև մեկ ծխախոտը որևէ մեկին չի աղքատացրել, մինչև երրորդ օրը, երբ նկատում ես, որ պիտի գնես, ունեցածդ տուփերը դատարկ են, առջևում տասը օր կա: Ծխախոտը Եգիպտոսում թանկ է, Հայաստանի համեմատ: Սկսվում է մեկ դոլարից: Դրանք անորակ են և շատ վնասակար: Մյուսները երկու և ավելի դոլար են: Էլի վերադառնում եմ դոլարի թեմային: Եվս 10-15 ամերիկյան վատնում ես այս պատճառով:  
Բիդուիններ: Նրանց հանդիպում ես սաֆարիի ժամանակ: Սաֆարին անապատային զբոսանք է ուղտերով, մեքենաներով: Բիդուինները քաղաքներից հեռու ապրող ցեղեր են, մինչև 100 հոգանոց խմբեր, առանց հաղորդակցության, կապի միջոցների, ժամանակակից մտածողության: Նրանք արաբներ են: Բիդուինը ամուսնանում է միայն բիդունի հետ: Կանայք փակ են ոտքից գլուխ, երևում են միայն աչքերը: Հարսնացու ընտրում են սկեսույրները, կանայք կարող են նրանց տեսնել, խոսել, ճանաչել: Ընդ որում նրանց կնության են առնում վճարելով: Միսս Բիդուինը արժե 25 ուղտ, մոտ 75 հազար դոլար: Ամենատգեղը՝ մի քանի ոչխար կամ հավ: Առևտուրն իրականացվում է նաև համարժեք դոլարով կամ ֆունտով (Եգիպտոսի փոխարժեքն է): Բիդուիններն ապրում են անապատներում, պատրաստում են բուսական թեյեր, դեղեր, մանր առարկաներ ու վաճառում դոլարով: Նրանց ուղտերը եգիպտական հանգստի այցեքարտն է: Հիմա ավելի մանրամասն:
Նստելը մեկ այիբ է, իջնելը երկու: Էշի մասին այս ասացվածքը ամենաուղիղ իմաստով բնորոշ է Եգիպտոսին, պարզապես օբյետկն է այլ: Ավանակի փոխարեն, այստեղ ուղտն է տարածված չորքոտանին: Անապատում ուղտատերերն առաջարկում են անվճար զբոսանք ուղտով: Զարմացած նստում ես, որ անվճար է, պտույտ անում ու կանգ առնում: Եվ հիասթափությունը: Իջնելը դոլար արժե: Ուղտից ինքնուրույն իջնելը վտանգավոր է, կենդանին պետք է ծալի ոտքերը, իջնի, որ կարողանաս ազատվել նրանից: Բարձրահասակ են: Անտեղյակները ծուղակն են ընկնում, դոլարները տալիս ու քթի տակ հայհոյելով հեռանում:Չես կարող վիճել, ետ պահանջել: Զայրույթն արտահայտելու միակ տարբերակը սոցէջում հանրագիր թողնել է, ապարդյուն, ընդամենը բաց սրտի մխիթարանք: Համակերպվիր, առաջ անցիր, բայց փոխանցիր մյուսներին: Պատմությունը կրկնվում է ամենուր, հատկապես քաղաքներում, մի փոքր այլ ձևաչափով:
Մի փոխանցիր հեռախոսդ եգիպտոսցուն, սելֆի արա: Տաթևի վանական համալիրի մոտակա բարձունքում մի վայր կա, որտեղից կարելի է լավագույն լուսանկարը ստանալ՝ եկեղեցու և բնության ֆոնին: Նշան կա: Այդպես էլ Գիզայում է: Բուրգերի լավագույն լուսանկարի համար նույնիսկ հարթակ են պատրաստել, որ հրաշալիքները քո թիկունքում լինեն, կարողանաս բուրգը ափիդ մեջ առնել, հենվել, հիշարժան ֆոտոներ ունենալ: Սա նաև բիզնես հարթակ է: Երբ միայնակ ես կամ զույգով ես ցանկանում լուսանկարվել մոտենում են գործի վարպետները, առաջարկում անմահացնել ձեզ՝ անվճար նկարել՝ որպես բարի կամքի դրսևորում: Նույնիսկ դիրքեր են խորհուրդ տալիս, նկարում ու…հրաժարվում բջջայինը, ֆոտոխցիկը վերադարձնել: Դոլարն է ելքը: Չես կարող բղավել, պատիվ պահանջել, իրավունքներից խոսել, առավել ևս հրմշտել: Նրանք շատ են, իրավապահներն էլ հեռվում, ընդ որում տեղեկացված ու գիտակցված անհետացած: Սա անօրինական, նույնիսկ անմարդկային է, բայց մյուսների մարդկային պահանջն էլ արդարացված չէ:
Դայվինգի (ստորջրյա զբոսանք) ժամանակ դոլար չեն խնդրում միայն ձկները: Սա էկզոտիկ հանգստի կարևոր բաղադրիչն է, ժամանակդ հետաքրքիր ու անմոռանալի դարձնելու լավագույն հնարավորությունը: Վճարում ես մոտ 40 դոլար մեկ անձի համար ու տեսնում տարբեր չափերի, գույների, տեսակի ձկներ, ծովային կենդանիներ: Իսկապես աննկարագրելի է հաճելի զբոսանք է, արժե հասնել Կարմիր ծովի խորքերը: Ջրում լուսանկարվել չես կարող, եթե չես տարել նկարահանող սարքի համար ջրային պատյաններ: Կամ էլ պիտի վճարես: Ծառայությունն արժե 25 դոլար: Պարբերությունն այս մասին չէ: Երբ ամեն ինչ ավարտվում է, վերադարձի ճանապարհին նավապետը փոքրիկ արկղը ձեռքին շրջում է ու ասում, եթե հավանեցիք զբոսանքը, մեր աշխատանքը, հյուրասիրությունը, կարող են հանգանակություն անել՝ չարաբաստիկ 1 դոլար նվիրաբերել մի ծառայության, որի համար 80 հատ մեկ դոլար ես վճարել: Դեժավյու չէ, մեկ դոլարանոցն իսկապես անցաթուղթ է ամեն քայլափոխի: Հատկապես հյուրանոցի ճանապարհին, երբ  երկու երեք վաճառակետում քեզ սպասում են:
Խանութներում կարող ես անել ամեն ինչ, մի այն թե ձեռնունայն մի հեռացիր: Խմբի ղեկավար-գիդերը պայմանավորված են մի քանի խանութների հետ, շահույթի ակնկալիքով: Ճանապարհին առանց հարցնելու կանգնում են ավանդական խանութների առաջ: Եգիպտական անկրկնելի սրահները երկուսն են: Օծանելիքի, յուղերի խանութը մեկ ամբողջական սրահ չէ, առանձին խցեր են: Աշխատակիցներն ուղեկցում են հարմարավետ սենյակներ, անվճար թեյ հյուրասիրում, որպեսզի երկար ժամանակ անցկացնես ու ծանոթանաս իրենց ամբողջ մենյուին: Անհնար է գնումներ չանել, նպատակին հասնում են՝ ինչ գնով էլ լինի, նվերներով, մեկի գնով երկուսը վաճառելով: Եթե սառնասրտորեն մերժում ես ու ակնարկում դուրս պրծնելու մասին, վերջին մեթոդն են կիրառում: Խնդրում են գնալ վերջին սենյակ ու իրենց գրառումների մատյանում մի քանի տող գրել: Ենթադրում եմ բովանդակությունը նրանց չի հետաքրքրում, պարզապես մինչև այդ սենյակ ճանապարհը 20 մետրից ավելի է: Այդքան ժամանակը բավական է լրացուցիչ համոզելու համար՝ գնալիս, գրառումն անելիս, հետ դառնալիս: Վերջին պահին ևս մեկ շանս են խնդրում, ասելով, որ քեզ համար բացառիկ զեղչ կանեն, բոլորից գաղտնի: Եթե սա էլ չանցավ, ուրեմն դու հաղթող ես, արագ հեռացիր տարածքից: Երկրորդ խանութը՝ պապիրուսների, նկարների դահլիճն է՝ նույն հաջորդականությամբ: Ընդ որում, այս խանութներ կարող ես մտնել վառած սիգարետով, անել ինչ ցանկանում ես, վճարել որքան ցանկանում ես, միայն թե ցույց տուր գրպանիդ դոլարը:
Տաքսի + 1 դոլար = անսահմանափակ շրջայց: Հյուրանոցից դուրս գալուն պես վայրկենական տասնյակ տաքսիներ են շուրջդ պտտվում, ազդանշան տալիս, ձեռք մեկնում: Առաջարկում են պտտել քաղաքով, տանել թանգարաններ, եկեղեցիներ, ռեստորաններ: Արժեքը գուշակեք: Բնականաբար 1 դոլար: Երբ հեռվից ձեռքով բացասական նշան ես տալիս, բացատրում, որ դուրս ես եկել քայլելու, խնդրում են մոտենալ, որ ժամանակ վաստակեն: Հարցնում են որտեղից ես, որտեղ ես եղել, որ երկրի անունն էլ տաս, կասեն. Դու աշխարհի ամենալավ կետից ես: Դժվար է նրանցից ազատվել: Մի քանիսին քաղաքակիրթ ձևով ճանապարհում ես, մյուսներին սկսում փնովել, վանել, իրենց համար անհասկանալի լեզվով վիրավորել: Քաղաքում շրջայցը 1 դոլար է, որովհետև այնտեղ վառելիքն է էժան: Բենզինի մեկ լիտրն արժե 100 դրամ, դիզվառելիքը՝ 80: Եթե երեկոյան ես հայտնվել փողոցում, ուրեմն տաքստիստները դառնում են «բառիգներ»՝ թմրանյութ վաճառողներ: Առաջարկում են հաշիշ ու երաշխավորում աննկարագրելի րոպեներ և իհարկե արժեքը՝ 1 դոլար:



Կարդացեք նաև.



Հանգստի վերջին օրն անհանգիստ է, եթե չունես այդքան երազած 1 դոլարը: Սովորաբար Հուրգադայից հետադարձ թռիչքները կեսգիշերն անց են՝ 02:00-ին: Հյուրանոցում հանգիստն ավարտվում է ուղիղ կեսօրին՝ 12:00-ին: Այդ պահին գալիս են քո հետևից, վերցնում ճամպրուկը, իջեցնում ընդունման սրահ: Ներքևում էլ կտրում են ձեռքի տարբերանշանը, որով օգտվում էիր բոլոր ծառայություններից: Մինչև թռիչքը սնվելու, հանգստի, լոգանքի համար պիտի վճարես, այստեղ 1-ը դառնում է 10 դոլար: Կա երկու տարբերակ՝ կամ վճարում ես ու գոյատևում մինչև կեսգիշեր: Կամ եթե դրամապահանակդ արդեն դատարկ է՝ դառնում ես «ջեբկիրի»՝ գրպանահատի  նման մեկը: Հանգստի վերջին երկու երեք օրերին ամբարում ես վերջին օրապահիկը՝ ամեն ճաշից վերջում մի քանի հացի կտոր, քաղցրավենիք գցելով պայուսակիդ մեջ: Այլընտրանք չկա, օգնություն նույնպես:
Եգիպտոսում գրված օրենքներ շատ կան, չգրված ավելի: Պահպանեք բոլորը, պարզապես եղեք տեղեկացված, ստացեք բոլոր հարցերի պատասխանները, հետո միայն օգտվեք ծառայություններից՝ այցեր, տաքսիներ, նույնիսկ մերսում, այլապես վերջում ստիպված կլինեք բազմապատիկ վճարել: Ոստիկաններ, այն էլ զինված Եգիպտոսում շատ կան, սակայն խաբեությունների դեպքում նրանք դժվար թե օգնեն, նրանք ավելի զգոն են քրեական հանցագործությունների հարցում: Այնուամենայնիվ գոնե մեկ անգամ այցելեք Եգիպտոս, չէ որ այնտեղ են աշխարհի 7 հրաշալիքներից երկուսը, ամենաերկար գետը, ամենաաղի ծովերից մեկը, ամենամեծ անապատը:
Սա եգիպտական հանգստի դոլարային նկարագիրն է, որից կարելի է խուսափել կամ ոչ, համեստությանը և միամտությանը զոհ գնալ մասնակի կամ երբևէ: Ինքս Հուրգադայում անցկացրած երկու շաբաթներից դժգոհ չեմ, Կարմիր ծովը մեղմացնում է այն դոլարային կարկուտը, որն ուղեկցում է բոլոր օրերին: Եգիպտոսի սնունդը գոհացնող է, տեսարժան վայրերը՝ պատմական ու ամեն դեպքում չմոռացվող, ի վերջո հայրենիքը կարոտելու ու վերարժեվորելու նոր սկիզբ: Սրանք պարզ, բայց օգտակար ու անհրաժեշտ խորհուրդներ են մեկնողների համար: Այնպես որ, Եգիպտոս այցելելուն ընդառաջ վերցրեք ոչ միայն 10, 20, 50 կամ 100 դոլարանոցներ, այլև մի մոռացեք ամենակարող մեկանոցների մասին: Գոնե մեկ, երկու տասնյակ մեկ դոլարանոց ունեցեք գրպանում, պետք կգան, դրանք ավելին են, քան վճարած հազարավոր դոլարները, որոնց միջոցով հայտնվել եք Եգիպտոսի նույնիսկ ամենաշքեղ ու բարձր դասի հյուրանոցներում: Բարի հանգիստ:



Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։





 

Տարածել