Ինչպե՞ս հրաժարվել ինտերնետից և ժամանակ գտնել կարևորի համար

Ինչպե՞ս հրաժարվել ինտերնետից և ժամանակ գտնել կարևորի համար

Թվում է, որ անընդհատ զբաղված եք, բայց ոչինչ չե՞ք հասցնում: Ջեյք Կնապը և Ջոն Զարացկին պատմում են, թե ինչպես դադարեցնել անվերջ մարաթոնը:

Առանց գադջեթների

Շաբաթը երկու անգամ՝ մինչև տուն գնալը,  Քրիս Պալմերին գրասենյակում է թողնում համակարգիչը և բջջայինը: Նա Տոկիոյում խորհրդատվական գործակալության ղեկավարն է: Աշխատանքը միշտ ծանրաբեռնված է պատվերներով: Այդ երկու երեկոները իրեն զրկում է էլ. փոստը ստուգելու հնարավորությունից: Նա նույնիսկ չի կարող կարճ հաղորդագրություններ ուղարկել: Քրիսը աշխարհից կտրված է, քանի դեռ աշխատավայրում չէ: Անհարմարությո՞ւն է: Անկասկած: Սակայն Քրիսը փաստում է, որ ժամանակավոր իզոլյացիան օգնում է բարելավել ուշադրությունը և քունը: Իր «անգադջեթ ժամանակում» նա շուտ է քնում ( 23:30-ին, ոչ թե 1:00-ին): Նա նույնիսկ կարող է առավոտյան հիշել երազները. կարծում ենք, որ սա լավ նշան է:

Էլեկտրոնային սարքերից ժամանակավոր ազատվելը օգտակար մարտավարություն է, եթե ցանկանում եք օֆլայն աշխարհում արագացնել ժամանակը. երեխաների համար գիրք կարդալ կամ սիրած հոբբիով զբաղվել: Բայց, եթե ձեզ վախեցնում է հեռախոսը աշխատավայրում թողնելու միտքը (կամ եթե պարտավոր եք միշտ կապի մեջ լինել), այլ մեթոդ կիրառեք: Տանը հեռախոսը ձեզ մոտ մի պահեք. դրեք սեղանին, կամ ավելի լավ կլինի թաքցրեք պայուսակում, իսկ պայուսակը՝ պահարանում…

Բաց թողեք առավոտյան ստուգումը

Առավոտյան արթնանալուց հետո (կարևոր չէ, թե քանի ժամ եք քնել՝ 5, թե10) օգտակար և հաճելի գործով զբաղվեք: Սա թանկ պահ է: Օրը նոր է սկսում, ձեր ուղեղը հանգստացել է և դեռ մտածելու ոչ մի պատճառ չունեք, որ շեղվում եք: Ոչ մի լուրեր, որոնք ստիպում են անհանգստանալ, ոչ մի աշխատանքային նամակագրություն, որոնք ստիպում են մտքերի մեջ ընկնել: Վայելեք այդ պահը: Մի ձգվեք էլ. փոստին, Թվիթերին, Ֆեյսբուքին, լուրերի գադջեթներին: Առավոտները սուր զգացողություն է առաջանում իմանալ ամենաթարմ ինֆորմացիան. Վերջիվերջո, գիշերն աշխարհում միշտ ինչ-որ բան փոխվում է:  Բայց հենց միացնեք հեռախոսի էկրանը, կսկսվի ձեր ուշադրության համար պայքարը: Մի շտապեք: Քնից հետո հանգիստ վիճակը երկար կպահպանվի, եթե առավոտյան աշխատանքային ստուգումները հետաձգեք:

 


Կարդացեք նաև.


Անտեսեք լուրերը

«Շտապ լուրեր» բառակապակցության մեջ հզոր միֆ կա. ձեզ հազիվ թե կարիք լինի իմանալ, թե ինչ է կատարվում աշխարհում, առավել ևս անհապաղ:

Ձեզ համար ունենք մեր շտապ լուրերը. ոչ մի կարիք չկա հետևել ամենօրյա լրահոսին: Իրականում շտապ, անհապաղ, արտակարգ լուրերը կգտնեն ձեզ: Իսկ մնացածը՝ ոչ այդքան շտապ կամ սովորական լուրերը նշանակություն չունեն: Մեր տրամաբանությունն ավելի հասկանալու համար կարդացեք այսօրվա լրահոսը: Ուշադրություն դարձրեք բոլոր գլխագրերին և քննադատաբար գնահատեք յուրաքանչյուր: Կարո՞ղ է այդ վերնագիրը փոխել որևէ որոշումը, որ պատրաստվում եք այսօր կայացնել: Այդ գլխագրերից քանի՞սն են հաջորդ առավոտյան, եկող շաբաթ, եկող ամիս հնանում: Իսկ այդ գլխագրերից քանի՞սն են հատուկ կառուցված այնպես, որպեսզի ընթերցողի մոտ անհանգստություն առաջացնեն: «Որքան արյունոտ է լուրը, այնքան շատ են դիտումները»: Մեզ ներկայացվող լուրերի մեծ մասը վատն են և մեզնից ոչ ոք ի վիճակի չէ պարզապես խուսափել ռազմական համակամարտությունների, կոռուպցիայի, հանցագործության և մարդկային տանջանքներից մասին անվերջ լրահոսից: Այս բոլոր պատմությունները ազդում են մեր տրամադրության և  կենտրոնանալու կարողության վրա: Նույնիսկ օրվա մեջ մեկ անգամ լրահոս կարդալը մեզ մոտ առաջացնում է տագնապ և վրդովմունք: Չենք հորդորում ամբողջությամբ կտրվել լրահոսից: Առաջարկում ենք լուրեր կարդալ շաբաթը մեկ անգամ: Եթե սկսեք ավելի քիչ կարդալ, ձեզ բաց ծովում կզգաք, հեռու մարդկային քաղաքակրթությունից: Եթե լուրերով շատ քիչ հետաքրքրվեք, մառախուղում կհայտնվեք և կկարողանանք կենտրոնանալ միայն ձեր աչքի առաջ կատարվողի վրա:

Հրաժարվեք համացանցից

Քրիս անունով ընթերցողը մեզ էքստրեմալ մարտավարության մասին հաղորդագրություն է ուղարկել: Պատկերացրեք, որ  նրա տանը ընդհանրապես կապ չկա: Հենց այդպես. ոչ մի ինտերնետ: Այն պահից, երբ նա կիսվեց այդ օրինակով, մեկ տարի է անցել, և այդ ընթացքում նա օգտագործել է իր ժամանակը. գեղարվեստական արձակ է գրել և մանկական խաղալիքների մի ամբողջ հավաքածու է հորինել: Քրիսը վարում է կենտրոնացած և արդյունավետ կյանք: Ինտերնետ-ընկերությունների ծառայություններից հրաժարվելն այդքան էլ էքստրեմալ միջոց չէ, ինչպես թվում է. ամեն դեպքում կարող եք բջջայինով միացնել համակարգչի ինտերնետը, որը համեմատաբար դանդաղ է: Քրիսը բացատրում է. «Ինտերնետին միանալու համար պետք է կարգավորեմ երկու սարքերը: Այս ոչ մեծ խոչընդոտը հերիք է, որպեսզի ես ինտերնետը անջատած պահեմ ժամանակի 99 տոկոսը»: Դուք հետաքրքրված եք, բայց չեք ցանկանում խզել ինտերնետ-ընկերության հետ կնքած պայմանագիրը: Այս մարտավարությունն օգտագործելու համար խնդրեք ընկերոջը, որպեսզի փոխի Wi-Fi-ի գաղտնաբառը և այն չասի ձեզ:

forbes


Հետևեք newmag-ին Telegram–ում և Instagram–ում


 

Գրել կարծիք