Ջոն Բոլթոն. Ո՞վ է ԱՄՆ ամենաազդեցիկ «բազեն»

Ջոն Բոլթոն. Ո՞վ է ԱՄՆ ամենաազդեցիկ «բազեն»

newmag-ը ներկայացնում է ԱՄՆ ամենասկանդալային ու ամենաազդեցիկ պաշտոնյաներից մեկի կենսագրությունը:

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել` նշելով, որ առաջիկայում Հայաստան, Վրաստան, Ադրբեջան կայցելի ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլտոնը: Եթե Բոլտոնն իսկապես գա Հայաստան, դա կարող է վճռորոշ որոշումների խթան դառնալ: 

Ջոն Բոլտոնն այսօր Վաշինգտոնում արտաքին քաղաքական հարցերով ամենաազդեցիկ պաշտոնյան է: Հենց նրա խորհուրդներով է Թրամփը դուրս եկել Իրանի միջուկային գործարքից, նոր իրավիճակ ստեղծել Հյուսիսային Կորեայի հետ հարաբերություններում, նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ, հիմնահատակ ոչնչացրել Իսլամական պետության հենակետերը Ռաքքայում /խաղաղ բնակչության հետ/, առաջացրել աննախադեպ լարվածություն ԱՄՆ-Եվրոպա, ԱՄՆ-Չինաստան հարաբերություններում, Երուսաղեմը ճանաչել Իսրայելի մայրաքաղաք: Մի խոսքով, Ջոն Բոլտոնը Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքական բոլոր նախաձեռնությունների հեղինակն ու գաղափարախոսն է:

Ծնվել է 1948 թվականին: Նրա երիտասարդության ամենաուշագրավ դրվագը եղել է այն, որ, լինելով Յելի համալսարանի ուսանող, նա, ի տարբերություն իր համակուրսեցիների, չի մասնակցել Վիետնամում պատերազմի դեմ ուսանողական մասսայական ցույցերին: Դեռ ուսանողական տարիքից պարզ էր` Բոլտոնը կոշտ քաղաքականության ջատագով է: Նա Սպիտակ տան հետ առնչվել է դեռ Նիքսոնի նախագահության տարիներին, աշխատել Ռեյգանի ժամանակ: Ջորջ Բուշ կրտսերի սկանդալային ընտրության գործում Բոլտոնը մեծ դեր է ունեցել` լինելով ճակատագրական նահանգում` Ֆլորիդայում ձայների վերահաշվարկին մասնակցածներից մեկը:


Կարդացեք նաև.


Կոշտ հանրապետական Բոլտոնը մեղմ ասած չի հավատում ՄԱԿ-ի արդյունավետությանը, Իրանի միջուկային գործարքի օրերին նա հայտարարում էր, թե պետք է ռմբակոծել այդ երկիրը, մի առիթով ասել էր, որ միջազգային իրավունք գոյություն չունի և դա գործիք է, որով մյուս երկրները զսպում են ԱՄՆ-ին: Ավելին, ըստ Բոլտոնի, ՄԱԿ-ի փոխարեն աշխարհը պետք է հետևի ԱՄՆ-ին: 2005-ին Ջորջ Բուշ Կրտսերը նրան նշանակել էր ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան, բայց այս որոշմանը դեմ էին ոչ միայն դեմոկրատները, այլև հանրապետականները: Մեկ տարի անց Բոլտոնին հետ կանչեցին ՄԱԿ-ից:

Այս տարվա մարտին Դոնալդ Թրամփը Բոլտոնին նշանակեց ազգային անվտանգության հարցերով խորհրդական:

Վերջին մեկ տարվա ընթացքում Վաշինգտոնը Երուսաղեմը ճանաչեց Իսրայելի մայրաքաղաք` հարուցելով բռնության նոր շրջափուլ Մերձավոր Արևելքում: Դրան հաջորդեց Իրանի միջուկային գործարքի չեղարկումը, չտեսնված լարվածությունը ԱՄՆ-ԵՄ հարաբերություններում և աշխարհի բոլոր երկրների հասցեին հնչած սպառնալիքը` խզել Իրանի հետ կապերը, այլապես վատ կլինի:

Եվ ահա, Բոլտոնը գալիս է Հայաստան:


Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում


 

Գրել կարծիք